«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1590-Ն
«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Վարդան Մամիկոնյան» շքանշանի նկարագրությունը և նմուշը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը (այսուհետ՝ շքանշան) հավասարաթև խաչ է՝ քառակուսու յուրաքանչյուր կողմում 5 մմ երկարությամբ և 5 մմ խորությամբ կիսակլոր բացվածքով:
Շքանշանի մեծությունը երկու անկյունագծով՝ 5,5 սմ է, կշիռը՝ 50 գրամ: Շքանշանը պատրաստված է բարձրորակ արծաթից, Վարդան Մամիկոնյանի դիմապատկերը՝ ոսկուց: Շքանշանի վրա ագուցված է տարբեր չափերի 9 կապույտ սապֆիր (շափյուղա):
Խաչի կենտրոնում, շրջագծով, որի տրամագիծը 1,6 սմ է, մեդալիոնի արծաթե ֆոնին տեղադրված է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը՝ դեմքի աջ ուղղվածությամբ: Մեդալիոնը շրջանակող 0,5 սմ լայնությամբ ոսկե ֆոնի վրա սպիտակ ոսկով գրված են վերևում՝ «ՍՊԱՐԱՊԵՏ», ներքևում՝ «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» մակագրությունները:
Մեդալիոնը եզերող՝ 2,7 սմ տրամագծով շրջանակի չորս հատվածում պատկերված են դափնու ճյուղեր, իսկ դափնու ճյուղերի և եզրաշերտի միջև ընկած փոսորակ հատվածը պատված է բաց երկնագույն էմալե շերտով:
Խաչի ներքևի թևի ծայրից դեպի վերին հատված է բարձրանում և աջ թևից դեպի ձախ է գնում երկթեք շերտ, որոնց աջակողմյան, ձախակողմյան և ներքևի թևերի վերջնամասերում տեղադրված են ընդհանուր պատկերին թրի կոթի տեսք հաղորդող երեքական շրջանակներ: 5 մմ տրամագիծ ունեցող երեք կողմի մեծ շրջանակների մեջ ագուցված է երկու, իսկ 4 մմ տրամագիծ ունեցող երկու փոքր շրջանակների մեջ՝ մեկ կարատանոց կապույտ սապֆիր (շափյուղա):
Խաչի ամբողջ եզրագիծն ընդգծվում է ոսկու 1,5 միլիմետրանոց շերտով:
Շքանշանի հակառակ երեսը հարթ է: Կենտրոնում ամրացման կոճակն է, դրանից վերև՝ շքանշանի թվահամարը:
Շքանշանի շերտաձողիկն ունի 2,4x1,2 սմ չափեր: Շերտաձողիկի ֆոնը արծաթագույն է, կենտրոնում՝ 8 միլիմետրանոց ծիրանագույն շերտն է:
Շերտաձողիկը կրում են «Տիգրան Մեծ» շքանշանի շերտաձողիկից հետո:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |