«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
1 հունիսի 1999 թվականի N 370
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության պետական պատվերի ձևավորման և իրականացման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության միջին ԵՎ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության պետական պատվերի ձԵՎավորման ԵՎ իրականացման
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության պետական պատվերի ձևավորման և իրականացման կարգը:
2. Պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համակազմը ձևավորվում է ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մասերով: Անվճար ուսուցման մասով տվյալ մասնագիտության գծով ընդունելության տեղերի նվազագույն թիվը, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հնարավորությունից, կազմում է տվյալ մասնագիտության գծով ընդունելության տեղերի թվի առնվազն 10 տոկոսը:
3. 10 հազար բնակչի համար սահմանվում է 95-100 ուսանող, իսկ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտների ուսանողների և սովորողների հարաբերակցությունը` 1:2:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, մշակույթի, կրթության և գիտության ոլորտների կադրային կազմի վերարտադրության պահանջների, մասնագիտությունների պահանջարկին համապատասխան Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ձևավորում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության տեղերի թիվն ըստ մասնագիտությունների:
5. Պետական պատվերը տվյալ մասնագիտության գծով ընդունելության անվճար ուսուցմամբ ուսանողների (սովորողների) թիվն է կամ դրա մի մասը: Պետական պատվերում ընդգրկված ուսանողները (սովորողները) ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո պայմանագրային հիմունքներով ապահովվում են աշխատատեղով:
6. Պետական պատվերի ձևավորման հիմնական սկզբունքներն են`
մասնագիտությունների գծով հասարակական պահանջարկի բավարարումը.
մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում պետության կրթական քաղաքականության իրականացումը.
պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը.
կրթական ծրագրերին համապատասխան` մասնագիտությունների անվանացանկի ճշգրտումը.
տարիքային վերլուծության հիման վրա տվյալ ոլորտի կադրային կազմի վերարտադրության ապահովումը.
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղությունների կադրային ապահովումը.
պետության կողմից ոլորտի զարգացման խրախուսումը.
ոլորտի զարգացման պահանջներից ելնելով` առաջիկա 5-8 տարվա համար մասնագետների պատրաստման հեռանկարային ծրագրերի իրագործումը.
օտարերկրյա ուսումնական հաստատություններում մասնագետների պատրաստման և վերաորակավորման ապահովումը.
սփյուռքահայ համայնքները կրթության և գիտության ոլորտների մասնագետներով ապահովելը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է մասնագետների պահանջարկի վերլուծություն և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորում տվյալ ոլորտի մասնագիտությունների` անվճար և վճարովի ուսուցման մասերով ընդունելության տեղերի թիվը` ներառելով մասնագիտությունների անվանացանկը և դրանցից յուրաքանչյուրի համար` ընդունելության անվճար և վճարովի մասերի և պետական պատվերի չափաքանակները, որոնք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` ընդունելության տեղերի թիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որտեղ հաստատվելուց հետո մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը այն հրապարակում է մամուլում:
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պետական պատվերի տեղերի գծով ընդունելության կարգն ու պետական պատվերով ընդունված ուսանողների (սովորողների) հետ յուրաքանչյուր մասնագիտության գծով կնքվելիք պայմանագրի ձևը և պայմանները մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը հրապարակում է մամուլում:
10. Ընդունելության պետական պատվերն ապահովվում է անվճար ուսուցման մրցույթով անցած դիմորդների ցանկից, ըստ մրցութային միավորների նվազման (սկսած առավելագույն միավորից), պետական պատվերի չափաքանակին համապատասխան:
11. Պետական պատվերն ուսումնական հաստատություններում տեղադրվում է մրցութային կարգով: Մրցույթի անցկացման կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը: Պետական պատվերը կարող է տեղադրվել նաև հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում:
12. Պետական պատվերի ձևավորման հայտերը ներկայացնում են համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետև` պատվիրատու):
Պատվիրատուն պետական պատվերում ընդգրկված ուսանողի (սովորողի) հետ առաջին կուրսից սկսած` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով կնքում է եռակողմ պայմանագիր (պատվիրատու-ուսանող (սովորող)-ուսումնական հաստատություն) ուսումնառության ավարտից հետո ստացած մասնագիտությամբ համապատասխան աշխատավայրում առնվազն 3 տարի ժամկետով աշխատելու մասին:
Պայմանագրում կարող են նշվել լրացուցիչ պայմաններ ուսումնական հաստատության կողմից ուսուցման որակի ապահովման, շրջանավարտի գիտելիքների անհրաժեշտ ծավալի և գործնական հմտությունների առկայության, ինչպես նաև նրան տրվող սոցիալական երաշխիքների վերաբերյալ:
13. ԱՊՀ անդամ պետություններում սովորող ուսանողների (սովորողների) տեղափոխման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայն կնքված միջազգային պայմանագրերի:
14. Ուսումնառության ընթացքում պետական պատվերում ընդգրկված ուսանողների (սովորողների) համակազմում առաջացած թափուր տեղերը (ակադեմիական արձակուրդ, տեղափոխում և այլն) կարող են համալրվել ընդունելության անվճար ուսուցման մասի համակազմից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգով:
15. Պայմանագիր կնքած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շրջանավարտի ծառայության ժամկետը նրա ցանկությամբ կարող է ընդգրկվել պայմանագրում նշված ժամկետի մեջ:
16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ պայմանագիրը կնքվում է նրանց 18 տարին լրանալուց հետո` 20 տարի ընդհանուր տևողությամբ ուսումնական և հետուսումնական պարտադիր ծառայության ժամկետով:
17. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ կնքվող պայմանագրում որպես աշխատավայր նշվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: