ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 1992 թվականի N 184
քաղ. Երևան
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 27-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիների խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու կարգն ու պայմանները (կցվում է):
2. Հաստատել զանգվածային ազատումների չափանիշները և աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցման կարգը (կցվում է):
3. Հաստատել հարմար աշխատանքի ընդունելի չափանիշները (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն կարող են տրամադրել զբաղվածության կենտրոնները` կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների հաշվին և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները` տեղական բյուջեի հաշվին:
2. Միջոցների անբավարարության դեպքում ինչպես զբաղվածության կենտրոնները, այնպես էլ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները կարող են այն ստանալ հանրապետության բյուջեից:
3. Հանրապետության բյուջեի միջոցներից գործազուրկների խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար զբաղվածության կենտրոնները նյութական օժանդակության ենթակա գործազուրկների և նրանց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների թվի ու նախատեսվող նյութական օժանդակության գումարի մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն, իսկ վերջինս` Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4.Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները իրենց բյուջեում միջոցների անբավարարության դեպքում գործազուրկների խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարություն` հանրապետության բյուջեից միջոցներ տրամադրելու նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության որոշմամբ հանրապետական բյուջեից ստանալով այդ միջոցները ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչությունն այն բաշխում է զբաղվածության կենտրոններին` ըստ ներկայացված հայտերի:
6.Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն է տրամադրվում գործազուրկի գրավոր դիմումի հիման վրա` օրացուցային ամսվա ընթացքում 1 անգամից ոչ ավելի:
7. Գործազրկության նպաստ ստանալու ժամանակաշրջանում նյութական օժանդակություն տրվում է միայն գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին, իսկ եթե գործազուրկը նպաստ չի ստանում, ապա նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելիս նկատի է առնվում նաև գործազուրկը:
8. Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն է տրամադրվում միայն այն դեպքում, եթե տվյալ ամսին նախորդած 3 ամիսների ընթացքում գործազուրկի ընտանիքի մեկ շնչին ընկնող միջին ամսական եկամուտը ցածր է աշխատավարձի նվազագույն չափի 30 տոկոսից:
9. Գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին տրամադրվող նյութական օժանդակության գումարը որոշվում է աշխատավարձի նվազագույն չափի 40 տոկոսը կազմող գումարի և գործազուրկի ընտանիքի մեկ շնչին ընկնող միջին ամսական եկամտի (ներառյալ գործազրկության նպաստը) տարբերությունը բազմապատկելով գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների թվով:
10. Գործազուրկի խնամքի տակ գտնվող անդամներին տրամադրված նյութական օժանդակությունը ստանում է գործազուրկը:
11. Գործազուրկի ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար գործազուրկը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
դիմում.
տեղեկանք ընտանիքի անդամների թվի մասին` նշելով նրանց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, զբաղվածությունը (աշխատում է, սովորում է, կենսաթոշակառու է, թե ոչ)
տեղեկանք տեղական խորհրդի գործկոմի սոցապբաժնից` կենսաթոշակառուի կենսաթոշակի և անչափահաս երեխաների նպաստի չափի մասին.
տեղեկանք ընտանիքի բոլոր աշխատունակ տարիքի զբաղված անձանց աշխատավարձի (կրթաթոշակի) չափի մասին.
տեղեկանք Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններից` բնակարանը վարձով տրամադրելու և վարձաչափի մասին.
տեղեկանք պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներից (եթե գործազուրկը նյութական օժանդակության համար դիմել է զբաղվածության կենտրոն)` տվյալ ամսին գործազրկության համար նյութական օժանդակություն տրամադրելու փաստի մասին.
տեղեկանք զբաղվածության կենտրոնից գործազրկության կարգավիճակի և գործազրկության նպաստի չափի մասին (եթե գործազուրկը նյութական օժանդակության համար դիմել է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր մարմնին):
12. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար դիմումներն ու փաստաթղթերը ընդունում են տվյալ ամսի 1-5-ը, իսկ նյութական օժանդակությունը տրամադրում` նույն ամսի 10-15-ը:
13. Զբաղվածության կենտրոնները գործազուրկի խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին նյութական օժանդակություն տրամադրելու համար դիմումներն ու փաստաթղթերն ընդունում են տվյալ ամսի 15-20-ը, իսկ նյութական օժանդակությունը տրամադրում` նույն ամսի 25-ից մինչև ամսվա վերջը:
14. Նյութական օժանդակություն տրամադրելու համար տրվող դիմումների ժամկետները գործազուրկի կողմից չպահպանելու դեպքում տվյալ ամսին նյութական օժանդակություն չի տրամադրվում:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Զանագվածային են համարվում այն ազատումները, որոնք ընդգրկում են տվյալ գործատուի աշխատողների ընդհանուր թվակազմի 3 տոկոսից ավելին, բայց ոչ պակաս` քան 10 մարդ:
2. Աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումներն օրենսդրությամբ սահմանված ժամկետներով կասեցվում է համապատասխան զբաղվածության կենտրոնի կողմից:
3. Եթե գործատուն օրենսդրությամբ սահմանված կարգով զանգվածային ազատումների մասին ժամանակին տեղեկացրել է համապատասխան զբաղվածության կենտրոնին, ապա զանգվածային ազատումների մասին գործատուի ընդունած որոշման կասեցման դեպքում, «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետին համապատասխան, դրա հետևանքով գործատուի հնարավոր վնասները զբաղվածության կենտրոնի կողմից փոխհատուցվում են 25 տոկոսի չափով:
4. Աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցումը զբաղվածության կենտրոնների կողմից կարող է իրականացվել ընդհուպ մինչև օրենսդրությամբ սահմանված այն ժամկետի լրանալը, որին հաջորդում է աշխատողների աշխատանքից ազատումը:
5. Աշխատողների զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների ընդունած որոշումների կասեցման մասին համապատասխան զբաղվածության կենտրոնը գրավոր տեղեկացնում է գործատուին` նշելով կասեցման ժամկետը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հարմար աշխատանքի ընդունելու չափանիշներ են համարվում`
ա) աշխատանքի վարձատրության առումով`
գործազրկության նպաստ ստացող գործազուրկների (բացառությամբ այն գործազուրկների, որոնց նպաստի չափը ցածր է աշխատավարձի նվազագույն չափից) համար զբաղվածության կենտրոնի կողմից առաջարկվող այն աշխատանքը, որի վարձատրության չափը գերազանցում է տվյալ գործազուրկի նպաստի չափը.
գործազրկության նպաստ ստացող այն գործազուրկների համար, որոնց նպաստի չափը ցածր է աշխատավարձի նվազագույն չափից, ինչպես նաև գործազրկության նպաստ չստացող գործազուրկների և աշխատանք փնտրող քաղաքացիների համար զբաղվածության կենտրոնի կողմից առաջարկվող այն աշխատանքը, որի վարձատրության չափը գերազանցում է աշխատավարձի նվազագույն չափը.
բ) աշխատավայրի հեռավորության առումով`
զբաղվածության կենտրոնի կողմից առաջարկվող աշխատանքը, եթե գործատուի գտնվելու վայրը տրանսպորտի որևէ տեսակով կապված է տվյալ քաղաքացու բնակավայրի հետ, ընդ որում, բնակավայրից աշխատավայր հասնելու համար ծախսվող ժամանակը 2 ժամից ավելի չպետք է լինի: