040.0054.02.02.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 1999 թվականի N 54
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 82 ՈՒ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 311 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի և շինությունների վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` տեղեկացնելով պետական կառավարման համապատասխան մարմնին.
բ) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի ու շինությունների վարձակալության տրամադրման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ, իսկ տարաձայնությունների դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունում է որոշում.
գ) հանրակրթական դպրոցների շենքերը և շինությունները վարձակալության են տրամադրվում, իրենց կողմից` համաձայնեցվելով պետական կառավարման համապատասխան մարմնի հետ:
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը հանձնված շենքերում և շինություններում`
ա) նախագծային, գիտահետազոտական ինստիտուտներին և այլ կազմակերպություններին տարածքներ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հաստատած նորմատիվների սահմաններում.
բ) մինչև 1999 թվականի հունվարի 1-ը հասարակական-քաղաքական կազմակերպություններին վարձակալության հանձնված տարածքների վարձավճարները մինչև 2000 թվականի հունվարի 1-ը գանձվում են վարձակալական պայմանագրով սահմանված չափով:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում գիտահետազոտական և նախագծային ինստիտուտներին և այլ կազմակերպություններին տրամադրվող տարածքների համար մշակել նորմատիվներ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի մասին» N 82 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված`
ա) կարգի 1-ին կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ - վարձակալության տրամադրված հիմնական միջոցների (բացի շենքերից) հաշվեկշռային արժեքը, իսկ շենքերի համար` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 1.2-րդ կետով սահմանված 1 քառ. մետրի գնահատված արժեքը` կիրառելով գոտիականության գործակիցներ».
բ) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
«5. Որպես գոտիականության գործակիցներ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի «Բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 323 որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցները»:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի «Պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և տարածքների հաշվառումն ու օգտագործումը կանոնակարգելու մասին» N 311 որոշման 2-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |