ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 հունվարի 2017 թ. |
N 01 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ 16-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման հավելվածով հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկի 2-րդ կետի 16-րդ ենթակետով որպես մասնագիտացված բժշկական օգնության տեսակ նախատեսվում է «լաբորատոր-ախտորոշիչ» գործունեությունը:
Անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու «լաբորատոր-ախտորոշիչ» գործունեության բովանդակությունը:
Մասնավորապես, նման իրավիճակում ոչ հստակ է ընկալվում, թե արդյո՞ք «կենսաբանական նյութի նմուշի հավաքագրումը» Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման «լաբորատոր-ախտորոշիչ» տեսակի բաղադրատարր է և ենթակա է, արդյոք, լիցենզավորման ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված կարգով:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման հավելվածով հաստատված բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկի 2-րդ կետի 16-րդ ենթակետով որպես մասնագիտացված բժշկական օգնության տեսակ նախատեսվում է «լաբորատոր-ախտորոշիչ» գործունեությունը, որը բաղկացած է հետևյալ փուլերից.
Նախալաբորատոր փուլ, որն ուղղված է պացիենտին հետազոտմանը, կենսաբանական նյութերի հավաքագրմանը և լաբորատոր հետազոտմանը նախապատրաստելուն:
Լաբորատոր փուլ, երբ իրականացվում է լաբորատոր հետազոտությունը:
Հետլաբորատոր փուլ. այս փուլում տրամադրվում և պարզաբանվում են հետազոտության պատրաստի արդյունքները:
«Լաբորատոր-ախտորոշիչ» գործունեությունը վերոնշյալ երեք փուլերի ամբողջությունն է, որոնք իրականացվում են հերթականությամբ, առանց միմյանցից տարանջատվելու:
Փաստորեն, «կենսաբանական նյութի նմուշի հավաքագրումը», որպես նախալաբորատոր փուլի մաս, հանդիսանում է «լաբորատոր-ախտորոշիչ» գործունեության բաղադրատարրերից մեկը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:
Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման «լաբորատոր-ախտորոշիչ» տեսակը ենթադրում է և լաբորատոր, և ախտորոշիչ գործունեության միաժամանակյա իրականացում, հետևաբար, լիցենզավորումը ևս իրականացվում է լաբորատոր և ախտորոշիչ գործունեության համար` միաժամանակ: Միայն լաբորատոր գործունեությունը կամ միայն ախտորոշիչ գործունեությունը չեն կարող լիցենզավորվել առանձին-առանձին: Նշվածը վերաբերում է նաև «կենսաբանական նյութի նմուշի հավաքագրմանը», և անկախ այն հանգամանքից` իրականացվելու է կենսաբանական նյութի հետազոտում, թե ոչ, գործունեությունը ենթակա է լիցենզավորման «լաբորատոր-ախտորոշիչ» տեսակով:
Ելնելով ոլորտը կարգավորող օրենսդրության վերլուծությունից` պարզ է դառնում, որ «կենսաբանական նյութի նմուշի հավաքագրումը» Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման «լաբորատոր-ախտորոշիչ» տեսակի բաղադրատարր է և կարող է իրականացվել ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշման պահանջների պահպանմամբ տրամադրված «լաբորատոր-ախտորոշիչ» տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:
Լ. Ալթունյան |