«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
23 դԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 1996 թվականի N 382
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մինչև 1996 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 30-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը:
2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների, պետական տարածքային մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերի (այսուհետև` գերատեսչական նորմատիվ ակտեր) վրա:
3. Գերատեսչական նորմատիվ ակտերը պարտադիր հրատարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում», որը համարվում է պաշտոնական հրապարակում:
Գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական հրապարակման օր է համարվում դրանք «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» հրատարակելու օրը:
4. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» հրատարակվում է շաբաթական մեկ անգամ:
«Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» բաժանորդագրությունն ազատ է:
5. Գերատեսչական նորմատիվ ակտն ուժի մեջ է մտնում դրա պետական գրանցումից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) և պաշտոնական հրապարակումից 5 օր հետո, եթե տվյալ ակտով ավելի ուշ ժամկետ չի նախատեսված:
6. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակվում են դրանք ընդունող պետական մարմնի ղեկավարները:
7. Գերատեսչական նորմատիվ ակտը հրատարակելիս նշվում է դրա կոդը (կարգահամարը), անվանումը, ինչպես նաև ընդունման և պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, այն ստորագրող անձի պաշտոնը, անվան սկզբնատառն ու ազգանունը, պետական գրանցման համարը:
8. Գերատեսչական նորմատիվ ակտերի կոդերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած իրավական ակտերի կոդավորման համակարգին համապատասխան:
9. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրատարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» ըստ հրատարակման ուղարկվելու հերթականության, բայց ոչ ուշ, քան դրանք ստացվելու օրվանից 7-օրյա ժամկետում:
10. Հրապարակման ենթակա չեն միայն այն գերատեսչական նորմատիվ ակտերը կամ դրանց այն առանձին մասերն ու կետերը, որոնք պարունակում են պետական գաղտնիք և չեն վերաբերում մարդու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին:
Նշված գերատեսչական նորմատիվ ակտերն ուժի մեջ են մտնում պետական գրանցման պահից: