ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հունիսի 2017 թ. |
N 01 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում:»:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Օտարերկրյա պետություններում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները՝ սույն օրենքով սահմանված կարգով:»:
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն. «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով իրականացնում են ծննդի, ամուսնության, ամուսնալուծության, հայրության որոշման, անվան փոխման և մահվան պետական գրանցումը:»:
Oրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից:»:
Հյուպատոսական հիմնարկները Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարում են նույնաբնույթ գործառույթներ միևնույն անձանց շրջանակի համար, ինչպիսի գործառույթներ կատարում են Հայաստանի Հանրապետության տարածքում ՔԿԱԳ մարմինները: Հյուպատոսական հիմնարկները կոչված են սպասարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ իրացնելու իրենց իրավունքները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում և դրա տարածքից դուրս կարող են ամուսնանալ ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ: Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում առկա չէ որևէ սահմանափակում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունների գրանցման համար: Վերոնշյալ կարգավորման նպատակն այն է, որ հյուպատոսական մարմիններում գրանցվում են միայն այն ամուսնությունները, որի կողմերից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուս կողմը կարող է լինել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ:
Ելնելով վերոնշյալ նորմերի իրավական վերլուծությունից՝ կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը» ձևակերպումը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնության պետական գրանցմանը, այլ ենթադրում է նաև օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունը, որը գրանցվում է միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվության հիման վրա:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթն առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում, նախատեսում է մի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու, մյուս կողմից՝ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, կամ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի հետ ամուսնության պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվության հիման վրա:
Դ. Հարությունյան |