ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 1993 թվականի N 418
քաղ. Երևան
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՇՏԱՅԻՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել երկրաբանահետախուզական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական և դրանց հետ կապված աշխատանքներում զբաղված աշխատողներին դաշտային բավարարման վճարման մասին կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ, ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԴԱՇՏԱՅԻՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Երկրաբանահետախուզական, տեղագրագեոդեզիական, նախագծահետազոտական և դրանց հետ կապված աշխատանքներում զբաղված աշխատողներին դաշտային պայմաններում հավելյալ ծախսերը փոխհատուցելու նպատակով դաշտային բավարարումը վճարվում է`
ա) ջոկատների, տեղամասերի, պարտիաների, արշավախմբերի և դրանց հավասարեցված ձեռնարկությունների ու կազմակերպությունների (այսուհետև` դաշտային կազմակերպություններ) աշխատողներին, անկախ գերատեսչական ենթակայությունից, դաշտում գտնվելու ժամանակ աշխատանքային ծրագրով և նախագծով նախատեսված առաջադրանքների կատարումն ապահովելու համար.
բ) դաշտային կազմակերպություններին անմիջապես սպասարկելու համար ժամանակավորապես ստեղծված և դրանց տեղաբաշխման վայրում գտնվող դպրոցների, բանվորական մատակարարման բաժինների, բժշկական, մշակութային ու մանկական նախադպրոցական հիմնարկությունների, ինչպես նաև կապի և այլ կազմակերպությունների աշխատողներին:
2. Դաշտային կազմակերպությունների ցանկն ամեն տարի հաստատվում է համապատասխան նախարարության, պետական վարչության և գերատեսչության կողմից` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության հետ:
3. Աշխատողներին դաշտային բավարարման վճարումը կատարվում է դաշտային աշխատանքներում գտնվելու բոլոր օրացուցային օրերի համար և ձևակերպվում է այն կազմակերպության հրամանով, որի հաստիքներում նրանք գտնվում են:
4. Յուրաքանչյուր օրվա համար դաշտային բավարարումը վճարվում է աշխատողներին գործուղման ծախսերի սահմանված օրապահիկի 50 տոկոսի չափով:
5. Դաշտային բավարարման վճարումն աշխատողների համար պահպանվում է`
ա) ժամանակավոր անաշխատունակության ընթացքում.
բ) հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
Նշված դեպքերում դաշտային բավարարումն աշխատողներին վճարվում է միայն դաշտային կազմակերպությունների տեղաբաշխման վայրում գտնվելու դեպքում:
6. Դաշտային բավարարումը չի վճարվում`
ա) աշխատողներին, որոնք հնարավորություն ունեն ամեն օր վերադառնալու իրենց մշտական բնակության վայրերը:
Ընդ որում, ամեն օր մշտական բնակության վայր վերադառնալու հնարավորության հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշվում է կազմակերպության ղեկավարի կողմից` հաշվի առնելով բնակության վայրի հեռավորությունը, տրանսպորտային հաղորդակցության պայմանները, կատարվող առաջադրանքի բնույթը, ինչպես նաև աշխատողի համար հանգստի պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը.
բ) աշխատողներին, որոնք գտնվում են ամենամյա հերթական արձակուրդում և առողջարանա-կուրորտային բուժման մեջ.
գ) քաղաքատիպ ավաններում տեղաբաշխված ձեռնարկությունների և կազմակերպությունների ու դրանց մասնաճյուղերի, տեղամասերի, արտադրամասերի, խմբերի, ջոկատների և դրանց հավասարեցված այլ ստորաբաժանումների բազաներում գտնվելիս, եթե նրանք ապահովված են պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների կողմից տվյալ բնակավայրի համար հաստատված նորմաներին համապատասխանող կացարանով:
7. Դաշտային կազմակերպությունից գործուղում մեկնելիս աշխատողի դաշտային բավարարման վճարումը դադարեցվում է:
8. Այլ մասնագիտացված կազմակերպությունների աշխատողներին (բացառությամբ այդ կազմակերպությունների կառավարման ապարատի) դաշտային բավարարումը վճարվում է սույն կանոնադրությամբ սահմանված կազմակերպությունների համար դաշտային պայմաններում օժանդակ և զուգընթաց աշխատանքներ կատարելիս:
9. Դաշտային աշխատանքներ կատարող ոչ պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատողներին դաշտային բավարարումը վճարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով: