Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար |
եկամուտների կոմիտեի նախագահ |
___________________ Վ. Գաբրիելյան |
___________________ Գ. Խաչատրյան |
18 հոկտեմբերի 2011 թ. |
N 41 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն` «Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար:
Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին»:
Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին հաջորդող պարբերության համաձայն` «օրենքի 3 հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող են հաշվանցել ԱԱՀ վճարող դառնալու պահին առկա վաճառքի նպատակով ապրանքային մնացորդի ձեռք բերված ապրանքների մասով մատակարարների կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված և նախկինում չհաշվանցված ԱԱՀ-ի գումարները»:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գումարներով օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով հաշվանցումներ կատարում են.
1) այն անձինք, որոնք ներմուծման օրվա դրությամբ համարվել են ԱԱՀ վճարող,
2) այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից իրականացրած գործարքները օրենքի համաձայն դիտվում են որպես ապրանքի մատակարարում:
Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին հաջորդող պարբերության համապատասխան հաշվանցումներ կատարում են այն անձինք, որոնք ապրանքների ներմուծման կամ ձեռքբերման պահին գրանցված են եղել որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող: