ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
15-ը հոկտեմբերի 2021 թվականի N 3
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ՆՈՒՅՆ ՆՈՐՄԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներածական մաս
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում ստացվել է փաստաբան Արայիկ Պապիկյանի (փաստաբանական գործունեության թիվ 970 արտոնագիր) 29.09.2021թ. դիմումը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նույն նորմի 4-րդ մասի համակցությամբ կիրառելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու մասին: Դիմումատուն խնդրում է տրամադրել պաշտոնական պարզաբանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նույն նորմի 4-րդ մասի համակցությամբ կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի հիման վրա ծառայող զինծառայողի (պայմանագրային զինծառայողի) կողմից օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն զեկուցագիր ներկայացնելուն նախորդող
1. ժամանակաշրջանի ծառայությունը համարվում է արդյո՞ք օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայություն:
2. ժամանակաշրջանում արդյո՞ք անձը համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող զինծառայող:
3. ժամանակաշրջանում արդյո՞ք անձը ունի զինծառայողի կարգավիճակ:
Համաձայն դիմումատուի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նույն նորմի 4-րդ մասի համակցությամբ կիրառելու պարզաբանման վերաբերյալ դիմողի մեկնաբանությունը հետևյալն է՝ (Հետուսումնական) պայմանագրային զինծառայողի զեկուցագիր ներկայացնելուն նախորդող ժամանակաշրջանի ծառայությունը համարվում է օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայություն, որի ժամկետում ներառվում է զինծառայողի՝ օրենքով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը (պայմանագիր ստորագրելուց մինչև զեկուցագիր ներկայացնելու օրվան նախորդող ժամանակաշրջան) և այդ նույն ժամանակաշրջանում՝
- անձը համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող զինծառայող,
- զեկուցագիր ներկայացնողի զինվորական կարգավիճակը համարվում է զինծառայողի կարգավիճակ, քանի որ այդպիսին են համարվում սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք, որոնց զինվորական ծառայությունը ներառում է պայմանագրի կնքման միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը:
Նկարագրական մաս
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Զինվորական ծառայությունը ներառում է` զորակոչի` պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը:»: Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «1. Զինվորական ծառայության տեսակներն են`
1) ժամկետային.
2) պահեստազորային.
3) զորահավաքային:
2. Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություններից:
3. Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը:»:
Նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն. «Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝ շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի.»: Նույն հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասության համաձայն. «Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրի հիման վրա կազմակերպվող ծառայությունը:»:
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության համաձայն. «Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի` սույն օրենքով սահմանված զինվորական ծառայության մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը:»: Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն. «Զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում զինծառայողի` ռազմաուսումնական հաստատություններից կարգապահական տույժի կարգով կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված կուրսանտների ուսման կամ սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը` սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում.»:
Օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն. «Զինծառայողը զինվորական կոչումից կարող է զրկվել դատական կարգով, ինչպես նաեւ սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում` մինչեւ շարքային` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք.»:
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերի համաձայն. «Առաջին պայմանագիրը կնքվում է`
2) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողի հետ` սպայական դասընթաց ավարտելուց հետո` փոխադրելով սպայական կազմ.
4) շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայություն անցնող եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած զինծառայողի հետ.
6) պետական լիազոր մարմնի պատվերով, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ուսումնառություն անցած քաղաքացիների հետ` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո` փոխադրելով սպայական կամ ենթասպայական կազմ: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաեւ հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասի համաձայն ծագող հետեւանքների նախատեսումը:»:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն. «Առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է`
2) հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի կամ ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական կամ ավագ ենթասպայական կամ կրտսեր ենթասպայական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվողի համար` երեք տարի.
4) ակադեմիական ուսումնառությունը կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն կամ հետբուհական, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` ուսումնական հաստատություններ ավարտած անձանց համար` 2-5 տարի.»:
Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ «Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է` մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելիս, եթե չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ.»: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած պայմանագրային զինծառայողը սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, իսկ պետական լիազոր մարմնի պատվերով, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունում, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատության ռազմաբժշկական ֆակուլտետում ուսումնառություն անցած կամ անցնող զինծառայողների համար ծագում է նաեւ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարելու պարտավորություն:»:
Պատճառաբանական մաս
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:»:
Համադրելով օրենքի 3-րդ, 5-րդ, 7-րդ, 15-րդ, 30-րդ, 32-րդ և 54-րդ հոդվածների՝ սույն պարզաբանման նկարագրական մասում ներկայացված կարգավորիչ դրույթները, ակնհայտ է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողի հետ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելուց հետո այդ զինծառայողի կողմից պայմանագրային (ներառյալ՝ հետուսումնական) զինվորական ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացվելու դեպքում ծագում են հետևյալ իրավական հետևանքները.
1) զինծառայողի պայմանագրային (ներառյալ՝ հետուսումնական) զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում զինծառայողի՝ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում,
2) զինծառայողը չի արձակվում պայմանագրային զինվորական ծառայությունից և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով զրկվում է սպայական կոչումից (եթե շնորհված է եղել սպայական կոչում) և ուղարկվում է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության՝ օրենքով սահմանված չծառայած ժամկետով,
3) եթե զինծառայողը մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ուսումնառություն է անցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունում, ապա նրա համար ծագում է նաև համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարելու պարտավորությունը:
Հաշվի առնելով, որ դիմումատուն իր կողմից օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանության մեջ հատուկ ուշադրություն է հրավիրել այդ մասում օգտագործված «շարունակելու» պայմանի առկայությանը և այդ բառը համարել է մեկնաբանության բանալի, դիմումի շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ նաև այդ բառի իմաստին: Տվյալ պարագայում, օրենքի համապատասխան պահանջների համաձայն և դրանց իրավակիրառ պրակտիկայում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողի հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքվում է բացառապես «Երիտասարդ մարտիկի ուսումնական ծրագիր» անցնելուց և զինվորական երդում տալուց հետո, որի ժամկետը նվազագույնը կազմում է մեկ ամիս (իսկ օրինակ՝ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան կարգավորիչ հրամանով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու նվազագույն ժամկետը նախատեսված է հինգ ամիս): Այս առումով, «շարունակելու» տերմինը նախատեսված է այն նպատակով, որ վերը նշված ժամկետը համարվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետ և այն ենթակա է հաշվարկման զինծառայողի՝ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, որի արդյունքում զինծառայողն ուղարկվում է շարունակելու մնացած՝ 23 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայությունը:
Եզրափակիչ մաս
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով զինվորական ծառայության ներգրաված և պարտադիր զինվորական ծառայության ընթացքում պայմանագրային (ներառյալ՝ հետուսումնական) զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած պայմանագրային զինծառայողի՝ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն զեկուցագիր ներկայացնելուն նախորդող՝
1. պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում զինծառայողի՝ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում: Ընդ որում, պարտադիր զինվորական ծառայությունը շարունակելու ուղարկված զինծառայողն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելուց հետո ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառվում է ունեցած զինվորական ծառայության ամբողջ ստաժով՝ սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրվանից մինչև պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը (ներառյալ՝ այդ ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցած լինելու ժամկետը) ընկած ժամանակահատվածով,
2. զինվորական ծառայության ժամանակահատվածում՝ սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչի օրվանից, անձը համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող զինծառայող,
3. զինվորական ծառայության ժամանակահատվածում՝ սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչի օրվանից, անձն ունի զինծառայողի կարգավիճակ:
ՀՀ պաշտպանության նախարար |
Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2021 թվական: