«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2000 թվականի N 661
քաղ. Երևան
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ CK-5M «ՆԻՎԱ» ՄԱԿՆԻՇԻ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների բարելավման միջոցառումների մասին» N 255 որոշմամբ նախատեսված գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների կազմակերպման ծրագրի կատարումն ապահովելու նպատակով և, ելնելով Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործումը մասնագիտացված կազմակերպությունների միջոցով իրականացնելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համաձայնեցնելով Հայսպառմիության հետ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայսպառմիության միջև 1998 թվականի հուլիսի 17-ին և հուլիսի 31-ին կնքված CK-5M «Նիվա» մակնիշի 15 հացահատիկահավաք կոմբայնի ու դրանց պահեստամասերի առուծախի մասին պայմանագրերը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1997 թվականի ապրիլի 10-ին փոխանակված նոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված և Հայսպառմիությանը վաճառված CK-5M «Նիվա» մակնիշի 15 հացահատիկահավաք կոմբայնն իրենց պահեստամասերի հետ միասին հանձնել «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` համապատասխանաբար ավելացնելով վերջինիս կանոնադրական կապիտալի չափը` FOB գնի 60 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ապահովել`
ա) «Ագրոսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության նշված հացահատիկահավաք կոմբայնների` վարձակալության հիմունքներով շահագործումը` սահմանելով տարեկան նվազագույն վարձակալության վճարի չափը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` մեկ միավորի համար` 350,0 հազ. դրամ, իսկ վարձակալության ժամկետը` 10 տարի: Վարձակալության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սահմանել վարձավճար` նախորդ տարվա վարձավճարի չափն ինդեքսավորելով տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սղաճի մեծությամբ.
բ) նշված հացահատիկահավաք կոմբայնների վարձակալության մասին պայմանագրերի կնքումը` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1997 թվականի ապրիլի 10-ին փոխանակված նոտաների շրջանակներում ներկրված հացահատիկահավաք կոմբայնների տնօրինման մասին» N 475 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 23-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |