ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 573
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեման (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների երթուղին յուրաքանչյուր դեպքում որոշում է Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսատունը (մաքսային կետը), տալով երթուղային ուղեգիր` ըստ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ու Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից հաստատված ձևի, և նշում ելքի մաքսատուն (մաքսային կետ) հասնելու ժամկետը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ու ներքին գործերի նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների թույլտվություն տալու կարգի մասին:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումների երթուղիներից շեղվելու համար դրանց իրականացնողներին համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ բնապահպան տուրքեր սահմանելու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումներ կատարող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ կազմակերպական-տեխնիկական միջոցառումներ:
7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների համար նախատեսված ավտոճանապարհների բարեկարգ վիճակը, անհրաժեշտ տեղեկատու-ցուցանակների և ճանապարհատրանսպորտային համապատասխան նշանների տեղադրումը, ինչպես նաև տարանցիկ և միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման հնարավորությունները տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայով նախատեսված կետերում:
8. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը ու տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայով նախատեսված կետերում տրանսպորտային միջոցների շուրջօրյա վառելիքայուղային լցավորման հնարավորությունը:
9. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության սահմանային կետերում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների վերաբերյալ համապատասխան մատչելի տեղեկատվություն:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքով ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող պետություններին տեղեկացնել տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումների երթուղիների սխեմայի մասին:
11. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |