ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
20 մարտի 2012 թվականի թիվ 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի |
ՀՀ ֆինանսների նախարարի |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախագահ ----------------------- Ա. Ջավադյան 20 մարտի 2012 թ. |
ՀՀ ֆինանսների նախարար ------------------------- Վ. Գաբրիելյան 5 ապրիլի 2012 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԻՑ (ԾԱՆՈՒՑՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2011 թվականի նոյեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 327-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի` ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» (այսուհետ՝ Կարգ) 2.5 կետը և 5-րդ գլուխը:
2. Համաձայն Կարգի 2.1 կետի` «Վարկեր և դեբիտորական պարտքեր (այսուհետ` ակտիվներ) են համարվում բանկի հաշվին (ռիսկով) տեղաբաշխված վարկերը (այդ թվում` օվերդրաֆտ, վարկային քարտեր, բանկերում (բացառությամբ` ՀՀ կենտրոնական բանկի) ներդրված ավանդներ (այդ թվում` նաև բանկային ոսկով)), ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (ֆինանսական լիզինգ), բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով պահանջները, բանկի ռիսկով ակտիվային այլ գործառնությունների (արժեթղթերում ներդրումներից` միայն մուրհակների) գծով ստացվելիք գումարները և (կամ) երրորդ անձանց նկատմամբ այլ պահանջները (ներառյալ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը, բանկերում թղթակցային (բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի) և սառեցված հաշիվները, բանկերի նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարները, ստացվելիք այլ գումարները, բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ գումարները, մատակարարներին տրված կանխավճարները, նախավճարները, այլ ընթացիկ ակտիվները), ինչպես նաև բանկի համար վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները»:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի հունիսի 30-ի թիվ 444-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 147-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)
5-րդ կետի համաձայն Որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
4. Որոշման հավելվածի`
1) 30-րդ կետով Կարգում լրացված 6.4.3 կետի համաձայն` ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվները (կամ դրանց մի մասը) դուրս են գրվում ծանուցման հաշիվներից փոխառուի (պարտապանի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում,
2) 31-րդ կետով Կարգում լրացված՝
ա) 6.5.1 կետի համաձայն, եթե բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվը (կամ դրա մի մասը) դուրս է գրվել ծանուցման հաշիվներից մինչև Կարգի 6.4.2 կետում նշված հայցային վաղեմության ժամկետի ավարտը կամ Կարգի 6.4.3 կետում նշված փոխառուի (պարտապանի) լուծարվելը` ակտիվի (կամ դրա մի մասի) անհատույց զիջման կամ ներման արդյունքում, որով փոխառուի (պարտապանի) նկատմամբ բանկի պահանջի իրավունքը դադարել է, ապա շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով,
բ) 6.5.2 կետի համաձայն, եթե բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվը (կամ դրա մի մասը) դուրս է գրվել ակտիվի (կամ դրա մի մասի) նկատմամբ բանկի իրավունքի պաշտպանության հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, ապա շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է այդ ակտիվի (կամ դրա մի մասի) գումարի չափով, բացառությամբ եթե ակտիվի (կամ դրա մի մասի) գումարը չի գերազանցում 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։
Վերը նշված դրույթների հետ կապված ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից հաճախակի են բարձրացվում հարցադրումներ, որոնք վերաբերում են հետևյալին`
1) Վարկերի և այլ պահանջների գծով հաշվեգրված տոկոսների, տույժերի և տուգանքների նկատմամբ արդյոք իրականացվում է հնարավոր կորուստների համար հատուկ և ընդհանուր պահուստների ձևավորում,
2) Կարգի 6.4.3 կետի դրույթները՝ կապված այն հանգամանքի հետ, թե արդյոք դրանք վերաբերում են նաև այն ակտիվներին, որոնց մասով փոխառուի (պարտապանի)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման գործընթացն սկսվել է մինչև 2011 թվականի հունվարի 1-ը, սակայն ավարտվել է 2011 թվականի հունվարի 1-ից հետո,
3) Կարգի 6.5.1 և 6.5.2 կետերի դրույթները` կապված այն հանգամանքի հետ, թե արդյոք նշված կետերով սահմանվող դեպքերում բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամտի ավելացման պահանջը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ծանուցման հաշիվներում հաշվառվող բոլոր ակտիվների վրա, թե այն ակտիվների վրա, որոնք բանկի ծանուցման հաշիվներ են դուրս գրվել 2011 թվականի հունվարի 1-ից հետո,
4) Կարգի 6.5.2 կետի դրույթները՝ կապված այն հանգամանքի հետ, թե արդյոք նշված կետով սահմանված 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի բացառությունը վերաբերում է բանկի արտահաշվեկշռում (ծանուցման հաշիվներում) հաշվառվող յուրաքանչյուր ակտիվին կամ դրա մի մասին,
5) Կարգի 6.5.1 և 6.5.2 դրույթները` կապված այն հանգամանքի հետ, թե արդյոք շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է արտահաշվեկշռում հաշվառվող ակտիվի այն գումարի չափով, որով ակտիվը դուրս է գրվել հաշվեկշռից, թե այն գումարի չափով, որը ձևավորվում է արտահաշվեկշռում ակտիվը հաշվառելիս:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում են.
1) Կարգի 2.1 կետում հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարների, ինչպես նաև ստացվելիք այլ գումարների ներքո ընդգրկվում են նաև վարկերի և այլ պահանջների գծով հաշվեգրված տոկոսները, տույժերը և տուգանքները: Հետևաբար հնարավոր կորուստների համար ընդհանուր և հատուկ պահուստների ձևավորում իրականացվում է նաև տոկոսների, տույժերի և տուգանքների գծով:
2) Որոշման հավելվածի 30-րդ կետով Կարգում լրացված 6.4.3-րդ կետի հիմքով 2011 թվականի հունվարի 1-ից հետո բանկի (վարկային կազմակերպության) արտահաշվեկշռից (ծանուցման հաշիվներից) դուրսգրման են ենթակա այն բոլոր ակտիվները, որոնց գծով փոխառուները (պարտապանները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարված են եղել 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև այն ակտիվները, որոնց գծով փոխառուները (պարտապանները) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվել են 2011 թվականի հունվարի 1-ից հետո` անկախ այն հանգամանքից, թե երբ է սկսվել լուծարման գործընթացը:
3) Որոշման հավելվածի 31-րդ կետով լրացվող դրույթների պահանջները տարածվում են միայն 2011 թվականի հունվարի 1-ից հետո հետհաշվեկշռային (ծանուցման) հաշիվներ դուրս գրված ակտիվների վրա:
4) Որոշման հավելվածի 31-րդ կետով Կարգում լրացված 6.5.2 կետով սահմանված` մինչև 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի բացառությունը վերաբերում է բանկի (վարկային կազմակերպության) յուրաքանչյուր ակտիվին կամ դրա մի մասին, որը 2011 թվականի հունվարի 1-ից հետո դուրս է գրվել բանկի (վարկային կազմակերպության) արտահաշվեկշռից (ծանուցման հաշիվներից):
5) Կարգի 6.5.1 և 6.5.2 կետերի համաձայն` շահութահարկի հաշվարկման նպատակով բանկի հաշվետու ժամանակաշրջանի հարկվող եկամուտն ավելանում է արտահաշվեկշռում հաշվառվող ակտիվի այն գումարի չափով, որով ակտիվը (ներառյալ` տոկոսները, տույժերը և տուգանքները) դուրս է գրվել հաշվեկշռից: