ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունիսի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ Հ. Հարոյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի նախարարների կաբինետի միջև արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման ասպարեզում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մարտի 1-ին` Կիևում, որի նպատակն արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում Կողմերի միջև համագործակցությունն է, ընդ որում, համաձայնագրում մասնավորեցված են այդ համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք ընդգրկում են արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման, տեղեկության օպերատիվ փոխանակման կազմակերպման, փոխադարձ օգնության ցուցաբերման, ինչպես նաև այլ ուղղություններ:
Համաձայնագրի կատարման նպատակով նախատեսված է ստեղծել Արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով, որը պետք է գործի համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան:
2. Համաձայնագրում նախատեսված են արտակարգ իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման կարգն ու տեսակները, համաձայն որոնց` Կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերում համապատասխան հարցման հիման վրա` Կողմերի օրենսդրությանը և նրանցից յուրաքանչյուրի միջոցների առկայությանը համապատասխան: Օգնություն կարող է ցուցաբերվել հարցում անող Կողմի մարդկանց, նյութական արժեքների փրկության և շրջակա բնական միջավայրի պահպանության համար, ընդ որում, օգնություն ցուցաբերող խմբերին արտակարգ իրավիճակի գոտում ստեղծված վիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, թարգմանիչներով, կապի միջոցներով, անվճար բժշկական սպասարկմամբ, սննդով, պաշտպանությամբ և այդ խմբերի գործողությունների համակարգումն ապահովում է հարցում անող Կողմը:
3. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները:
- կազմակերպել օգնություն ցուցաբերող խմբերի տարանցման պետության պետական սահմանն անցնելը,
- հարկման չենթարկել կամ որևէ տուրք չգանձել հարցում անող Կողմի պետության տարածք ներկրվող` օգնություն ցուցաբերող խմբերի անդամների հանդերձանքի, ապահովման նյութերի և անձնական իրերի դիմաց,
- համաձայնագրում նախատեսված կարգով տրամադրող Կողմին վերադարձնել օգնության աշխատանքների ավարտից հետո թմրանյութեր պարունակող դեղամիջոցների մնացորդը,
- հարցում անող Կողմին տեղեկացնել օգնություն ցուցաբերելու համար օդանավերի օգտագործման որոշման մասին, տրամադրող Կողմին ազատել հարցում անող Կողմի պետության տարածքի վրայով իր օդանավերի թռիչքի հետ կապված պարտադիր վճարներից,
- այլ պայմանավորվածության բացակայության դեպքում հատուցել տրամադրող Կողմին օգնություն ցուցաբերելու ընթացքում վերջինիս կրած ծախսերը,
- օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցում անող Կողմի խնդրանքը չեղյալ հայտարարելիս` փոխհատուցել տրամադրող Կողմի կրած ծախսերը,
- օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո հարցում անող Կողմի իրավասու մարմնին գրավոր զեկուցել կատարված աշխատանքների մասին,
- տրամադրող Կողմին պահանջներ չներկայացնել համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրների կատարման ընթացքում մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, սեփականության վնասման կամ կորստի, շրջակա միջավայրին հասցված վնասի համար և տրամադրող Կողմին վճարել փոխհատուցում` մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, ինչպես նաև սարքավորումներին կամ այլ սեփականությանը հասցված վնասի կամ կորստի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը հասցվել է օգնություն ցուցաբերող խմբի անդամի մեղքով:
4. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ արտակարգ իրավիճակներում օգնության ցուցաբերման դեպքում Կողմերի ազգային օրենսդրության կիրառման, պետական սահմանի անցման, աշխատանքների կատարման հետ կապված` օդանավերի, հանդերձանքի և այլ նյութերի օգտագործման պայմանների, ստացված տեղեկությունների օգտագործման, հնարավոր վեճերի կարգավորման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողությունը դադարելու վերաբերյալ:
5. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան պետությունների հետ ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները չեն հակասում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված կոնվենցիայի, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ստորագրված` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (կից կամընտիր արձանագրությամբ) դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի մարտի 1-ին Կիևում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի նախարարների կաբինետի միջև արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման ասպարեզում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Հովհաննիսյան |
|
