Ե Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 25825/05)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 հոկտեմբերի 2012 թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
09/01/2013
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Դանիելյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`
Ժոզեփ Քասադևալ [Josep Casadevall]՝ Նախագահ,
Էխբերտ Մայեր [Egbert Myjer],
Կորնելիու Բիրսան [Corneliu Bírsan],
Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],
Յան Շիկուտա [Ján Sikuta],
Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos]՝ դատավորներ,
և Սանտիագո Կեսադա [Santiago Quesada]՝ Բաժանմունքի քարտուղար,
2012 թվականի սեպտեմբերի 18-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ութ քաղաքացիներ պրն Սիսակ Դանիելյանի, տկն Կիմա Դանիելյանի, պրն Անդրանիկ Դանիելյանի, տկն Նաիրա Դանիելյանի, տկն Սեդա Դանիելյանի, տկն Սոնա Դանիելյանի, տկն Մերի Դանիելյանի և տկն Քրիստինե Մնացականյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2005 թվականի հուլիսի 14-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 25825/05) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Վ. Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2007 թվականի հունիսի 29-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Որոշվել է նաև միևնույն ժամանակ ուսումնասիրել գանգատի ընդունելիության և ըստ էության քննության հարցերը (29-րդ հոդվածի 1-ին կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1949, 1951, 1976, 1977, 1984, 1993, 2003 և 1981 թվականներին և բնակվում են Երևանում:
5. Պրն Սիսակ Դանիելյանը, տկն Կիմա Դանիելյանը, պրն Անդրանիկ Դանիելյանը, տկն Նաիրա Դանիելյանը, տկն Սեդա Դանիելյանը և տկն Սոնա Դանիելյանը Երևան քաղաքի Բուզանդի 11 հասցեում գտնվող 130 քառակուսի մետր մակերեսով տան համատեղ սեփականատերերն են: Դիմումատուները պնդել են, որ տկն Մերի Դանիելյանը և տկն Քրիստինե Մնացականյանը՝ որպես իրենց ընտանիքի անդամներ, այս տան նկատմամբ ունեցել են օգտագործման իրավունք, մինչդեռ Կառավարությունը վիճարկել է այս պնդումը և ներկայացրել պնդում առ այն, որ նրանք տան նկատմամբ չեն ունեցել օգտագործման իրավունք, այլ պարզապես ունեցել են այդ տանը բնակվելու իրավունք:
6. 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունել է թիվ 1151-Ն որոշումը, որով կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով հաստատվել են Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտիները` 345 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Բուզանդ փողոցը ներառված էր օտարման գոտիներում ընդգրկված փողոցների ցանկում:
7. 2004 թվականի հունիսի 17-ին Կառավարությունն ընդունել է թիվ 909-Ն որոշումը, որով թույլատրվում էր Բուզանդի փողոցի մի հատվածի (որը հետագայում պետք է վերանվանվեր Գլխավոր պողոտա) կառուցապատումն իրականացնելու նպատակով [կառուցապատման իրավունքի] պայմանագիր կնքել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ մասնավոր ընկերության հետ:
8. 2004 թվականի հուլիսի 28-ին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է համաձայնագիր, որով, inter alia (ի թիվս այլնի), առաջինին իրավունք է վերապահվել ուղղակիորեն բանակցել օտարման ենթակա գույքի սեփականատերերի հետ, իսկ բանակցությունների ձախողման դեպքում պետության անունից հայց ներկայացնել դատարան` գույքի հարկադիր օտարման պահանջով:
9. Պարզվում է, որ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն փորձել է կազմակերպել դիմումատուների տան չափագրման և գնահատման աշխատանքները` դիմումատուներին օտարման ենթակա սեփականության համար փոխհատուցում առաջարկելու նպատակով, սակայն ապարդյուն, քանի որ դիմումատուները խոչընդոտներ են ստեղծել:
10. 2005 թվականի մարտի 10-ին «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն պետության անունից հայց է ներկայացրել բոլոր դիմումատուների դեմ` բացառությամբ մեկի (տկն Քրիստինե Մնացականյանի)` նպատակ ունենալով ստիպել նրանց չխոչընդոտել տան գնահատումը, այդ արդյունքների հիման վրա կնքել գույքը պետության կարիքների համար հանձնելու մասին պայմանագիրը և վտարել նրանց:
11. 2005 թվականի մարտի 15-ին բոլոր դիմումատուները, բացառությամբ մեկի (տկն Մերի Դանիելյան), հակընդդեմ հայց են ներկայացրել, որով վիճարկել են Կառավարության թիվ 1151-Ն որոշման սահմանադրականությունը: Նրանք պնդել են, inter alia, որ այդ որոշումը հակասում է Սահմանադրության 28-րդ հոդվածին, համաձայն որի` գույքը կարող է օտարվել միայն տվյալ գույքի վերաբերյալ օրենքի ընդունմամբ: Նրանք այնուհետև փաստարկ են ներկայացրել առ այն, որ Կառավարությունը, նույն հոդվածի համաձայն, իրավասու չէր որոշում կայացնել սեփականության օտարման վերաբերյալ:
12. Նույն ամսաթվին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը [Համայնքների դատարան] բավարարել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցը` կարգադրելով վտարել հայցվորներին և տրամադրել փոխհատուցում: Փոխհատուցման գումարի չափը պետք է սահմանվեր համապատասխան գնահատում իրականացնելուց հետո՝ համաձայն շուկայական գների: Համայնքների դատարանը նաև կարգադրել է, որ նրանց կողմից վճարվեն 4 000 ՀՀ դրամի չափով դատական ծախսերը (ՀՀ դրամ): Պարզվում է, որ Համայնքների դատարանը մերժել է դիմումատուների կողմից ներկայացված հակընդդեմ հայցի ընդունումն այն հիմքով, որ դատարանն իրավասու չէ որոշում կայացնել Կառավարության թիվ 1151-Ն որոշման սահմանադրականության վերաբերյալ:
13. 2005 թվականի մարտի 29-ին որպես պատասխանող կողմ հանդես եկող դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել:
14. Պարզվում է, որ 2005 թվականի ապրիլի 18-ին «Օրրան» ՍՊԸ անշարժ գույքի գործակալությունն իրականացրել է խնդրո առարկա տան գնահատումը, որի համաձայն՝ այն գնահատվել է 82 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
15. 2005 թվականի ապրիլի 21-ին Վերաքննիչ դատարանը բավարարել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորների՝ սեփականության նկատմամբ իրավունքները պետք է դադարեցվեն փոխհատուցում վճարելու միջոցով, և այն որոշել է դադարեցնել նրանց իրավունքները` վճարելով նրանց 82 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
16. 2005 թվականի մայիսի 5-ին դիմումատուներից յոթը նյութական իրավունքի խախտման հիմքով վճռաբեկ բողոք են ներկայացրել: 2005 թվականի մայիսի 13-ին նրանք լրացրել են իրենց կողմից բերված բողոքը՝ պնդելով, inter alia, որ սեփականության իրենց իրավունքների դադարեցմամբ խախտվել է Սահմանադրության 28-րդ հոդվածը:
17. 2005 թվականի մայիսի 27-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուների բողոքը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
18. Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ շարադրանքը տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] գործով վճռում (թիվ 27651/05, §§ 23-43, 2009 թվականի հունիսի 23):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
19. Դիմումատուները բողոք են ներկայացրել առ այն, որ իրենց գույքից զրկելը Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված երաշխիքների խախտում է, որի համաձայն՝
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Ա. Ընդունելիությունը
1. Գանգատը ցուցակից հանելու մասին պահանջը
20. Գործի բարեկամական կարգավորմանն ուղղված անարդյունավետ բանակցություններից հետո Կառավարությունը 2009 թվականի սեպտեմբերի 10-ի գրությամբ Դատարանին տեղեկացրել է, որ գանգատում ներկայացված խնդրի լուծման նպատակով այն առաջարկել է միակողմանի հայտարարություն անել` առաջարկելով դիմումատուներին դատարանի վճռով նրանց բանկային հաշվին փոխանցված 37 206 344 ՀՀ դրամի փոխարեն դիմումատուներին հանձնել Երևան քաղաքի շենքերից մեկում գտնվող 130 քառակուսի մետր մակերեսով վերանորոգված բնակարան, որի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2010 թվականին, ինչպես նաև տրամադրել որոշակի գումար: Այնուհետև Կառավարությունը Դատարանից պահանջել է գանգատը հանել գործերի ցուցակից` Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան:
21. Ամսաթիվ չպարունակող գրությամբ դիմումատուները առարկել են Կառավարության հայտարարությունը: Նրանք փաստարկ են ներկայացրել այն մասին, որ նախևառաջ, իրենց գործով այնպիսի հարցեր են բարձրացվել, որոնք նախկինում չեն քննարկվել Դատարանի կողմից: Երկրորդ, կողմերի միջև եղել է հակասություն գործի փաստերի, այն է` իրենց սեփականության շրջանակի վերաբերյալ: Երրորդ, Կառավարության կողմից առաջարկված փոխհատուցումը եղել է ոչ համարժեք և անբավարար: Այն համեմատելի չի եղել օտարված գույքի չափի և գտնվելու վայրի հետ, և դրանով հաշվի չի առնվել հողակտորից de facto (փաստացի) զրկվելու հանգամանքը: Բացի այդ, առաջարկում բացակայել են մանրամասները, և այն ներառել է իրականացման երկարատև ժամկետ ու վարձավճարի կամայական հաշվարկ:
22. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ գործի բարեկամական կարգավորման պայմանների շուրջ: Այն վերահաստատում է, որ Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի բարեկամական կարգավորմանն ուղղված բանակցությունները խորհրդապահական են, և որ Դատարանի կանոնակարգի 62-րդ կանոնի 2-րդ կետով սահմանվում է, որ չի կարելի հղում կատարել գործի բարեկամական կարգավորմանը հասնելու փորձի շրջանակներում տեղի ունեցած ցանկացած գրավոր կամ բանավոր հաղորդակցությանը և կատարված առաջարկին կամ փոխզիջմանը կամ դրանց վրա հիմնվել մրցակցային դատավարության ժամանակ (տե՛ս Մերիակրին ընդդեմ Մոլդովայի [Meriakri v. Moldova] (գործերի ցուցակից հանված), թիվ 53487/99, § 28, 2005 թվականի մարտի 1): Ուստի Դատարանը պետք է գործի Կառավարության միակողմանի հայտարարության և գործի բարեկամական կարգավորմանն ուղղված բանակցությունների շրջանակից դուրս ներկայացված՝ կողմերի դիտարկումների հիման վրա և անտեսի կողմերի պնդումները, որոնք արվել են գործի բարեկամական կարգավորման հնարավորությունների ուսումնասիրության համատեքստում, ինչպես նաև այն պատճառները, թե ինչու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ գործի բարեկամական կարգավորման պայմանների շուրջ (տե՛ս Նիցշկեի հավատարմատարն ընդդեմ Շվեդիայի [Estate of Nitschke v. Sweden], թիվ 6301/05, § 36, 2007 թվականի սեպտեմբերի 27):
23. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 37-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն կարող է վարույթի ցանկացած փուլում որոշում կայացնել գանգատը գործերի իր ցուցակից հանելու մասին, եթե հանգամանքները հանգեցնում են այդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված եզրակացություններից որևէ մեկին: 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով Դատարանին մասնավորապես հնարավորություն է տրվում գործը հանել գործերի իր ցուցակից, եթե.
«Դատարանի կողմից հիմք ընդունված որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»:
24. Այն նաև նշում է, որ որոշ հանգամանքներում Դատարանը, 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն, կարող է պատասխանող կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա հանել գանգատը գործերի ցուցակից, նույնիսկ եթե դիմումատուները ցանկություն են հայտնում, որ գործի քննությունը շարունակվի:
25. Այդ նպատակով Դատարանը պետք է հայտարարությունն ուշադիր քննի իր նախադեպային իրավունքի, մասնավորապես` Թահսին Աքարի վճռից բխող սկզբունքների լույսի ներքո (տե՛ս Թահսին Աքարն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey [GC]], թիվ 26307/95, §§ 75-77, ՄԻԵԴ 2003-VI, նաև ՎԱԶԱ ՍՊԸ-ն ընդդեմ Լեհաստանի (որոշում) [WAZA Spófka z o.o. v. Poland (dec.)] թիվ 11602/02, 2007 թվականի հունիսի 26, և Սուլվինսկան ընդդեմ Լեհաստանի (որոշում) [Sulwiňska v. Poland (dec.)], թիվ 28953/03): Այնուամենայնիվ, Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել խնդրի վերաբերյալ կողմերի բոլոր փաստարկների առումով` հետևյալ պատճառաբանությամբ:
26. Առաջարկվող փոխհատուցման բնույթին անդրադառնալիս Դատարանը նշում է, որ Կառավարությունը դիմումատուներին արդեն վճարված գումարի փոխարեն առաջարկել է ապահովել նրանց նոր բնակարանով և տրամադրել որոշակի գումար: Դատարանը համոզված չէ, որ սա ընդունելի առաջարկ է, քանի որ բնակարանով ապահովելու այս նախաձեռնությունը պայմանավորված էր դիմումատուներին արդեն վճարված գումարը վերադարձնելով: Այսպիսով, այս նախաձեռնությունը չէր կարող համարվել բացառապես միակողմանի, քանի որ դրա իրականացումը պայմանավորված էր մյուս կողմի կողմից որոշակի լրացուցիչ պահանջների կատարմամբ (համանման իրավիճակի համար տե՛ս Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) [Yedigaryan v. Armenia (dec.)], թիվ 10446/05, § 35, 2011 թվականի նոյեմբերի 15, և Երանոսյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) [Yeranosyan v. Armenia (dec.)], թիվ 3309/06, § 24, 2011 թվականի նոյեմբերի 15): Ավելին, Կառավարությունն այդ բնակարանի վերաբերյալ բավարար մանրամասներ չէր ներկայացրել (տե՛ս վերևում հիշատակված՝ Եդիգարյանի գործը և Երանոսյանի գործը):
27. Ուստի Դատարանը մերժում է Կառավարության՝ գանգատը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն գործերի ցուցակից հանելու մասին պահանջը:
2. Դիմումատուներ Մերի Դանիելյանի և Քրիստինե Մնացականյանի` տուժողի կարգավիճակը
28. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուներ Մերի Դանիելյանը և Քրիստինե Մնացականյանը չէին կարող պահանջել, որ համարվեն Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտման զոհեր, քանի որ նրանք չեն ունեցել «սեփականության իրավունք»` այդ դրույթի իմաստով: Մասնավորապես, դիմումատուներ Մերի Դանիելյանը և Քրիստինե Մնացականյանը չեն օգտվել մյուս դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող տան նկատմամբ սեփականության իրավունքից, այդ թվում նաև բնակելի տարածության օգտագործման իրավունքից: Այդ իրավունքը, Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն, կարող էր ծագել միայն պետական գրանցման պահից: Այնուամենայնիվ, չկա որևէ ապացույց, որով հնարավոր է ցույց տալ, որ դիմումատուներ Մերի Դանիելյանը և Քրիստինե Մնացականյանն ունեն Անշարժ գույքի պետական կադաստրում գրանցված նման իրավունք: Այսպիսով, միակ իրավունքը, որից նրանք օգտվել են, տվյալ տան մեջ բնակվելու իրավունքն էր` Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի և «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն: Այնուամենայնիվ, այս իրավունքը չի կարող համարվել «սեփականության իրավունք»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով:
29. Դիմումատուներ Մերի Դանիելյանը և Քրիստինե Մնացականյանը պնդել են, որ իրենք մյուս դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող տան նկատմամբ ունեցել են բնակելի տարածքի օգտագործման իրավունք: Հայաստանում գործել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից հստակ ձևավորված նախադեպային իրավունք, որի համաձայն՝ Բնակարանային օրենսգրքի 54-րդ և 120-րդ հոդվածների ներքո ճանաչվում էր բնակելի տարածքի օգտագործման իրավունքը` հետևյալ երեք գործոնների հիման վրա` 1) բնակելի տարածքի սեփականատիրոջ ընտանիքի անդամ լինելը, 2) այդ բնակելի տարածքում բնակվելը, և 3) սեփականատիրոջ հետ ընդհանուր տնտեսություն վարելը: Նրանց պարագայում այս երեք գործոններն էլ առկա են եղել: Դիմումատու Մերի Դանիելյանը` դիմումատու Անդրանիկ Դանիելյանի դուստրը, այդ իրավունքը ձեռք է բերել ծննդյան պահից` 2003 թվականից, մինչդեռ Քրիստինե Մնացականյանը` Անդրանիկ Դանիելյանի կինը, այդ իրավունքը ձեռք է բերել նրա հետ ամուսնությունից հետո: Ավելին, նրանց կողմից այդ իրավունքից օգտվելը չի վիճարկվել ներպետական դատարանում ընթացած վարույթի ժամանակ:
30. Ընդունելով, որ բնակելի տարածքի օգտագործման իրենց իրավունքը գրանցված չէ Անշարժ գույքի կադաստրում` դիմումատուներ Մերի Դանիելյանը և Քրիստինե Մնացականյանը փաստարկ են ներկայացրել այն մասին, որ նույնիսկ առանց պետական գրանցման նրանք ունեցել են այդ իրավունքը, քանի որ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, գույքի նկատմամբ ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են օրենքով, գործում են նույնիսկ առանց այդպիսի գրանցման: Ամեն դեպքում, եթե նույնիսկ ցանկանային, իրենք չէին կարող գրանցել իրենց իրավունքը, քանի որ Կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ վիճարկվող տան նկատմամբ սահմանվել էին այնպիսի սահմանափակումներ, որոնցով դառնում էր անհնար Անշարժ գույքի կադաստրում այդ տան նկատմամբ ցանկացած գործարքի գրանցումը:
31. Դիմումատու Մերի Դանիելյանը, ի վերջո, փաստարկ է ներկայացրել նաև այն մասին, որ բնակելի տարածքի օգտագործման իր իրավունքը հաստատվել է նաև այն փաստով, որ հայցվորը, դատարաններ դիմելով, ձգտել է դադարեցնել տան նկատմամբ իր իրավունքներ դրամային փոխհատուցում վճարելու միջոցով:
32. Դատարանը նկատում է, որ դիմումատու Մերի Դանիելյանը` որպես հայցվոր, մասնակցել է տան նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու վերաբերյալ դատական վարույթին: Ավելին, ներպետական դատարանները նման դադարեցման մասին որոշում կայացնելիս ակնհայտորեն անդրադարձել են, ի թիվս մյուս դիմումատուների, դիմումատու Մերի Դանիելյանին: Այսպիսով, սեփականության նկատմամբ դիմումատու Մերի Դանիելյանի իրավունքը, այս դեպքում` բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ճանաչվել է ներպետական դատարանների կողմից, որոնք որոշել են փոխհատուցում տրամադրել նրան այդ իրավունքի դադարեցման դիմաց: Այստեղից հետևում է, որ Կառավարության՝ հակառակի մասին պնդումը հիմնված չէ ներպետական դատարանների եզրակացությունների վրա: Այս առումով Դատարանը վերահաստատում է, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքն այն արդեն ճանաչել է որպես «սեփականության իրավունք»` Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս Մինասյանի և Սեմերջյանի գործը՝ վերևում հիշատակված, § 56): Հետևաբար Կառավարության՝ դիմումատու Մերի Դանիելյանի մասով արած առարկությունը պետք է մերժվի:
33. Դիմումատու Քրիստինե Մնացականյանի վերաբերյալ եզրահանգումները, այնուամենայնիվ, այլ են: Սեփականության օտարման վարույթում նա երբեք հանդես չի եկել որպես հայցվոր կողմ, և ոչ էլ դատարանի վճիռներն են առնչվել նրա իրավունքներին կամ որևէ այլ կերպ ակնհայտորեն բացասաբար անդրադարձել նրա իրավունքների վրա: Նա երբեք փորձ չի արել մասնակցել խնդրո առարկա վարույթին և պնդել, որ բնակելի տարածքի օգտագործման իր ենթադրյալ իրավունքը խախտվել է: Դատարանի տրամադրության տակ չկա որևէ նյութ՝ ապացուցելու համար, որ նա իսկապես ունեցել է այդ իրավունքը: Այդ իսկ պատճառով Դատարանն ընդունում է Կառավարության կողմից դիմումատու Քրիստինե Մնացականյանի մասով առարկությունը և գանգատն այդ մասով հայտարարում է անընդունելի:
3. Եզրահանգումը
34. Դատարանը նշում է, որ այս բողոքն առաջին յոթ դիմումատուների մասով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
35. Դիմումատուները պնդել են, որ իրենց սեփականությունից իրենց զրկելը չի կատարվել օրենքով նախատեսված պայմաններով, քանի որ այդ ամենը կատարվել է Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված երաշխիքների խախտմամբ:
36. Կառավարությունը պնդել է, որ Սահմանադրության 28-րդ հոդվածը դիմումատուների գործով կիրառելի չէ:
37. Դատարանը վերահաստատում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ պետական իշխանության ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ թույլատրվում է սեփականությունից զրկում միայն «օրենքով ... նախատեսված պայմաններով», իսկ երկրորդ պարբերությամբ ճանաչվում է, որ պետություններն ունեն սեփականության օգտագործումը «օրենքների» կիրառման միջոցով վերահսկելու իրավունք: Ավելին, ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը` իրավունքի գերակայությունը, արտացոլված է Կոնվենցիայի բոլոր հոդվածներում (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և այլք ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Former King of Greece and Others v. Greece [GC]], թիվ 25701/94, § 79, ՄԻԵԴ 2000-XII): Այնուհետև Դատարանը վերահաստատում է, որ «օրենքով նախատեսված պայմաններով» արտահայտությամբ նախ պահանջվում է բավականաչափ հասանելի և հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և դրանց պահպանում (տե՛ս Լիտգոուն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. The United Kingdom], 1986 թվականի հուլիսի 8, § 110, շարք Ա թիվ 102):
38. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ընդդեմ Հայաստանի մեկ այլ գործով և եզրահանգել, որ սեփականությունից զրկելը և օգտագործման իրավունքը դադարեցնելը չեն կատարվել «օրենքով նախատեսված պայմաններով» (տե՛ս վերևում հիշատակված՝ Մինասյանի և Սեմերջյանի գործը, §§ 69-77): Սույն գործով այդ եզրակացությունից շեղվելու համար Դատարանը որևէ պատճառ չի տեսնում:
39. Համապատասխանաբար խախտվել է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
40. Դիմումատուները նաև ներկայացրել են մի շարք պահանջներ՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների:
41. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, ինչպես նաև այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր դատավորության ներքո` Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման որևէ հատկանիշ: Այստեղից հետևում է, որ գանգատը, համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, այս մասով պետք է մերժվի՝ ակնհայտորեն անհիմն լինելու պատճառով:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
42. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
43. Նյութական վնասի դիմաց դիմումատուներ Սիսակ Դանիելյանը, Կիմա Դանիելյանը, Անդրանիկ Դանիելյանը, Նաիրա Դանիելյանը, Սեդա Դանիելյանը և Սոնա Դանիելյանը պահանջել են 3 002 092 90 եվրո` որպես օտարված գույքի արժեք, իսկ դիմումատու Մերի Դանիելյանը պահանջել է 14 565 40 եվրո` որպես իր՝ օգտագործման դադարեցված իրավունքի արժեք: Նրանք ոչ նյութական վնասի հարցը թողել են Դատարանի հայեցողությանը:
44. Կառավարությունը մեկնաբանություններ չի արել այս պահանջների վերաբերյալ:
45. Դատարանը նշում է, որ նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում նմանատիպ իրավիճակում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը, ըստ Դատարանի, միանգամայն կիրառելի է սույն գործով: Կիրառելով միևնույն մոտեցումը և իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերի հիման վրա տալով գնահատական՝ Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 85 000 եվրո և որոշում է տրամադրել այս գումարը դիմումատուներ Սիսակ Դանիելյանին, Կիմա Դանիելյանին, Անդրանիկ Դանիելյանին, Նաիրա Դանիելյանին, Սեդա Դանիելյանին, Սոնա Դանիելյանին և Մերի Դանիելյանին միասին` մերժելով նրանց պահանջի մնացած մասը: Դատարանն այնուհետև որոշում է յուրաքանչյուր դիմումատուի տրամադրել 1 500 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
46. Դիմումատուները պահանջել են նաև 4 000 ՀՀ դրամ ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար, մասնավորապես` դատական այն ծախսերի, որ իրենց պարտավորեցրել են վճարել:
47. Կառավարությունը մեկնաբանություններ չի արել այս պահանջի վերաբերյալ:
48. Դատարանը որոշում է տրամադրել 6 եվրո` որպես ներպետական դատարաններում ընթացած վարույթի ընթացքում կրած ծախսերի ու ծախքերի հատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
49. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ`
1. Հայտարարում է բոլոր դիմումատուների, բացառությամբ դիմումատու Քրիստինե Մնացականյանի, սեփականությունից զրկելու վերաբերյալ բողոքներն ընդունելի` համաձայն Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի, իսկ գանգատը մնացած մասով` անընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ`
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն ՀՀ դրամով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) նյութական վնասի դիմաց` 85 000 եվրո (ութսունհինգ հազար եվրո) բոլոր դիմումատուներին միասին` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ոչ նյութական վնասի դիմաց` 1 500 եվրո (հազար հինգ հարյուր եվրո) յուրաքանչյուր դիմումատուին` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
iii) ծախսերի և ծախքերի դիմաց` 6 եվրո (վեց եվրո) բոլոր դիմումատուներին միասին` գումարած նրանցից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուների` արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հոկտեմբերի 9-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սանտիագո Կեսադա Քարտուղար |
Ժոզեփ Քասադևալ Նախագահ |
