040.0425.06.07.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1998 թվականի N 425
քաղ. Երևան
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկական ամլացումն իրականացնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
I. Ընդհանուր դրույթներ
1. Բժշկական ամլացումը հատուկ միջամտություն է, որը կիրառվում է որպես բեղմնականխման մշտական եղանակ մարդու սերնդի վերարտադրման ընդունակությունից զրկելու նպատակով:
2. Բժշկական ամլացումը սեռական օրգաններում հղիացումը բացառող փոփոխությունների ստեղծումն է, որը հիմնականում իրականացվում է վիրաբուժական եղանակով: Վիրաբուժական ամլացման համար բնորոշ է արդյունքի կայունությունը և անդարձելիությունը:
3. Տղամարդկանց մոտ վիրաբուժական ամլացման միջամտությունը սերմն արտահանող ծորանների կապումը կամ հատումն է, շրջափակումը կամ խցանումը, իսկ կանանց մոտ` ֆալոպյան փողերի կապումը կամ հատումը:
4. Բժշկական ամլացումը կամավոր է, այն իրականացվում է քաղաքացու գրավոր դիմումի (տեղեկացված համաձայնության) առկայության դեպքում:
5. Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:
II. Բժշկական ամլացումը վիրաբուժական եղանակով իրականացնելու կարգը
6. Բժշկական ամլացումը թույլատրվում է կատարել միայն ստացիոնար բժշկական հաստատություններում`
ա) կանանց` գինեկոլոգիական բաժանմունքներում.
բ) տղամարդկանց` ուրոլոգիական բաժանմունքներում:
7. Բժշկական ամլացումը նպատակահարմար է, եթե`
ա) քաղաքացին վստահ է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ.
բ) կնոջ մոտ հղիությունն ուղեկցվում է բարձր ռիսկով` տարիքի կամ առողջական բարդությունների առումով (եթե կնոջ մոտ առկա է վիրաբուժական ամլացման հակացուցում, ամլացումը ցուցված է ամուսնուն).
գ) նախընտրելի չեն բեղմնականխման ժամանակավոր եղանակները:
8. Բժշկական ամլացումը կատարվում է, եթե`
ա) ընտանիքն ունի չորս և ավելի երեխա.
բ) կինը 40 տարեկան և ավելի է.
գ) կինը ենթարկվել է եռակի կեսարյան հատման և ունի առողջ երեխաներ.
դ) առկա են բժշկական ցուցումներ:
9. Ամլացման բժշկական ցուցումներ են համարվում այն հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են ախտաբանական անդարձելի փոփոխություններով և որոնց դեպքում հղիությունն անհամատեղելի է տվյալ հիվանդության հետ ու սպառնում է կնոջ կյանքին:
10. Բժշկական ամլացման հիմնական հակացուցումներն են` սեռական և այլ օրգանների սուր վարակային ու բորբոքային հիվանդությունները և վիճակները:
Հիվանդությունների բուժումից հետո ամլացումը կատարվում է սույն կարգի դրույթներին համապատասխան:
11. Բժշկական ամլացման վերաբերյալ եզրակացությունը տրվում է ամլացումը կատարող բժշկական հաստատության համապատասխան հանձնաժողովի կողմից (տնօրեն, բաժանմունքի վարիչ, բուժող բժիշկ), գրանցվում է հիվանդության պատմության քարտում և վավերացվում հանձնաժողովի անդամների կողմից:
12. Առանձին դեպքերում, երբ բացակայում է բժշկական ամլացման որևէ ցուցում, ամլացման վերաբերյալ որոշումը կայացվում է քաղաքացու դիմումի հիման վրա` հանձնաժողովի որոշմամբ:
13. Առանձին դեպքերում, երբ հանձնաժողով հրավիրել անհնար է (ոչ աշխատանքային ժամ, կեսարյան հատում, կյանքի ցուցումով և այլն) թույլատրվում է ամլացումը կատարել առնվազն 2 բժշկի եզրակացության հիման վրա:
14. Բժշկական ամլացման կապակցությամբ անաշխատունակության թերթիկը տրվում է ժամանակավոր անաշխատունակության ողջ տևողության համար` ընդհանուր հիմունքներով:
15. Բժշկական ամլացման ենթարկված անձանց տրվում է տեղեկանք կատարված միջամտության վերաբերյալ:
III. Նախազգուշական տեղեկատվություն
16. Քանի որ բժշկական ամլացումն անդարձելի միջամտություն է, ապա այն պետք է լինի կամավոր և դիմողները պետք է տեղեկացված լինեն դրա մասին: Նրանց անհրաժեշտ է տրամադրել բավարար ժամանակ (մեկ ամսից ոչ պակաս) վերջնական որոշում կայացնելու համար:
IV. Տեղեկացված համաձայնություն
17. Տեղեկացված համաձայնությունը բժշկական ամլացմանը կամավոր ենթարկվելու` դիմողի համաձայնությունն է, որը տրվում է նախազգուշական տեղեկատվություն ստանալուց հետո:
Տեղեկացված համաձայնությունը լրացվում է գրավոր` դիմողի ստորագրությամբ: