ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՌԻԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 սեպտեմբերի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հունիսի 26-ին Ռիգայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 2002 թ. հունիսի 26-ին Ռիգայում` Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության քաղաքացիների փոխադարձ այցելությունների գործող կարգի հեշտացման նպատակով:
Համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերի քաղաքացիների մուտքը, ելքը, տարանցմամբ անցումը և ժամանակավորապես Կողմերից մեկի տարածքում գտնվելը թույլատրվում է համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող` դրան կից հավելվածի 1-ին և 3-րդ կետերում նշված փաստաթղթերի առկայության դեպքում:
Համաձայնագրով նախատեսվում է, որ դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների մուտքը, ելքը, տարանցիկ անցումը և Կողմ պետության տարածքում գտնվելն իրականացվում են առանց մուտքի արտոնագրի` 90 օրից ոչ ավելի` կես տարվա ընթացքում: Այն կարող է երկարաձգվել Կողմերի ներպետական օրենսդրությանը համապատասխան: Մյուս Կողմ պետության տարածքում գտնվող դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցող` դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կամ առևտրային ներկայացուցչության աշխատակիցների մուտքը, ելքը և մյուս Կողմի պետության տարածքում հավատարմագրման ամբողջ ժամանակաշրջանում գտնվելն ապահովվում է առանց մուտքի արտոնագրի: Համաձայնագիրն նախատեսում է, որ նշված դրույթները վերաբերում են նաև այդ անձանց հետ իրենց պաշտոնավարության ընթացքում ապրող ընտանիքների անդամներին, որոնք ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր:
Համաձայնագրում սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնց Կողմերի իրավասու մարմինները պետք է տրամադրեն անվճար մուտքի արտոնագրեր և բազմակի արտոնագրեր:
Համաձայնագրով նախատեսված են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում Կողմերի իրավասու մարմինները հումանիտար բնույթի անհետաձգելի դեպքերում պետք է քսանչորս ժամվա ընթացքում տրամադրեն անվճար մուտքի արտոնագիր:
Համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերից յուրաքանչյուրը կարող է պետական անվտանգության կամ հասարակական կարգի ապահովման, կամ բնակչության առողջության պաշտպանության նպատակով դադարեցնել համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, որի մասին պետք է անհապաղ տեղեկացնի մյուս Կողմին:
Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածով սահմանվում են այն փաստաթղթերը, որոնք Կողմերը սույն համաձայնագրով սահմանից դուրս վավերական են ճանաչում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թվականի հունիսի 26-ին Ռիգայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
