«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2001 թվականի N 568
քաղ. Երևան
«ԱՐԹԻԿՏՈՒՖ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 805 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշմամբ ստեղծված մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 387873 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկտուֆ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետև` գնորդ):
(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 349 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 805 որոշման 1.2-րդ կետի` գույքի կազմից առանձնացվել և Արթիկի քաղաքային համայնքին անհատույց հանձնվել են հանրակացարանի անավարտ շինարարության շենքը, մարզադաշտը և միջհանքային ճանապարհները):
1.2. Սահմանել «Արթիկտուֆ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 272464 հազ. դրամ, որը համապատասխանում է 272464 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Սահմանել «Արթիկտուֆ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի գինը` 10000 հազ. դրամ:
1.4. «Արթիկտուֆ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 118920 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 59379 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 3543 հազ. դրամ.
պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 37275 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 11374 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 2371 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների գծով` 2450 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 2528 հազ. դրամ:
1.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
Պայմանագրում նախատեսել, որ գնորդը`
բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մասնավորեցման պայմանագիրը կնքելու պահից 6 ամսվա ընթացքում.
պարտավոր է մասնավորեցումից հետո առաջիկա 2 տարվա ընթացքում կատարել 10 մլն դրամի չափով նոր տեխնոլոգիաների ներդրումներ և ապահովել 200 աշխատատեղ` առկա աշխատատեղերի հետ միասին.
մասնավորեցումից հետո առաջիկա 2 տարվա ընթացքում պետք է ապահովի պայմանագրի կնքման պահին առկա պարտավորությունների մարումը:
1.6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` «Արթիկտուֆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներն ուշացվելու համար սահմանված կարգով «Արթիկտուֆ» փակ բաժնետիրական ընկերությունն անվճարունակ ճանաչելու հայցով չդիմել դատարան` մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում:
1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 349 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 805 որոշման 1.1-ին և 1.3.-1.16-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |