ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1394-Ն ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը հաստատելու մասին» N 1394-Ն որոշման /այսուհետ` որոշում/ 4-րդ կետը` «Մինչև 2010 թվականը ներառյալ սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սահմանված կարգով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` սահմանված կարգով կարող է տրվել տարկետում` ուսումնառությունը շարունակելու հետբուհական մասնագիտական կրթական հաջորդ ծրագրերով նույն օտարերկրյա բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական ուսումնական հաստատություններում:»:
Վերոնշյալ դրույթում «նույն» բառը վերաբերում է ոչ թե միևնույն ուսումնական հաստատությանը, այլ նաև միևնույն պետության ցանկացած այլ ուսումնական հաստատությանը: Այսինքն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման 4-րդ կետի համաձայն` մինչև 2010 թվականը ներառյալ սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սահմանված կարգով տարկետում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով կարող է տրվել տարկետում, եթե նրանք հետբուհական մասնագիտական կրթական հաջորդ ծրագրերով ուսուցումը շարունակում են նույն օտարերկրյա պետության ցանկացած բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններում:
Նախարար` |
Ա. Աշոտյան |