ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՈՌՈԳՄԱՆ ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
5 նոյեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի համաձայնագրում (Ոռոգման պատվարների անվտանգության երկրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Զարգացման վարկի համաձայնագիրը (Ոռոգման պատվարների անվտանգության երկրորդ ծրագիր) Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է 2004 թ. օգոստոսի 10-ին, Երևանում` ոռոգման պատվարների անվտանգության երկրորդ ծրագրի իրականացումը ֆինանսավորելու նպատակով:
2. Նշված նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը, համաձայնագրով նախատեսված պայմաններով և ժամկետներում, Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է 4.700.000 փոխառության հատուկ իրավունքներին հավասար, տարբեր արտարժույթներով արտահայտված գումար:
Վարկը նախատեսվում է մարել կիսամյակային մուծումներով` մինչև 2044 թ. մայիսի 1-ը: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորման սահմանային ժամկետ է սահմանված 2009 թ. մարտի 31-ը:
3. Համաձայնագրի անբաժան մասն են կազմում. Միջազգային զարգացման ընկերակցության կողմից 1985 թվականի հունվարի 1-ին ընդունված` «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները», ինչպես նաև թվով հինգ հավելվածներ, որոնք համապատասխանաբար սահմանում են վարկի միջոցներից առհանման կարգը, վարկի միջոցների ծախսման ուղղությունները, ծրագրի շրջանակներում կատարվող գնումների, ծրագրի կատարման ղեկավարման և վերահսկման, հատուկ հաշվից վճարումներ կատարելու ընթացակարգերը:
4. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ծրագիրն իրականացնել մինչև 2008 թվականի սեպտեմբերի 30-ը` համաձայնագրի հավելված 4-ով նախատեսված` իրականացման Ծրագրին համապատասխան:
5. Ծրագիրն ընդգրկում է հետևյալ բաղադրատարրերը.
- պատվարների վերականգնման աշխատանքների նախագծում, ընտրված քառասունյոթ պատվարների վերականգնում,
- պատվարների ամրապնդում, ինչը ներառում է տասնվեց պատվարների մոտեցնող ճանապարհների նախագծում և վերականգնում, ջրամատակարարման գործակալության կարողությունների ամրապնդում, պատվարների անվտանգությունն ապահովող սարքավորումների մատակարարում և տեղադրում,
- Ծրագրի կառավարում:
6. Ծրագրի կառավարման և իրականացման համար պատասխանատու է Ծրագրի իրականացման գրասենյակը, որի գործունեության կառավարումն ու վերահսկողությունը պետք է իրականացվի Ծրագրի կառավարման խորհրդի կողմից, որն ստեղծվել է ՀՀ վարչապետի 2001 թ. մարտի 27-ի թիվ 233 որոշմամբ:
7. Ծրագրի իրականացման վերոհիշյալ բնագավառներում վարկային միջոցները նախատեսվում է ծախսել.
- աշխատանքներ իրականացնելու նպատակով` 2.090.000 ՓՀԻ չափով գումար, ապրանքներ ձեռք բերելու նպատակով` 1.637.000 ՓՀԻ չափով գումար, խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով` 592.000 ՓՀԻ չափով գումար,
- գործառնական ծախսերի նպատակով` 63.000 ՓՀԻ չափով գումար:
8. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- վարկի հիմնական գումարի չառհանված մասի համար Ընկերակցությանը վճարել կատարման ենթակա վճար, ինչպես նաև սպասարկման վճար` հաշվարկված վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված և չվճարված գումարի տարեկան մեկ տոկոսի երեք քառորդի չափով,
- Ծրագիրն իրականացնել պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ` պահպանելով վարչական, ֆինանսական, բնապահպանական և տեխնիկական բնույթի համապատասխան պահանջները,
- անհրաժեշտության դեպքում տրամադրել միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ և Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ,
- Ընկերակցության համար ընդունելի որևէ առևտրային բանկում բացել և վարել հաշիվ (Ծրագրի հաշիվ),
- Ընկերակցությանը ներկայացնել Ծրագրի ապագա գործողության պլան,
- վարել ֆինանսական կառավարման համակարգ, պատրաստել Ընկերակցության համար ընդունելի` հետևողականորեն կիրառելի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ճշգրտորեն արտացոլեն Ծրագրի աշխատանքները, ռեսուրսները և ծախսերը:
9. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներից ելնելով, գնահատելով Ոռոգման պատվարների անվտանգության ծրագրի առնչությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ոռոգման պատվարների անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1999 թվականի հոկտեմբերի 7-ին կնքվել է համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 19.700.000 հատուկ իրավունքներին համարժեք գումարի չափով` մարման շուրջ 35 տարվա ժամկետով:
2000 թվականին Հայաստանի Հանրապետությունում սկսված բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով գյուղատնտեսության բնագավառում ստեղծված իրավիճակից ելնելով, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2001 թվականի հունվարի 29-ի և փետրվարի 26-ի թիվ 63, 143 որոշումներով վերաբաշխել է ոռոգման պատվարների անվտանգության ապահովման վերոհիշյալ համաձայնագրով նախատեսված վարկային միջոցները` մեկ միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար (1.294.000) ԱՄՆ դոլար գումար հատկացնելով գարնանացանի և խորքային հորերի վերականգնման աշխատանքները ֆինանսավորելու, իսկ երկու միլիոն վեց հարյուր վաթսուն հազար (2.660.000) ԱՄՆ դոլար` հողի նախացանքային մշակության, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմացուների ներկրման և ցանքի կատարման ծրագրի ֆինանսավորման նպատակներով: Միաժամանակ, վերոհիշյալ վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասը կազմող` «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանների» 11 հոդվածի 11.03 կետի դրույթներից ելնելով, 2001 թվականի մարտի 7-ի թվագրմամբ, Միջազգային զարգացման ընկերակցության և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի միջև ստորագրված արձանագրությամբ փոփոխություն է կատարվել 1999 թվականի հոկտեմբերի 7-ի` վերոհիշյալ համաձայնագրի 1.02, 3.01 բաժիններում և 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ժամանակացույցերում:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային (միջպետական) պայմանագրերի փոփոխությունները և լրացումները ենթակա են վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացման են ենթակա նաև նախապես վավերացված միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի այն փոփոխությունները և լրացումները, որոնք պարունակում են «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթներ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թ. օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի համաձայնագրում (Ոռոգման պատվարների անվտանգության երկրորդ ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող | Գ. Հարությունյան |
|