Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ||||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
կառավարությանն առընթեր պետական | ||||
ֆինանսների նախարար
__________________ Վ. Գաբրիելյան |
եկամուտների կոմիտեի նախագահ
| ||||
|
|
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ «ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին որոշ գործող համաձայնագրերով նախատեսված է ժամկետ, որի դեպքում Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ընկերության ծառայությունները համարվում են մատուցված մշտական հաստատության միջոցով, եթե դրանց տևողությունը գերազանցում է համաձայնագրում նշված ժամկետը, իսկ այլ հարկային համաձայնագրերում այդպիսի դրույթներ չեն սահմանված, անհրաժեշտություն է առաջացել պարզաբանելու եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերի այն դրույթները, որոնք կապված են ծառայությունների վերաբերյալ «մշտական հաստատություն» արտահայտության կիրառման հետ:
Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.
1. «Մշտական հաստատություն» հասկացությունը նշանակում է ձեռնարկատիրական գործունեության իրականացման կայուն վայր, որի միջոցով կազմակերպությունը (տվյալ դեպքում` ոչ ռեզիդենտը) ամբողջությամբ կամ մասամբ իրականացնում է իր առևտրային գործունեությունը: Այսպիսով, մշտական հաստատության ձևավորման համար անհրաժեշտ է, որ միաժամանակ ապահովված լինեն հետևյալ պայմանները.
ա. ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրի գոյությունը,
բ. ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայրը պետք է լինի «կայուն»,
գ. կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությունը պետք է իրականացվի ձեռնարկատիրական գործունեության այդ կայուն վայրի միջոցով, որը նշանակում է, որ կազմակերպությունից այս կամ այն կերպ կախում ունեցող անձինք (անձնակազմը) ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում են այն պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկատիրական գործունեության իրականացման այդ կայուն վայրը:
2. «Ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայր» սահմանումը ներառում է ցանկացած ձևի տարածք, միջոցներ կամ սարքավորումներ, որոնք օգտագործվում են կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար` անկախ նրանից թե դրանք օգտագործվում են բացառապես այդ նպատակով, թե` ոչ: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայր կարող է ձևավորվել նաև այն դեպքում, երբ առկա չէ տարածք, կամ երբ այն չի պահանջվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, սակայն կազմակերպությունն ունի ոչ մեծ տարածք, որը տնօրինում է իր հայեցողությամբ:
3. Որպես կանոն, որպես ժամկետ, որի ընթացքում իրականացվող ծրագրերի շրջանակներում իր աշխատողների կամ կազմակերպության կողմից վարձած այլ անձնակազմի միջոցով ծառայություններ (այդ թվում` խորհրդատվական) մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող, ընդունվում է վեց ամիսը գերազանցող ժամանակահատվածը ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում: Ընդ որում, պարտադիր չէ, որ գործունեությունն իրականացվի առանց ընդհատումների:
4. Միաժամանակ, ելնելով ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի միջև կնքված յուրաքանչյուր պայմանագրի առանձնահատկություններից, ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կարող է դիտվել որպես Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող, նաև գործունեությունը 6 ամսից պակաս ժամկետում իրականացնելու դեպքում: Մասնավորապես, երբ`
- ծրագրերն իրականացնելիս պահպանվում է աշխարհագրական և առևտրային ամբողջականությունը,
- ոչ ռեզիդենտի տարեկան համախառն եկամտի հիսուն և ավելի տոկոսը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում,
- ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ստեղծված է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում ծառայություններ մատուցելու համար: