040.0551.31.08.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
31 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 1999 թվականի N 551
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 6-ի «Պետական, հասարակական, մշակույթի և գիտության գործիչների հիշատակը հավերժացնելու կարգի մասին» N 270 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում պետական ԵՎ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնելու նպատակով պետական և համայնքների տարածքներում ու հասարակական վայրերում հուշարձանների (վեհարձան, կոթող, անդրի, կիսանդրի, հուշաքար, հուշատախտակ) իրականացման (նախաձեռնման, որոշման ընդունման, նախագծման և կառուցման) կարգը:
2. Հուշարձանի իրականացումը կարող են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և առանձին քաղաքացիներ:
Հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական և հասարակական նշանավոր գործչի կամ նրա առաջին հերթի ժառանգների ու համապատասխան համայնքի ավագանու (Երևանում` Երևանի քաղաքապետի) հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով ներկայացվում տվյալ գործչի գործունեության ոլորտի համապատասխան պետական կառավարման հանրապետական մարմին, որը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին) է ներկայացնում գործչին նվիրված հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկություն` նշելով հուշարձանի տեսակը, տեղադրման վայրը, պատվիրատուին և ֆինանսավորման աղբյուրների մասին:
Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) նպատակահարմարության դեպքում ընդունում է որոշում հուշարձանի իրականացման վերաբերյալ:
3. Հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կարող է կատարվել տարբեր աղբյուրներից` ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին ու կազմակերպությունների, առանձին քաղաքացիների կողմից, այնպես էլ տարբեր ֆինանսական աղբյուրների համատեղ մասնակցությամբ:
4. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի (Երևանում` Երևանի քաղաքապետի) որոշման հիման վրա հուշարձանի իրականացման որոշակի տեղի (հրապարակ, պողոտա, փողոց, շենք և այլն) ընտրության և հետագա իրականացման, ինչպես նաև համապատասխան նախագծի մշակման մրցույթի կազմակերպման դեպքում դրանց մասին որոշումն ընդունում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը):
5. Հուշարձանի նախագծի մշակումն ու հաստատումը, շինարարության թույլտվությունը, կառուցումը, ավարտի ձևակերպումը և պահպանումը կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հուշարձանի ճարտարապետաշինարարական նախագծերը (բացի կիսանդրիներից, հուշաքարերից և հուշատախտակներից) մինչև հաստատումը սահմանված կարգով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, իսկ պատմության և մշակույթի հուշարձանների, դրանց պահպանական գոտիների, պատմական միջավայրի և պատմամշակութային արգելոցների տարածքներում հուշարձանների իրականացման դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ:
6. Հուշարձանների վրա նախատեսվող մակագրությունների տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով համաձայնեցվում է պետական և հասարակական նշանավոր գործչի գործունեության ոլորտի համապատասխան պետական մարմնի հետ: