Համաձայնեցված է | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ |
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ | ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ |
ՆԱԽԱԳԱՀ | |
_______________Վ. Գաբրիելյան | _____________Գ. Խաչատրյան |
2 մարտի 2011 թ. N 11 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՃՇՏՎԱԾ (ՃՇԳՐՏՎԱԾ) ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (04.04.1997թ., ՀՕ-107) 16.1-րդ և 25-րդ հոդվածների համաձայն («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (08.12.2010թ., ՀՕ-181-Ն) խմբագրությամբ) հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն), իսկ մյուսները` ճշտված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն):
Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հարկային հաշվարկների ճշտում չի իրականացվում: Առանձին հարկատեսակների կամ դրանց փոխարինող վճարների մասին օրենքներում (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով) հարկային հաշվարկների ճշտման մասին ուղղակի նշում կատարված չլինելու դեպքում հարկ վճարողը կարող է ներկայացնել ճշտված (ճշգրտված) հարկային հաշվարկներ (հայտարարագրեր)` հաշվի առնելով հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման համար օրենքի 25-րդ և 30.1-րդ հոդվածների սահմանափակումները:
2. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (26.12.1997թ., ՀՕ-179) 6-րդ հոդվածի 4.1-րդ մասի և 6.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն («Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (08.12.2010թ., ՀՕ-182-Ն) խմբագրությամբ) հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հայտարարագրերից (հաշվետվություններից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարագիր (հաշվետվություն), իսկ մյուսները` ճշտված հայտարարագիր (հաշվետվություն):
Գործատուները անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում հարկային մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:
3. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի (30.12.1998թ., ՀՕ-270) 11.1-րդ հոդվածի և 12.1-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն («Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի (08.12.2010թ., ՀՕ-190-Ն) և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի (22.12.2010թ., ՀՕ-215-Ն) խմբագրությամբ) հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություն, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ-հաշվետվություն:
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ: Հարկային կամ լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում: Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները 2 օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին` գրանցման: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները գրանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ են ընկալվում օրենքների նշված դրույթները` հարկային մարմին ներկայացվող հաշվարկները (հայտարարագրերը, հաշվետվությունները) օրենքով սահմանված ներկայացման ժամկետներից (վերջնաժամկետից) հետո տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար որպես առաջին անգամ կամ ճշտված (ճշգրտված) հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն) համարվելու առումով:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը (վերջնաժամկետը) և դրանից հետո հարկային մարմին ներկայացված մեկից ավելի հաշվարկներից (հայտարարագրերից, հաշվետվություններից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն), իսկ մյուսները` ճշտված (ճշգրտված) հաշվարկ (հայտարարագիր, հաշվետվություն):