ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 1992 թվականի N 607
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱԼՅՈՒՏԱՅՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձանց և քաղաքացիների վալյուտայով ստացված եկամուտների հարկումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 1992 թվականի ապրիլի 1-ը վալյուտայով իրականացված տնտեսական և ապրանքափոխանակման գործառնություններից ստացված եկամուտների հարկման համար կիրառել նախկին ԽՍՀՄ պետբանկի 1991 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ սահմանված վալյուտային առևտրային կուրսերը, իսկ 1992 թվականի ապրիլի 1-ից հետո` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև պաշտոնական ազգային վալյուտայի կիրառումն օտարերկրյա վալյուտայի նկատմամբ ռուբլու կուրսի կարգավորման մասին» N 144 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության բանկի կողմից սահմանվող վալյուտային հաշվարկային կուրսերը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել տեղեկություն արտահանման թույլտվություն (լիցենզիա) ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել տեղեկություն իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից արտահանման և ներմուծման ծավալների մասին:
4. Հայաստանի Հանրապետության բանկին` ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն ներկայացնել տեղեկություն իրավաբանական և ֆիզիկական անձանց վալյուտայով ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման համար թույլտվություն (լիցենզիա) տալու մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |