«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1999 թվականի N 130
քաղ. Երևան
ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցմանն առնչվող խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման հայեցակարգին (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման մասին
Սույն հայեցակարգը գործելու է մինչև Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության կատարելագործումը պետության կողմից սահմանված կարգով բնակարանով ապահովման պարտավորությունների ձևակերպման համապատասխան սերտիֆիկատների ներդրումը, հանրապետությունում ապահովագրական համակարգի վերջնական ձևավորումը և գործունեության լիարժեք ծավալումը:
Սույն հայեցակարգը սահմանում է 4-րդ և բարձր աստիճանի վնասվածության վթարային բնակելի շենքերի ու 3-րդ աստիճանի վնասվածության վթարային սեփականաշնորհված, համատիրությունների սեփականություն դարձած բնակելի շենքերի համար, որոնք հետագայում դարձել են 4-րդ աստիճանի վնասվածության վթարային բնակելի շենքեր, ինչպես նաև բնական և տարերային աղետների հետևանքով 4-րդ աստիճանի վնասվածության դարձած համատիրությունների շենքերի և մասնավոր բնակարանային ֆոնդի շենքերից բնակիչների վերաբնակեցման, բնակարաններով ապահովման խնդիրները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Տարերային աղետների դեպքում պետական միջամտության քաղաքականության հայեցակարգի մասին» N 726 որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգի:
Համատիրությունների սեփականություն հանդիսացող այն բնակելի շենքերի նկատմամբ, որոնք համատիրության ձևավորման պահին անձնագրավորման արդյունքում ճանաչվել են 3-րդ աստիճանի վնասվածության և մինչև քանդման ենթակա դառնալը չեն ամրացվել պետության կողմից, ձևավորվում են պետական պարտավորություններ այն չափով, ինչ չափով` պետական, հանրային և համայնքային բնակելի ֆոնդի քանդման ենթակա և սեփականաշնորհման ոչ ենթակա բնակելի շենքերի բնակիչների նկատմամբ: Սա վերաբերում է նաև այն համատիրությունների բնակելի շենքերին, որոնք ձևավորման պահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն անձնագրավորվել և շահագործման ընթացքում դարձել են քանդման ենթակա:
Սույն հայեցակարգի համաձայն պետական միջամտությամբ բնակիչների վերաբնակեցումն իրականացվում է` ելնելով վթարային բնակելի շենքերի սեփականության ձևից:
Պետական և համայնքային սեփականություն չհանդիսացող բնակարանային ֆոնդի բնակելի շենքերին պետական աջակցությունը, վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցմանը միջամտությունը սահմանվում են միանվագ օգնության, արտոնյալ վարկերի ձևով և ժամանակավոր կացարանների տրամադրումով:
Վթարային բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող խնդիրները լուծվում են Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն, իսկ վերաբնակեցման աշխատանքները կատարվում են` ելնելով սեփականության պատկանելությունից:
Պետական սեփականություն հանդիսացող վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցման աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Համայնքային սեփականություն հանդիսացող վթարային բնակելի շենքերից բնակիչների վերաբնակեցումը պետք է իրականացվի համայնքային բյուջեի միջոցների հաշվին, իսկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` լրացուցիչ դոտացիաներ կամ բնակիչներին պետական միանվագ օգնություն և արտոնյալ վարկեր տրամադրելով (համայնքային բյուջեի միջոցների անբավարար լինելու դեպքում):
Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդի վթարային բնակելի շենքերի բնակիչների բնակարաններով ապահովումը, մինչև Հայաստանի Հանրապետության բնակարանային նոր օրենսդրության կատարելագործումը, ժամանակավորապես կարող է իրականացվել`
ա) բնակարան հատկացնելով` վարձակալությամբ, անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով`
բնակարանների գնման եղանակով.
պայմանագրային հիմունքներով որոշակի ժամկետներում բնակարան կառուցելով.
կառուցված բնակարան տրամադրելով.
բ) դրամական համապատասխան փոխհատուցում տալով, որը հետագայում պետք է իրականացվի պետության կողմից սահմանված կարգով բնակարանով ապահովման պարտավորությունների ձևակերպման համապատասխան սերտիֆիկատների տրամադրման մեխանիզմի գործադրման միջոցով:
Նշված մեխանիզմը, մշակվելիք բնակարանային օրենսդրության համաձայն, պետք է դառնա սեփականատերերի վերաբնակեցման, վթարային բնակելի շենքերի ու շինությունների քանդման, բնակիչներին համարժեք այլ բնակելի տարածություններ հատկացնելու, բնակարան ստանալուց հրաժարվող քաղաքացիներին բնակարանով ապահովելու միակ ձևը:
Բնակարանների ձեռքբերումը (գնումը) և փոխհատուցումների տրամադրումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Բնակարանները հատկացվում են`
ա) սեփականության իրավունքով.
բ) օգտագործման իրավունքով (անհատույց օգտագործում, վարձակալություն) բնակիչների համաձայնությամբ` նախկինում զբաղեցրած բնակելի տարածության չափով, բայց ոչ ավելի, քան մեկ անձի հաշվով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմայից: