Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (13.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.02.01/3(447)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.01.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունվարի 2013 թ.

N 1 

  

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ

 

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում»:

Տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում ծխախոտի գովազդը արգելված է հանրային սննդի բոլոր օբյեկտների տարածքում, թե միայն մինչև 18 (տասնութ) տարեկան անձանց համար նախատեսված հանրային սննդի օբյեկտների տարածքներում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պայմանները միմյանցից անջատված են ստորակետերով, որպես առանձին պայման:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն. «Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է»:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում է հանրային սննդի օբյեկտի հասկացությունը: Համաձայն օրենքի 10-րդ հոդվածի, հանրային սննդի օբյեկտը ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայրն է, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ»: Այսինքն, հանրային սննդի օբյեկտ հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված է և տարբերակում ըստ օբյեկտի հաճախորդների տարիքի, սահմանված չէ:

Նկատի ունենալով, որ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների նպատակը անչափահասների պաշտպանությունն է, իսկ ՀՀ օրենսդրությամբ` ըստ տարիքի, հանրային սննդի օբյեկտներ մուտքի սահմանափակում սահմանված չէ և դրանք կարող են հաճախել ինչպես մինչև 18 տարեկան անձինք, այնպես էլ 18 տարեկանից բարձր, ուստի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայման արգելքը տարածվում է հանրային սննդի օբյեկտների տարածքների նկատմամբ առանց որևէ տարբերակման կամ սահմանափակման:

 

Նախարար՝

Դ. Դումանյան