ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԿԻԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 սեպտեմբերի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև քաղաքացիների առանց վիզաների այցելությունների մասին 1999 թվականի դեկտեմբերի 24-ին Կիևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև քաղաքացիների առանց վիզաների այցելությունների մասին համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի դեկտեմբերի 24-ին` Կիևում: Համաձայնագրի նպատակն է ապահովել պայմանավորվող պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և կարգավորել այդ պետությունների քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը:
Քննության առարկա համաձայնագրով կողմերը փոխադարձաբար պարտավորվում են թույլատրել մի Կողմի պետության քաղաքացիներին մյուս Կողմի պետության տարածք մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել և այնտեղ գտնվել առանց մուտքի արտոնագրի:
Երկու պետությունների կողմից` միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի փոխայցելությունների կարգի սահմանումն ընդլայնում է ՀՀ Սահմանադրության 22 հոդվածում և Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12 հոդվածում ամրագրված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացման սահմանները:
Համաձայնագրի հավելվածում տրված է միմյանց տարածք մուտք գործելու և այնտեղից դուրս գալու համար Կողմերի պետությունների քաղաքացիների վավերական փաստաթղթերի ցանկը: Կողմերը պարտավորվում են մինչև համաձայնագրի ուժի մեջ մտնելը փոխանակել այդ փաստաթղթերի նմուշները, իսկ նոր փաստաթղթեր գործողության մեջ դնելու կամ գործող փաստաթղթերի մեջ փոփոխությունների դեպքում` դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնել դրանից 30 օր առաջ:
Համաձայնագրով Կողմերին իրավունք է վերապահվում ամբողջովին կամ մասամբ դադարեցնել համաձայնագրի առանձին դրույթների գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության, հասարակական կարգի կամ բնակչության առողջության պաշտպանության շահերից ելնելով:
Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով: Նախատեսված է համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև քաղաքացիների առանց վիզաների այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|