ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 1993 թվականի N 255
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ շուկայական էկոնոմիկայի անցման պայմաններում առևտրի համակարգում զարգացել և արագորեն ընդլայնվում է առևտրի ոչ պետական ոլորտը:
Նախատեսվում է 1993 թվականին իրականացնել առևտրական գործունեությամբ զբաղվող պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների լայնածավալ սեփականաշնորհում, որի ուղղությամբ որոշ աշխատանքներ են կատարվել:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ առևտրի համակարգում առկա են լուրջ թերություններ և բացթողումներ:
Դանդաղ են ընթանում շուկայական էկոնոմիկայի պահանջներին համապատասխան առևտրի համակարգի կառուցվածքի կատարելագործման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությունը հետևողականորեն չի ապահովում տնտհաշվարկի հիմունքներով գործող առևտրական օբյեկտների ցանցի ընդլայնման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 4-ի «Առևտրական ձեռնարկությունները (խանութները) իրավաբանական անձի իրավունքով օժտելու մասին» N 194 որոշման պահանջների կատարումը, գործնական քայլեր չի ձեռնարկել համակարգի օբյեկտները «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններում չի ապահովվում առևտրի կազմակերպման և կարգավորման կանոնների պահպանումը:
Մանրածախ առևտրի ցանցը հագեցված չէ հաշվառման պարզեցմանը և սպասարկման կուլտուրայի բարձրացմանը նպաստող հաշվիչ-վերահսկիչ դրամարկղային ապարատներով:
Անբավարար է իրականացվում ապրանքների, հատկապես պարենային, որակի վերահսկողությունը, չեն պահպանվում ապրանքների պահման տարրական կանոնները:
Հանրապետության պետական ձեռնարկություններում լայն սպառման ապրանքների, հատկապես առաջին անհրաժեշտության պարենամթերքի, արտադրության ծավալների զգալի անկման պայմաններում, նշված ապրանքները հիմնականում բաց են թողնվում առևտրի ոչ պետական համակարգի ձեռնարկություններին, որի հետևանքով տեղի են ունենում սակավ ռեսուրսների փոշիացման, միջնորդների միջամտության հետևանքով գների արհեստական աճի և այլ անցանկալի երևույթներ:
Հանրապետության բնակչության պարենային մատակարարումը բարելավելու և առևտրի համակարգում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը`
ա) հանրապետության առևտրի ամբողջ համակարգում առևտրի պետական կարգավորման, կանոնների պահպանման և վերահսկողության նպատակով մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նախարարության պետառտեսչության բազայի վրա որակի ու առևտրի պետական տեսչության ստեղծման վերաբերյալ որոշման նախագիծ և տեսչության կանոնադրության նախագիծը.
բ) երկամսյա ժամկետում, շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ, շուկայական էկոնոմիկայի պահանջներին համապատասխան վերամշակել գործող առևտրի կանոնները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
գ) միջոցառումներ իրականացնել համակարգի օբյեկտների կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ, այն համապատասխանեցնելով «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությունը` իրենց կողմից ներմուծվող, ինչպես նաև հանրապետությունում ձեռք բերված տեղական պետական արտադրության պարենային ապրանքների, ծխախոտի, օճառի և ալկոհոլային խմիչքների վաճառքն իրականացնել միայն պետական առևտրի և Հայկոոպի համակարգի առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններում:
3. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` պետական պատվերից ու առաջադրանքից դուրս ազատ բաշխման ենթակա` իր համակարգի արտադրության աղի, պանրի, անարատ կաթնամթերքի, մսի և երշիկեղենի, հրուշակեղենի, բուսական յուղի, մարգարինի, ծխախոտի, օճառի և ալկոհոլային խմիչքների ռեսուրսների 75 տոկոսն իրացնել միայն պետական առևտրի և Հայկոոպի համակարգի առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով այդ ապրանքների վերավաճառքը բացառելու ուղղությամբ:
Թույլատրել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նաղարարությանը նշված ապրանքների ազատ ռեսուրսների ծավալի մինչև 25 տոկոսն օգտագօրծել նախարարության համակարգի ձեռնարկությունների համար անհրաժեշտ հումքի և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև պարենի ներբերման նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությունը`
ա) Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների գծով ենթակա կազմակերպությունների կողմից պայմանագրերի կնքումը` սահմանած ծավալների շրջանակներում, հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայի պահանջները և գործող շուկայական գները.
բ) ելնելով սպառողական շուկայի իրավիճակից, սահմանված կարգով եռամսյակը մեկ ճշգրտել պայմանագրով նախատեսված ապրանքների ծավալները, տեսականին և գները, արտադրողներին իրավունք վերապահելով ազատ տնօրինելու չհայտավորված ապրանքները:
5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` միջոցներ ձեռնարկել մինչև 1993 թվականի սեպտեմբերի 1-ը հանրապետության տարածքում գործող առևտրական գործունեությամբ զբաղվող բոլոր ձեռնարկությունները դրամարկղային էլեկտրական և մեխանիկական հաշվիչ-վերահսկիչ ապարատներով ապահովելու ուղղությամբ:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրական գործունեությամբ զբաղվող պետական առևտրի և Հայկոոպի համակարգի ձեռնարկություններում 1993 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ ոչ պետական ձեռնարկություններում` 1993 թվականի նոյեմբերի 1-ից ապրանքների մանրածախ վաճառքը պետք է իրականացվի միայն դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների միջոցով, բացառությամբ կրպակների և շրջիկ առևտրական օբյեկտների:
7. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` սույն որոշման 6-րդ կետից բխող փոփոխություններ կատարել առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններում ստացվող շահույթի վերահսկման կարգում:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի փետրվարի 7-ի «Ազատ գների պայմաններում հանրապետության առևտրի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման որոշ միջոցառումների մասին» N 93 որոշման 1-ին կետի «դ» ենթակետից 1993 թվականի նոյեմբերի 1-ից հանել «իսկ ապրանքների վաճառքի գործարքը կկատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով», բառերը:
9. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` անկախ առևտրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) նկատմամբ միասնական հարկային քաղաքականություն կիրառելու վերաբերյալ:
10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` հանրապետությունում մենաշնորհատեր հանդիսացող ձեռնարկությունների կողմից արտադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների համար կարգավորվող գներ սահմանելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |