040.0091.17.02.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 1998 թվականի N 91
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` երկամսյա ժամկետում հաստատել կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի, միավորների ծածկագրերը` ըստ մարզերի և համայնքների, սեփականության ձևերի, հողերի, շենքերի, շինությունների նպատակային նշանակության, և անշարժ գույքի կադաստրային ծածկագրման մեթոդական ցուցումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ
1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:
2. Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման և պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի և միավորների:
3. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից`
ա) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի ծածկագիրն է` կազմված երկնիշ թվից, և սկսվում է 01-ից.
բ) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից.
գ) եթե անշարժ գույքի միավորը գտնվում է մարզի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս (կադաստրային սեկտոր), ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 801-ից.
դ) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված երկնիշ թվից, և սկսվում է 01-ից.
ե) թվերի չորրորդ խումբը հողակտորի ծածկագիրն է` կազմված վեցանիշ թվից, և սկսվում է 000001-ից.
զ) թվերի հինգերորդ խումբը շենքի կամ շինության ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից.
է) թվերի վեցերորդ խումբը բնակելի (բնակարան) կամ ոչ բնակելի տարածքների համարն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից: