«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2003 թվականի N 120-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ՝
ա) «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու նպատակով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անվամբ, ըստ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրերի, բացվում են գանձապետական հաշիվներ.
գ) սույն որոշման «բ» ենթակետով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրերի համար բացված գանձապետական հաշիվներից ելքագրման միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բանկային հաշիվներին՝ վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա՝ առանց լրացուցիչ փաստաթղթերի.
դ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան պատասխանատու է սույն որոշման համաձայն իրեն փոխանցված միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն հաշվետվությունների ներկայացման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|