«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 oգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2000 թվականի N 513
քաղ. Երևան
ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1999 թվականի հոկտեմբերի 7-ին ստորագրված վարկային համաձայնագրի (պատվարների անվտանգության ծրագիր) պայմանները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ պատվարների անվտանգության ծրագիրը նախապատրաստվել և դրա սկզբնական փուլի աշխատանքները ներկայումս իրականացվում են «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պատվարների անվտանգության ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման պարտականությունները դնել «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի վրա:
2. Պատվարների անվտանգության ծրագրի կառավարման խորհրդի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված «Ոռոգման համակարգերի վերականգնում» և «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցություն» ծրագրերի կառավարման խորհրդի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |