«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 1999 թվականի N 500
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով հաշմանդամ երեխաների առողջարանային վերականգնողական բուժման կարևորությունը և ելնելով խնամողի մասնակցության անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների մասին» N 199 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` 1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների իրականացման և փոխհատուցման կարգի VII բաժինը` «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների կազմակերպման և ֆինանսավորման պայմանները», լրացնել նոր` 21-րդ կետով
«21. 1999 թվականի ընթացքում մանկական առողջարաններում բուժվող մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ երեխայի խնամողի համար նախատեսել միջոցներ` յուրաքանչյուր օրվա համար Հայաստանի Հանրապետությունում` բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերով նախատեսված` բնակարանային վարձակալման և օրապահիկի համար գործող նորմաներին համապատասխան»:
2. Հաշմանդամ երեխայի խնամողի` մանկական առողջարաններում մնալու ընթացիկ ծախսերի լրացուցիչ փոխհատուցումը կատարել «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 05 խմբի («Առողջապահություն») 02 ենթախմբով («10. Բժշկական օգնություն բնակչության սոցիալապես անապահով խմբերին») Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` հաշմանդամ երեխայի խնամողի` մանկական առողջարաններում մնալու ընթացիկ ծախսերի փոխհատուցումը կատարել ըստ խնամողի` առողջարանում անցկացրած փաստացի մահճակալ/օրերի թվի:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |