ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
9 փետրվարի 2010 թ. |
N 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականն աշխարհում բանավոր կամ գրավոր բացահայտման, կամ ցանկացած այլ միջոցով հանրամատչելի դարձած տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն, ինչը նշանակում է, որ տեխնիկայի մակարդակը ներառում է տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որը բացահայտվել է ցանկացած անձի (այդ թվում՝ հայտատուի և (կամ) հեղինակի) կողմից։
Ընդ որում, եթե տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ տեղեկությունը բացահայտվել է հայտատուի և (կամ) հեղինակի կողմից, կամ նրանցից ուղղակիորեն կամ անուղղակի տեղեկություն ստացած անձի կողմից (ինչը պետք է ապացուցի հայտատուն)՝ գյուտի հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող տասներկու ամսվա ընթացքում, ապա, օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, օրենքի 11-րդ հոդվածի նպատակներով այդպիսի բացահայտումը հաշվի չի առնվում։
Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ ծագած հարցերի ճշտման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում ներկայացված «տեղեկության գրավոր կամ բանավոր բացահայտումը» դրույթը տարածվում է թե՛ հայտատուի, թե՛ այլ անձանց վրա։
Նախարար |
Ն. Երիցյան |