ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
11 հունիսի 2013 թ. |
թիվ 2 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԼԻԶԻՆԳԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով վերջին ժամանակներում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) հասցեագրված բազմաթիվ հարցադրումները՝ կապված ֆինանսական վարձակալության (լիզինգի) գործարքի արժույթի և տվյալ գործարքի գնանշման հետ,
ելնելով այն հանգամանքից, որ ֆինանսական վարձակալությունը (լիզինգը), տարբերվելով գույքի օգտագործման այլ գործարքներից, իր բնույթով նման է վարկավորմանը և այս տեսանկյունից նույնաբովանդակ ֆինանսական գործիքների (վարկ և ֆինանսական վարձակալություն (լիզինգ)) համար տարբեր պայմանների նախատեսումը անհարկի անհավասարություն է ստեղծում երկու ֆինանսական գործիքների միջև, ինչի արդյունքում խոչընդոտում է ֆինանսական վարձակալության (լիզինգի)՝ որպես ֆինանսական գործիքի զարգացումը,
նկատի ունենալով նաև այն, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի և «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն՝ բանկերին ու վարկային կազմակերպություններին ֆինանսական վարձակալության (լիզինգի) իրականացումը վերապահված է որպես ֆինանսական գործառնություն,
վերլուծելով վարկի՝ որպես ֆինանսական գործիքի արժութային կարգավորումը, համաձայն որի («Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մաս), բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկերը կարող են տրամադրել նաև արտարժույթով,
հիմք ընդունելով այն, որ վարկերի տրամադրման նկատմամբ ներկայում կիրառվող արժութային սահմանափակում է հանդիսանում միայն սպառողական վարկերի տրամադրման նկատմամբ սահմանված ՀՀ արժույթով լինելու սահմանափակումը և հաշվի առնելով այն, որ Հայաստանում տրամադրված վարկերի դիմաց վճարվող տոկոսագումարները պետք է լինեն ՀՀ դրամով,
հաշվի առնելով այն, որ ֆինանսական վարձակալության (լիզինգի) օրենսդրական կարգավորումը չի տարանջատում ֆինանսական վարձակալության (լիզինգի) իրականացման դիմաց վճար և տոկոսագումար, այլ նախատեսում է ֆինանսական վարձակալության (լիզինգի) դիմաց վճարներ,
հաշվի առնելով նաև ՀՀ տարածքում ֆինանսական վարձակալություն (լիզինգ) իրականացնող կազմակերպությունների հետ տեղի ունեցած քննարկումները, լիզինգային գործարքների հետ կապված ներկայում ձևավորված պրակտիկան և ելնելով տվյալ խնդրի պարզաբանման անհրաժեշտությունից,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.
1. Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական վարձակալության (լիզինգի) գործարքները.
1) այն դեպքում, երբ դրանք կնքվում են վարձատուի և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ միջև՝ կարող են իրականացվել և գնանշվել արտարժույթով.
2) այն դեպքում, երբ դրանք կնքվում են վարձատուի և գյուղատնտեսական վարկային ակումբների, գյուղացիական տնտեսությունների կամ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց միջև՝ նրանց գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման նպատակով, կարող են իրականացվել և գնանշվել արտարժույթով.
3) այն դեպքում, երբ դրանք կնքվում են վարձատուի և ֆիզիկական անձանց միջև՝ իրականացվում և գնանշվում են միայն ՀՀ դրամով, բացառությամբ այն դեպքի, երբ դրանք կնքվում են վարձատուի և ֆիզիկական անձանց միջև` որպես ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի առարկա ունենալով անշարժ գույքը: Այս դեպքում անշարժ գույքի ֆինանսական վարձակալության (լիզինգի) գործարքները կարող են իրականացվել և գնանշվել արտարժույթով:
2. Բանկերի կամ վարկային կազմակերպությունների ֆինանսական վարձակալության (լիզինգի) գործարքով նախատեսված վարձակալի վճարները կարող են իրականացվել արտարժույթով սույն պարզաբանման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում: Սույն պարզաբանման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքում ֆինանսական վարձակալության (լիզինգի) գործարքով նախատեսված վարձակալի վճարները իրականացվում են միայն ՀՀ դրամով, բացառությամբ սույն պարզաբանման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անշարժ գույքի ֆինանսական վարձակալության (լիզինգի) գործարքներով նախատեսված վարձակալի վճարների, որոնք կարող են իրականացվել նաև արտարժույթով:
3. Այն դեպքում, երբ ֆինանսական վարձակալության (լիզինգի) գործարքի առարկա հանդիսացող գույքը ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա ձեռք է բերվում.
1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա այդ գործարքը կարող է իրականացվել արտարժույթով,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա այդ գործարքն իրականացվում է ՀՀ դրամով (բացառությամբ «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքով ՀՀ տարածքում արտարժույթով իրականացվող գործարքների համար սահմանված դեպքերի):
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
|