040.0010.14.01.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 1999 թվականի N 10
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, այդ ոլորտում չհարկվող շրջանառությունը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրության լիցենզավորման կանոնակարգը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրության համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիցենզիաներն ուժի մեջ են մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը` տրամադրման պահին գործող պայմաններով, բայց ոչ ավելի, քան սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետը.
բ) սույն որոշմամբ հաստատված կանոնակարգի 6-րդ կետի «դ» ենթակետով սահմանված պահանջը պարտադիր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ վերլուծել սույն որոշման կիրառման ընթացքն ու եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ոգելից խմիչքների մեծածախ վաճառքի լիցենզավորման նպատակահարմարության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի N 2 ցանկում`
ա) «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» տողը լրացնել «սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի արտադրություն» բառերով.
բ) ցանկից հանել «Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարություն» տողը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի N 10 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրության լիցենզավորման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնակարգը (այսուհետև` կանոնակարգ) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրության լիցենզավորման և դրա նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կապակցությամբ ծագող իրավահարաբերությունները:
2. Սույն կանոնակարգին համապատասխան լիցենզավորման է ենթակա էթիլային սպիրտի, սննդային սպիրտի, ալկոհոլային խմիչքների` օղու, լիկյոր-օղու արտադրանքի, կոնյակի, խաղողի և այլ գինիների, գինենյութի, 8 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող այլ խմիչքների` բացառությամբ գարեջրի (այսուհետև` ոգելից խմիչքներ) արտադրությունը: Ընդ որում, նշված արտադրատեսակներից յուրաքանչյուրի արտադրության կազմակերպման համար սույն կանոնակարգին համապատասխան ստացված լիցենզիան բավարար է այդ ապրանքատեսակի ցանկացած տարատեսակի (նմուշի) արտադրության կազմակերպման համար:
3. Սույն կանոնակարգին համապատասխան ստացված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրություն կազմակերպելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունները և օտարերկրյա առևտրային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղերը (այսուհետև` կազմակերպիչ), որոնք`
ա) չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ.
բ) ունեն առնվազն 20 մլն դրամի (խաղողի և այլ գինիների, գինենյութի դեպքում` 4 մլն դրամի) չափով համալրված կանոնադրական հիմնադրամ:
Առանց սույն կանոնակարգին համապատասխան ստացված լիցենզիայի Հայաստանի Հանրապետության տարածքում ոգելից խմիչքների արտադրությունն արգելվում է:
4. Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետև` նախարարություն)` սույն կանոնակարգին համապատասխան:
5. Նախարարության` սույն կանոնակարգին համապատասխան ընդունած որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
II. Ոգելից խմիչքների արտադրության կազմակերպումը
6. Կազմակերպիչն ապահովում է`
ա) ոգելից խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքի պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով պաշտպանվածությունը.
բ) ոգելից խմիչքների արտադրության համար բավարար շենքային, տեխնոլոգիական և նյութատեխնիկական պայմանները.
գ) ոգելից խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքում բացառապես ոգելից խմիչքների արտադրության կազմակերպումը.
դ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության` ոգելից խմիչքների արտադրության ծավալների վերաբերյալ սահմանված կարգով և հարկային մարմնի կողմից գրանցված ու կնքված սարքերի միջոցով հաշվառման վարումը և սույն կանոնակարգին համապատասխան պետական մարմիններին տվյալների տրամադրումը, իսկ ոգելից խմիչքների շշալցման իրականացման դեպքում` նաև շշերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ համաձայնեցված քանակներով շշալցվող ոչ ստանդարտ և ոչ զանգվածային արտադրության համար նախատեսված շշերի) մեքենայացված դրոշմավորումը.
ե) ոգելից խմիչքների արտադրության և իրացման հետ կապված ընթացիկ հարկային պարտավորությունների անվերապահ կատարումն ու հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային ապառքներ չկուտակելը.
զ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով իր բանկային հաշիվներում միջին օրական 6 մլն դրամ (խաղողի և այլ գինիների, գինենյութի արտադրության կազմակերպման դեպքում` 1 մլն դրամ) գումարի առկայությունը.
է) ոգելից խմիչքների արտադրության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները.
ը) արտադրվող ոգելից խմիչքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր սերտիֆիկացումը:
7. Նախարարությունը կազմակերպիչներին ծանոթացնում է ոգելից խմիչքների արտադրության իրականացման բնագավառում կազմակերպչի իրավունքների և պարտականությունների հետ, ապահովում համապատասխան օրենսդրական ակտերի, տեղեկատուների, անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրումն ու համապատասխան խորհրդատվությունը, ոգելից խմիչքների արտադրության վերաբերյալ առևտրական գաղտնիքի պահպանումը:
III. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը
8. Լիցենզիա ստանալու համար նախարարություն են ներկայացվում`
ա) դիմում երկու օրինակից, որում, ի թիվս նախարարության սահմանած տեղեկությունների, նշվում են`
դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը,
պետական գրանցման վկայականի պատճենը,
ոգելից խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքի գտնվելու վայրը (փոստային հասցեն),
ոգելից խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքի մակերեսը (քառակուսի մետրերով),
դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
բ) դիմողի` լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հնարավորություն նախատեսող հիմնադիր փաստաթղթի պատճենը.
գ) ոգելից խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքի սեփականության կամ վարձակալության (օգտագործման) իրավունքի վկայականի պատճենը.
դ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգի տեխնիկական անձնագիրը և այդ համակարգը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը ոգելից խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.
ե) հայտատուի կողմից տրված տեղեկանքը հայտատուի կանոնադրական հիմնադրամի փաստացի համալրված մեծության մասին.
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից տրված` հայտատուի նորմատիվ փաստաթղթի (արտադրանքի տեխնիկական պայմանների և ստանդարտների) գրանցման մասին տեղեկանքը:
9. Եթե կազմակերպչի կողմից նախկինում կազմակերպված ոգելից խմիչքների արտադրության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, ապա կազմակերպիչը դիմումում նշում է նաև այդ արտադրության կազմակերպման ժամկետը և լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պատճառները: Կազմակերպիչը դիմումում տեղեկություններ է հաղորդում նաև այն դեպքերի մասին, երբ`
ա) կազմակերպիչը, որի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահին տիրապետում է ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.
բ) կազմակերպիչ ընկերության խորհրդի անդամը կամ ընկերության կառավարման մարմիններում այլ պաշտոն զբաղեցնող անձը կամ բաժնետերը (բաժնետերերը), որն իր հետ համագործակցող անձանց հետ միասին տիրապետում է ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 և ավելի տոկոսին, կամ այդ անձանց ամուսինները, ծնողները, երեխաները, քույրերը, եղբայրներն այն կազմակերպիչ ընկերությունում, որի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահին զբաղեցրել են պաշտոններ:
10. Նախարարությունը, դիմումն ու կից փաստաթղթերն առձեռն ստանալիս, դիմումը ներկայացնող անձի ներկայությամբ ստուգում է փաստաթղթերի առկայությունը (ըստ դիմումին կից ցանկի), դիմումի երկու օրինակի վրա կատարում է համապատասխան նշումներ և ընդունում այն: Ընդունված դիմումի մեկ օրինակը անմիջապես վերադարձվում է դիմումը ներկայացնող անձին կամ փոստով առաքվում դիմողին:
11. Եթե դիմողը սույն կանոնակարգի համաձայն ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեով ոգելից խմիչքների արտադրության կազմակերպման լիցենզիա ստանալու համար, ապա դիմումին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայել են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերի փաթեթում: Այս դեպքում դիմողը ներկայացնում է գրավոր հայտարարություն, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում որևէ փոփոխություն չի կատարվել:
IV. Լիցենզիա տալու պայմաններն ու կարգը
12. Նախարարությունը լիցենզիա ստանալու մասին դիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դիմում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն` դիմողի հարկային պարտավորությունների մասին տեղեկանք ստանալու համար, որը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից նախարարությանն է տրամադրվում 5-օրյա ժամկետում:
13. Նախարարությունը լիցենզիա ստանալու մասին դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կազմակերպում է քննարկում` առնվազն 5 օր առաջ դիմողին գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին և հնարավորություն է ընձեռում վերջինիս մասնակցելու քննարկմանը:
14. Նախարարությունը դիմումը քննարկում է սույն կանոնակարգի 13-րդ կետի համաձայն դիմողին տեղեկացված օրն ու ժամին` անկախ դիմողի ներկայացուցչի ներկայությունից:
15. Նախարարությունը քննարկման արդյունքում մերժում է դիմումը, եթե`
ա) դիմումում կամ կից փաստաթղթերում արտացոլված տեղեկությունները լիարժեք չեն` նշելով բացակայող կամ ոչ լիարժեք տեղեկությունները.
բ) դիմումին կից ներկայացված կամ սույն կանոնակարգի 12-րդ կետին համապատասխան ստացված փաստաթղթերը չեն բավարարում սույն կանոնակարգի պահանջները:
16. Նախարարությունը եռօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով ձևակերպում է լիցենզիա տալու մասին դիմումի մերժումը, որի պատճենը երեք օրվա ընթացքում առաքվում է դիմողին կամ առձեռն տրամադրվում է վերջինիս ներկայացուցչին:
17. Սույն կանոնակարգի 15-րդ կետով սահմանված հիմքերի բացակայության դեպքում նախարարությունը բավարարում է դիմումը` դրա մասին եռօրյա ժամկետում ընդունելով համապատասխան որոշում:
Դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (սխալներ, վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում լիցենզիա ստանալու մասին դիմումը կարող է բավարարվել նշված թերությունների վերացման դեպքում, որի մասին նախարարությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է դիմողին: Նախարարության ծանուցումից հետո, 30 օրվա ընթացքում ուղղված փաստաթղթերը նախարարություն ներկայացվելու դեպքում, նախարարությունը բավարարում է լիցենզիա ստանալու մասին դիմումը` եռօրյա ժամկետում դրա վերաբերյալ ընդունելով համապատասխան որոշում:
18. Լիցենզիա ստանալու մասին դիմումը բավարարելու դեպքում նախարարության համապատասխան որոշման պատճենը երեք օրվա ընթացքում առաքվում է դիմողին կամ առձեռն տրամադրվում վերջինիս ներկայացուցչին:
19. Դիմողը սույն կանոնակարգի 17-րդ կետին համապատասխան ընդունված որոշման պատճենն ստանալուց հետո կարող է 30 օրվա ընթացքում նախարարություն ներկայացնել համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո նախարարությունը եռօրյա ժամկետում դիմողին է տրամադրում լիցենզիան:
20. Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո կազմակերպիչը 5-օրյա ժամկետում նախարարություն է վերադարձնում լիցենզիայի բնօրինակը:
V. Լիցենզիայի վավերապայմանները
21. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` նախարարության սահմանած միասնական ձևով:
22. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) լիցենզիայի համարը,
բ) կազմակերպչի լրիվ անվանումը,
գ) կազմակերպչի գտնվելու վայրը,
դ) ոգելից խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքի գտնվելու վայրը (փոստային հասցեն),
ե) լիցենզիան տալու ամսաթիվը և լիցենզիայի գործողության դադարման ամսաթիվը,
զ) նախարարության սահմանած այլ հատուկ պահանջներ:
23. Ոգելից խմիչքների արտադրության համար տրվող լիցենզիայի գործողության ժամկետը երեք տարի է:
Կազմակերպիչն իրավունք ունի սույն կանոնակարգին համապատասխան դիմել նոր լիցենզիա ստանալու համար:
24. Լիցենզիան կազմակերպչին իրավունք է տալիս ոգելից խմիչքների արտադրություն կազմակերպել միայն մեկ` լիցենզիայում նշված հասցեով (վայրում):
25. Մի քանի հասցեով ոգելից խմիչքների արտադրություն կազմակերպելու համար միևնույն կազմակերպիչը կարող է սույն կանոնակարգին համապատասխան դիմել և ստանալ մեկից ավելի լիցենզիա:
VI. Լիցենզիայի հաշվառումը
26. Նախարարությունը վարում է ոգելից խմիչքների կազմակերպիչներին տրված լիցենզիաների գրանցամատյան, որում գրառվում են`
ա) կազմակերպչի լրիվ անվանումը,
բ) կազմակերպչի գտնվելու վայրը,
գ) կազմակերպչի կազմակերպական-իրավական ձևը,
դ) կազմակերպչի պետական գրանցման վկայականի համարը,
ե) լիցենզիայի (լիցենզիաների) հերթական համարը (համարները),
զ) լիցենզիան տալու ամսաթիվը,
է) ոգելից խմիչքների արտադրության համար նախատեսված տարածքի գտնվելու վայրը (փոստային հասցեն):
27. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալում և կնքում է նախարարությունը:
VII. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու հիմքերն ու կարգը
28. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`
ա) կազմակերպիչը գործել է սույն կանոնակարգի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ,
բ) կազմակերպիչը լիցենզիա ստանալու մասին դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիան ստանալու պահը ներկայացրել է կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացնելը կարող էր հանգեցնել լիցենզիա ստանալու դիմումի մերժմանը,
գ) կազմակերպիչը դիմել է լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու միջնորդությամբ,
դ) կազմակերպիչը լուծարվել է:
29. Նախարարությունը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իր մտադրության մասին գրավոր տեղեկացնում է կազմակերպչին քննարկումից առնվազն քսան օր առաջ, գրության մեջ նշելով`
ա) լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու իրավական հիմքերը.
բ) քննարկման վայրը (հասցեն), ամսաթիվը և ժամը:
30. Նախարարությունը սույն կանոնակարգի 29-րդ կետով նախատեսված գրության մեջ նշված օրը, ժամին և վայրում քննարկում է հարցը` անկախ տվյալ կազմակերպչի ներկայությունից:
31. Մասնակցող անձը քննարկման ընթացքում իրավունք ունի ներկայացնել առարկություններ և ապացույցներ, տալ իրեն հետաքրքրող հարցեր:
32. Նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, իր կամ քննարկմանը մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել կամ ընդհատել հարցի քննարկումը` դրա մասին տեղեկացնելով քննարկմանը մասնակցող անձին:
33. Նախարարությունը, քննարկմանը մասնակցող անձի փաստարկները լսելուց և ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, հաստատված փաստերի ու սույն կանոնակարգի դրույթների հիման վրա ընդունում է համապատասխան որոշում, որը կենսագործվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով:
34. Նախարարությունը քննարկման արդյունքում կազմակերպչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում նշված որոշումն անմիջապես ուղարկում է տվյալ կազմակերպչին, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը վարող մարմին և հրապարակում հեռուստատեսությամբ կամ առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում:
35. Կազմակերպիչը սույն կանոնակարգի 34-րդ կետում նշված որոշման պատճենն ստանալուց հետո անմիջապես`
ա) դադարեցնում է սույն կանոնակարգով լիցենզավորված գործունեությունը,
բ) նախարարության հետ համաձայնեցված ժամկետներում ապահովում է արտադրված ոգելից խմիչքների օտարումը,
գ) 5-օրյա ժամկետում նախարարություն է վերադարձնում իր լիցենզիայի բնօրինակը:
36. Այն կազմակերպիչը, որի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, ինչպես նաև տվյալ կազմակերպչի կանոնադրական հիմնադրամի 1/3-ից ավելին ունեցող անձը կազմակերպչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մեկ տարվա ընթացքում իրավունք չունեն դիմելու սույն կանոնակարգին համապատասխան լիցենզիա ստանալու համար: Նշված սահմանափակումը չի տարածվում սույն կանոնակարգի 28-րդ կետի «գ» ենթակետում նշված դեպքի վրա:
VIII. Ոգելից խմիչքների արտադրության կազմակերպման ԵՎ գործունեության նկատմամբ վերահսկողությունը
37. Կազմակերպչի` սույն կանոնակարգով լիցենզավորված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են նախարարությունը և հարկային մարմինները` տեղում վերստուգում իրականացնելու և փաստաթղթային վերահսկողության միջոցով:
38. Կազմակերպչի գործունեության վերստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
39. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համատեղ սահմանած հաշվետվությունների և տեղեկանքների միջոցով` սույն կանոնակարգի պահանջների հնարավոր խախտումները ժամանակին հայտնաբերելու նպատակով:
40. Կազմակերպիչը յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվա 5-րդ օրը, նախարարություն և հարկային մարմին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում արտադրված ոգելից խմիչքների շարժի վերաբերյալ հաշվետվություն (ձևը կցվում է)` տվյալ ամսվա 1-ի դրությամբ:
41. Կազմակերպիչը նախարարությանը տեղեկացնում է կազմակերպչի հիմնադիր փաստաթղթերում կատարվող, ինչպես նաև սույն կանոնակարգին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեության հետ կապված այլ փոփոխությունների մասին:
42. Սույն կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով`
ա) նախարարությունը` սույն կանոնակարգին համապատասխան տրվող լիցենզիայի պատճենը` այն տալու օրվանից 5-օրյա ժամկետում, ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն ու Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն.
բ) հարկային մարմինները սույն կանոնակարգին համապատասխան լիցենզիաներ ստացած անձանց ընթացիկ հարկային պարտավորությունների մասին տեղեկանքները` հաշվետվությունները ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են նախարարություն.
գ) կազմակերպիչը յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը, սույն կանոնակարգի 6-րդ կետի «զ» ենթակետին համապատասխան նախարարություն է ներկայացնում կազմակերպչին սպասարկող բանկի (բանկերի) կողմից տրված տեղեկանքը նախորդ եռամսյակում կազմակերպչի բանկային հաշիվներում միջին օրական մնացորդի վերաբերյալ.
դ) նախարարությունը և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը համատեղ կարող են ներդնել այլ հաշվետվություններ և տեղեկանքներ` սահմանելով դրանց ձևերն ու ներկայացնելու ժամկետները:
Ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱԴՐՎԱԾ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
_______ թվականի __________ -ի 1-ի դրությամբ
_________________________________________________________
(կազմակերպչի անվանումը)
NN ը/կ |
Ապրանքի անվանումը |
Չափման միավորը |
Նախորդ ժամանակաշրջանի սկզբում առկա քանակը |
Հաշվետու ժամանակաշրջանում արտադրված քանակը |
Հաշվետու ժամանակաշրջանում օտարված քանակը |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջում առկա քանակը |
Նշումներ |
_________________
ՀՀ ՀՏ Կ. Տ. |
(ՀՀ ԳՆ Կ. Տ.) | կազմակերպչի` պաշտոնատար անձի` | (ստորագրությունը) |
_________________
(անունը, ազգանունը,
______________________
հայրանունը, պաշտոնը)
(ամսաթիվը) |
Կ. Տ. |