ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
26 հուլիսի 2011 թ. |
թիվ ____ |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.1 հոդվածի 1-ին մասի համաձայն (ուժի մեջ է մտել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին)՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 28-ին)` երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 31-ին: Հիշյալ օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի պահանջները տարածվում են նաև մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած իրավական ակտերի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխաների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու մասին նորմերի հետադարձ ուժ ունենալու վերաբերյալ իրավանորմեր նախատեսված չեն, հետևաբար «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթը կիրառելի է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծնված երեխաների նկատմամբ:
Ոստիկանության գեներալ-լեյտենանտ |
Ա. Սարգսյան |