ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 դեկտեմբերի 2012 թ. |
թիվ 12 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացվում են բազմաթիվ հարցումներ, որոնցով խնդրվում է պարզաբանել, թե արդյո՞ք ներդրումային ֆոնդի կառավարիչը կարող է իրականացնել իր կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի փայերի և բաժնետոմսերի պահառություն և ի՞նչ պայմանների բավարարման դեպքում:
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հասցեագրված հարցումներում բարձրացված խնդիրները,
նպատակ ունենալով ներդրումային ֆոնդերի ձևավորման սկզբնական փուլում հնարավորին չափով նվազեցնել ներդրումային ֆոնդերի գործունեության ծախսատարությունը՝ այն առավել գրավիչ դարձնելով ինչպես պոտենցիալ ներդրողների, այնպես էլ ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող անձանց համար, ինչպես նաև նվազեցնել ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված գործառնական ռիսկերը՝ մասնավորապես ֆոնդի փայերի ձեռքբերման և համապատասխան հանձնարարականների տրամադրման հետ կապված գործընթացներն առավել վերահսկելի դարձնելով ներդրումային ֆոնդի կառավարիչների համար,
ելնելով այն հանգամանքից, որ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար կատարվող ծախսերը վերջին հաշվով դրվում են ներդրումային ֆոնդի մասնակիցների վրա,
հաշվի առնելով նաև այն փաստը, որ Եվրամիության «Շրջանառելի արժեթղթերում կոլեկտիվ ներդրումներ իրականացնող անձանց վերաբերող օրենքները, կանոնակարգերը և վարչական ակտերը կոորդինացնելու վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 85/611/EEC հրահանգի (որի հիման վրա ընդունվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը) համաձայն՝ պետությունը կարող է թույլատրել ներդրումային ֆոնդի կառավարիչներին ներդրումային ֆոնդի կառավարման հետ միաժամանակ մատուցել նաև ներդրումային ֆոնդի փայերի պահառության ծառայություններ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.
1. Ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման լիցենզիա ունեցող անձինք կարող են միաժամանակ իրականացնել իրենց կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) կողմից թողարկված արժեթղթերի պահառություն, որի համար «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ կետով նախատեսված թույլտվությունը համարվում է բոլոր ներդրումային ֆոնդի կառավարիչներին տրված:
2. Սույն պարզաբանումը չի կարող մեկնաբանվել իբրև ներդրումային ֆոնդի կողմից թողարկված արժեթղթերի պահառության իրականացման համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների (թույլտվության ստացման հետ չկապված) պահպանումից ներդրումային ֆոնդի կառավարչի ազատում:
3. Սույն պարզաբանումն ուժի մեջ է մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից համապատասխան կանոնակարգի ընդունումը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հունվարի 14 Երևան |
|