ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԾԱՏՈՒՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 37821/03)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
10 հունվարի 2012թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
10/04/2012
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Ջուսեփ Կասադևայ [Josep Casadevall]՝ Նախագահ,
Կորնելիու Բիրսան [Corneliu Bîrsan],
Ալվինա Գյուլումյան [Alvin Gyulumyan],
Էխբերտ Մայեր [Egbert Myjer],
Ինետա Զիմելե [Ineta Ziemele],
Լուիս Լոպես Գեռա[Luis López Guerra],
Միհայ Պուալելունջ [Mihai Poalelungi]` դատավորներ,
և Սանտիագո Քեսադա [Santiago Quesada]՝ Բաժանմունքի քարտուղար,
2011 թվականի նոյեմբերի 29-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Աշոտ Ծատուրյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2003 թվականի նոյեմբերի 28-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 37821/03) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել են Ջորջթաունում (Կանադա) գործող իրավաբան պրն Զ.Մ. Բարնսը, Պաթերսոնում (ԱՄՆ) գործող իրավաբան պրն Ա. Քարբոնին և Երևանում գործող իրավաբան պրն Ռ. Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։
3. 2005 թվականի սեպտեմբերի 6-ին Երրորդ բաժանմունքի նախագահը որոշել է գանգատի մասին ծանուցել Կառավարությանը:
4. 2011 թվականի հունիսի 23-ին Երրորդ բաժանմունքի նախագահը որոշել է Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետի կիրառմամբ միևնույն ժամանակ քննության առնել գանգատի ընդունելիության և ըստ էության քննության հարցերը։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1980 թվականին և բնակվում է Երևան քաղաքում:
Ա. Գործի նախապատմությունը
6. Դիմումատուն Եհովայի վկա է: 1997 թվականից ի վեր նա մասնակցել է Եհովայի վկաների տարբեր կրոնական ծիսակատարություններին:
7. 1997 թվականի հունվարի 31-ին դիմումատուն հաշվառվել է Շահումյանի զինվորական կոմիսարիատում որպես զինապարտ: Համալսարանում ուսանելու պատճառով դիմումատուի զորակոչը հետաձգվել է:
8. 2002 թվականի սեպտեմբերի 23-ին դիմումատուն ստացել է զինվորական ծառայություն անցնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու ծանուցում:
9. Նույն օրը դիմումատուն գրավոր դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի զինվորական կոմիսարիատ՝ հայտնելով, որ չի ներկայանալու զինվորական ծառայություն անցնելու համար, և խնդրելով, որ իր գործն ուղարկվի դատախազություն: Դիմումատուն նաև գրավոր տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազին, որ ինքը հրաժարվում է զինվորական ծառայություն իրականացնել՝ իր կրոնական համոզմունքներից ելնելով, սակայն պատրաստ է իրականացնել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:
10. 2002 թվականի հոկտեմբերի 2-ին Շահումյանի զինվորական կոմիսարը գրություն է ուղարկել ոստիկանության համապատասխան բաժին՝ դիմումատուի կողմից զինվորական ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ՝ հայցելով վերջինիս հարկադրաբար ներկայացնել կոմիսարիատ:
11. 2002 թվականի հոկտեմբերի 17-ին դիմումատուն ոստիկանության բաժնում հայտարարություն է արել այն մասին, որ հրաժարվում է անցնել զինվորական ծառայություն իր կրոնական համոզմունքներից ելնելով՝ հայտնելով, սակայն, այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անցնելու ցանկություն:
12. 2002 թվականի նոյեմբերի 8-ի գրությամբ Երևան [քաղաքի] Շենգավիթ համայնքի դատախազությունը տեղեկացրել է դիմումատուին, որ նա կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հրաժարվի զինվորական ծառայություն անցնելուց:
Բ. Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը
13. 2003 թվականի մարտի 4-ին Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն հարուցվել է քրեական գործ՝ դիմումատուի կողմից ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:
14. 2003 թվականի մարտի 18-ին դիմումատուն հարցաքննվել է Երևան [քաղաքի] Շենգավիթ համայնքի դատախազությունում: Նա ևս մեկ անգամ նշել է, որ կրոնական համոզմունքներից ելնելով՝ հրաժարվում է ծառայել բանակում, սակայն պատրաստ է անցնել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:
15. Նույն օրը Երևան [քաղաքի] Շենգավիթ համայնքի [առաջին ատյանի] դատարանը կայացրել է դիմումատուի նախնական կալանավորման մասին որոշում:
16. 2003 թվականի ապրիլի 29-ին Երևան [քաղաքի] Շենգավիթ համայնքի [առաջին ատյանի] դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեջ և դատապարտել է երկու տարի ժամկետով ազատազրկման:
17. Չպարզված օրը դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք:
18. 2003 թվականի հունիսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
19. 2003 թվականի հուլիսի 3-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով, inter alia (ի թիվս այլնի), որ իր դատապարտմամբ խախտվել են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքները:
20. 2003 թվականի հուլիսի 25-ին Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել դիմումատուի դատապարտման վերաբերյալ դատավճիռը:
21. 2003 թվականի օգոստոսի 28-ին դիմումատուն իր նկատմամբ սահմանված պատժի ժամկետից հինգ ամիս և տասը օր կրելուց հետո պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
22. Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ նկարագրի համար տե՛ս Բայաթյանն ընդդեմ Հայաստանի [Bayatyan v. Armenia] գործով ([ՄՊ], թիվ 23459/03, §§41-45, 2011 թվականի հուլիսի 7 ) վճիռը:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
23. Դիմումատուն բողոքել է այն մասին, որ զինվորական ծառայություն անցնելուց հրաժարվելու համար իր դատապարտմամբ խախտվել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, համաձայն որի.
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատությունը:
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»:
Ա. Ընդունելիությունը
1. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը
24. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով, քանի որ նա «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիման վրա չի դիմել Կառավարությանը՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու պահանջով:
25. Դիմումատուն պնդել է, որ սպառել է իրավական պաշտպանության ներպետական բոլոր արդյունավետ միջոցները՝ իր դեմ կայացված դատավճիռը բողոքարկելով Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան: Ամեն դեպքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը չի կարող համարվել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց:
26. Դատարանը նշում է, որ Կառավարությունը ներկայացրել է համանման այնպիսի փաստարկ, որը մերժված է եղել դեռևս Բայաթյանն ընդդեմ Հայաստանի [Bayatyan v. Armenia] ((որոշում), թիվ 23459/03, 2006 թվականի դեկտեմբերի 12) գործում: Սույն գործով առկա չէ այլ եզրակացության հանգելու որևէ հիմք:
27. Հետևաբար այս առարկությունը պետք է մերժվի:
2. Եզրակացություն
28. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Արդյոք կատարվել է միջամտություն
29. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ 9-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին որևէ միջամտություն չի կատարվել: Նրանք պնդել են, որ 9-րդ հոդվածը կիրառելի չի եղել դիմումատուի գործի նկատմամբ, քանի որ ինչպես մեկնաբանվել է նախկին՝ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի կողմից, դրանով չի երաշխավորվել կրոնական համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը:
30. Դիմումատուն պնդել է, որ 9-րդ հոդվածը կիրառելի է իր գործի նկատմամբ, և կրոնը դավանելու իր ազատության նկատմամբ կատարվել է միջամտություն:
31. Դատարանը նշում է, որ Մեծ պալատն այս հարցով վերջերս եզրակացրել է, որ զինվորական ծառայությունից հրաժարումը, եթե այն առաջացել է բանակում ծառայելու պարտականության և անձի խղճի կամ խորը և իրական կրոնական կամ այլ համոզմունքների միջև լուրջ և ծանրակշիռ հակասության արդյունքում, համարվում է այնպիսի հավատք կամ համոզմունք, որն ունի բավարար հիմնավորվածություն, լրջություն, միասնականություն և կարևորություն՝ 9-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ներգրավման համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Բայաթյանի գործը, § 110): Այդ գործում Մեծ պալատը եզրակացրել է, որ 9-րդ հոդվածը կիրառելի է դիմումատուի գործի նկատմամբ, որը նույնպես եղել է Եհովայի վկա և, կրոնական համոզմունքներից ելնելով, հրաժարվել է զինվորական ծառայությունից, ինչպես նաև գտել է, որ դիմումատուի հրաժարումը զինվորական ծառայությունից բխել է վերջինիս կրոնական համոզմունքներից, որոնք իրականում սահմանված են եղել և լուրջ ու աներկբա հակասության մեջ են գտնվել զինվորական ծառայության պարտականության հետ (նույն տեղում, § 111):
32. Դատարանի դիտարկմամբ՝ սույն գործի հանգամանքները գործնականում նույնական են: Այդ իսկ պատճառով այն մերժում է Կառավարության փաստարկը և գտնում է, որ 9-րդ հոդվածը կիրառելի է դիմումատուի գործի նկատմամբ:
33. Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն զորակոչին չներկայանալու միջոցով արտահայտել է իր կրոնական համոզմունքները: Նրա դատապարտումը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար համարվում է 9-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված կրոնի արտահայտման ազատության իրավունքին միջամտություն (նույն տեղում, § 112): Նման միջամտությունը հակասում է 9-րդ հոդվածին, եթե այն «նախատեսված չէ օրենքով», չի հետապնդում 2-րդ պարբերությամբ սահմանված մեկ կամ ավելի իրավաչափ նպատակներ և «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում» (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բուսկարինին և այլք ընդդեմ Սան Մարինոյի [ՄՊ] [Buscarini and Others v. San Marino [GC]], թիվ 24645/94, § 34, ՄԻԵԴ 1999-I):
2. Արդյոք միջամտությունն արդարացված էր
ա) Օրենքով սահմանված լինելը
34. Դիմումատուն նշել է, որ միջամտությունն օրենքով սահմանված չի եղել, քանի որ դրանով խախտվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Եվրոպայի խորհրդին անդամակցության ժամանակ Հայաստանի իշխանությունների ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածից բխող՝ Հայաստանի մյուս միջազգային պարտավորությունները:
35. Կառավարությունն այս դրույթի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի կատարել:
36. Դատարանը, ելնելով սույն գործի նպատակներից և միջամտության անհրաժեշտության վերաբերյալ իր եզրահանգումներից (տե՛ս ստորև՝ 44-45-րդ պարբերությունները), նպատակահարմար է գտնում անպատասխան թողնել միջամտության՝ օրենքով սահմանված լինելու հարցը (տե՛ս վերևում հիշատակված՝ Բայաթյանի գործը, § 116):
բ) Իրավաչափ նպատակը
37. Դիմումատուն նշել է, որ այդ միջամտությունը չի հետապնդել իրավաչափ նպատակ: 9-րդ հոդվածի 2-րդ կետով չեն թույլատրվում սահմանափակումներ՝ կապված ազգային անվտանգության շահերի հետ, մինչդեռ դիմումատուի դատապարտման ընթացքում ներպետական դատարանների կողմից որևէ այլ նպատակ չի վկայակոչվել:
38. Կառավարությունն այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի կատարել:
39. Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշել՝ արդյոք միջամտությունը 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հետապնդել է իրավաչափ նպատակ, քանի որ այն ամեն դեպքում ստորև նշված պատճառներով չի համապատասխանել այդ դրույթին (նույն տեղում, § 117):
գ) Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ լինելը
40. Դիմումատուն պնդել է, որ համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց նկատմամբ քրեական պատժամիջոցների կիրառումը, նույնիսկ որոշ այն անդամ պետություններում, որոնցում դեռևս չի ներդրվել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:
Հայաստանյան իշխանությունները գիտակցում են, որ ստանձնել են՝ համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց ազատազրկելուց ձեռնպահ մնալու պարտավորություն՝ նույնիսկ նախքան նման ծառայությունն ապահովող օրենքի ընդունումը: Ավելին, իր նկատմամբ կիրառված ազատազրկումն ամբողջովին անհամաչափ է եղել ժամանակակից ժողովրդավարական պետության մեջ:
41. Կառավարությունն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չի կատարել:
42. Դատարանը վերահաստատում է, որ, ինչպես ամրագրված է 9-րդ հոդվածում, մտքի, խղճի և կրոնի ազատությունը Կոնվենցիայի իմաստով «ժողովրդավարական հասարակության» հիմքերից մեկն է: Այս ազատությունն իր կրոնական ասպեկտով հավատացյալների ինքնությունը և նրանց կողմից կյանքի իմաստավորումը հաստատելու կարևորագույն բաղադրիչներից մեկն է, սակայն այն նաև բավականին արժեքավոր նշանակություն ունի աթեիստների, ագնոստիկների, սկեպտիկների և կրոնական կողմնորոշում չունեցողների համար: Դարերի ընթացքում թանկ գնով ձեռք բերված բազմակարծությունը ժողովրդավարական հասարակության անբաժանելի մասն է կազմում և պայմանավորված է դրանով: Այդ ազատությունը ենթադրում է, inter alia, կրոնական համոզմունքներ ունենալու կամ չունենալու կամ կրոնը դավանելու կամ չդավանելու ազատություն (տե՛ս Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի [Kokkinakis v. Greece], 1993 թվականի մայիսի 25, § 31, շարք Ա, թիվ 260-Ա, վերևում հիշատակված՝ Բուսկարինիի և այլոց գործը, § 34, և Լեյլա Սահինն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Leyla Şahin v. Turkey [GC]], թիվ 44774/98, § 104, ՄԻԵԴ 2005- XI):
43. Թեև կրոնական ազատությունը հիմնականում անհատի գիտակցության հարցն է, այն, inter alia, ենթադրում է նաև անձի՝ կրոնը դավանելու ազատություն, ինչպես միանձնյա և հրապարակավ կամ մասնավոր կարգով, այնպես էլ այլ այնպիսի անձանց հետ համատեղ, որոնց համոզմունքներն ինքը կիսում է: 9-րդ հոդվածով թվարկվում է անձի կրոնի կամ համոզմունքի արտահայտման մի քանի տեսակ, ինչպես օրինակ՝ պաշտամունք, քարոզչություն, արարողություններ և ծեսեր (տե՛ս Հասանն ու Չաուշն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Hasan and Chaush v. Bulgaria [GC]], թիվ 30985/96, § 60, ՄԻԵԴ 2000-XI, և Բեսարաբիայի Մետրոպոլիտեն եկեղեցին և այլք ընդդեմ Մոլդովայի [Metropolitan Church of Bessarabia and Others v. Moldova],թիվ 45701/99, § 114, ՄԻԵԴ 2001-XII):
44. Դատարանը նշում է, որ այն արդեն քննել է նմանատիպ բողոք Բայաթյանի գործով և եզրակացրել է, որ դիմումատուի նկատմամբ պատժամիջոցի կիրառումն այն դեպքում, երբ իր խղճի և համոզմունքի պահանջների որևէ բավարարում չի իրականացվել, չի կարող համարվել անհրաժեշտ միջոց ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս վերևում հիշատակված՝ Բայաթյանի գործը, §§ 124-125): Սույն գործում դիմումատուն համանման կերպով եղել է Եհովայի վկա և ցանկացել է ազատվել զինվորական ծառայությունից ոչ թե անձնական շահերից կամ հարմարավետությունից ելնելով, այլ իր կողմից իրապես դավանած կրոնական հավատքի հիմքով, և քրեական պատժամիջոցների հանգեցրած միակ պատճառը, թե ինչու չի կարողացել այդպես վարվել, եղել է նման հնարավորության բացակայությունը:
45. Վերը նշված պատճառներից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի դատապարտումը համարվել է միջամտություն, որը Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իմաստով անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում: Համապատասխանաբար տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
46. Դիմումատուն նաև ներկայացրել է մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 9-րդ և 14-րդ հոդվածների շրջանակներում:
47. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը, և այնքանով, որքանով այս բողոքները գտնվում են իր իրավասության շրջանակներում, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվել Կոնվենցիայում կամ դրան կից արձանագրություններում ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Հետևաբար, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, գանգատի այս մասը պետք է մերժվի՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
48. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
49. Դիմումատուն պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
50. Կառավարությունն այս պահանջի մասով մեկնաբանություն չի կատարել:
51. Դատարանը գտնում է, որ դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս՝ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու արդյունքում դատապարտվելու և ազատազրկման ենթարկվելու հետևանքով: Ելնելով գործի հանգամանքներից և արդարության սկզբունքից՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 6 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
52. Դիմումատուն պահանջել է ընդհանուր 12 250 եվրո` որպես ներպետական դատարաններում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի դիմաց փոխհատուցում: Դիմումատուն ներկայացրել է երեք՝ մեկ ներպետական և երկու օտարերկրյա իրավաբանների մատուցած ծառայությամբ պայմանավորված ծախսերի նախահաշիվները, որոնցում նշված են եղել ընդհուպ մինչև եւ ներառյալ իր գործով վերջնական որոշում կայացնելու պահը կատարված աշխատանքի յուրաքանչյուր մասնաբաժնի դիմաց վճարման ենթակա միանվագ գումարները:
53. Կառավարությունն այս պահանջի մասով մեկնաբանություն չի կատարել:
54. Դատարանը վերահաստատում է, որ դատական ծախսերը ենթակա են փոխհատուցման միայն այնքանով, որքանով դրանք վերաբերում են հայտնաբերված խախտումներին (տե՛ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Beyeler v. Italy [GC]], թիվ 33202/96, § 27, ՄԻԵԴ 2000-I): Սույն գործում, դիմումատուի կողմից Դատարան ներկայացված գանգատը ներառել է նաև Կոնվենցիայի 9-րդ և 14-րդ հոդվածների ներքո ներկայացված բազմաթիվ այլ բողոքներ, որոնք հայտարարվել են անընդունելի: Հետևաբար դիմումատուի պահանջը չի կարող բավարարվել ամբողջությամբ. այն պետք է կրճատել: Առկա տեղեկությունների հիման վրա կատարելով սեփական հաշվարկները՝ Դատարանը որոշում է դիմումատուին շնորհել 4 000 եվրո՝ կատարված դատական ծախսերի և ծախքերի դիմաց:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
55. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Հայտարարում է ձայների մեծամասնությամբ, Կոնվենցիայի 9-րդ հոդվածի մասով ներկայացված՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքով դիմումատուի դատապարտման վերաբերյալ բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Վճռում է ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն Հայաստանի Հանրապետության դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 6 000 եվրո (վեց հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 4 000 եվրո (չորս հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է միաձայն դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հունվարի 10-ին՝ Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն։
Սանտիագո Քեսադա Քարտուղար |
Ջուսեփ Կասադևայ Նախագահ |
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն՝ սույն վճռին կից ներկայացվում են դատավորներ Գյուլումյանի և Զիմելեի առանձին կարծիքները։
Ջ.Կ.Մ.
Ս.Ք.
ԴԱՏԱՎՈՐ ԳՅՈԻԼՈԻՄՅԱՆԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Այս գանգատը ներկայացվել է Բայաթյանն ընդդեմ Հայաստանի [Bayatyan v. Armenia] ([ՄՊ], թիվ 23459/03, 2011 թվականի հուլիսի 7) գործի հետ միաժամանակ, և դրանում բարձրացվել է միևնույն խնդիրը՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն:
Բայաթյանի գործով Մեծ պալատը կողմ է քվեարկել վերը նշված հոդվածի խախտման առկայությանը, և սույն գործով Պալատի [անդամների] մեծամասնությունը ցուցաբերել է միևնույն մոտեցումը:
Բայաթյանի գործով իմ կողմից մանրամասն ներկայացված չհամընկնող կարծիքում նշված պատճառներով ես քվեարկել եմ գանգատի ընդունելիության և պահանջի ըստ էության քննության առնչությամբ մեծամասնության [կարծիքի] դեմ, ուստիև նույն կերպ վարվել եմ սույն գործում:
ԴԱՏԱՎՈՐ ԶԻՄԵԼԵԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1. Սույն գործում կիրառվում է Դատարանի կողմից Բայաթյանն ընդդեմ Հայաստանի [Bayatyan v. Armenia] ([ՄՊ], թիվ 23459/03, §§ 41-45, 2011 թվականի հուլիսի 7) գործով վճռում ամրագրված միևնույն մոտեցումը: Առկա են երեք հիմնական հիմքեր կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքերում կրոնի ազատության իրավունքի խախտում ճանաչելու համար. առաջինը՝ անձի խիղճը կամ խորը և իրական կրոնական կամ այլ համոզմունքները, որոնք ենթադրում են այնպիսի հավատք կամ համոզմունք, որն ունի բավարար հիմնավորվածություն, լրջություն, միասնականություն և կարևորություն՝ 9-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ներգրավման համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Բայաթյանի գործը, § 110), երկրորդ՝ այն փաստը, որ Հայաստանում ենթադրյալ իրադարձությունների ժամանակ եվրոպական պետությունների իրավական պրակտիկայում արդեն իսկ ճանաչված է եղել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, և երրորդ՝ Հայաստանը ստանձնել է այդ իրավունքի կիրարկումը ներպետական մակարդակում ապահովելու նպատակով անհրաժեշտ օրենսդրություն ընդունելու պարտավորություն:
2. Բայաթյանի գործով վճռում, որում ամրագրված մոտեցմանը Պալատը հետևել է սույն գործում, բարձրացվում է բավականին հետաքրքիր հարց, որը վերաբերում է հաստատված տեղական սովորութային նորմերի լույսի ներքո Կոնվենցիայի կիրառման հարցին այնպիսի պետության առնչությամբ, որին քաղաքական գործընթացների համատեքստում տրվել է որոշակի ժամկետ այդ սովորութային նորմին համապատասխանությունն ապահովելու համար: Դատարանի պատասխանն այն է, որ նույնիսկ եթե տվյալ գործի փաստական հանգամանքներն առաջացել են նախքան Եվրոպայի խորհրդին անդամակցելու ժամանակ այլընտրանքային ծառայության մասին համապատասխան ներպետական օրենսդրության ընդունման նպատակով Հայաստանին տրված անցումային ժամանակահատվածը և դրա ընթացքում, համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց կրոնի ազատությունը հարգելու պարտավորությունը կիրառվում է այն պահից, երբ այդ իրավունքն ինքնին սահմանվել է միջազգային իրավունքով, և տվյալ պետությունը վավերացրել է Կոնվենցիան: Դրա ուժով հետաքրքիր լույսի ներքո ներկայացվում է Եվրոպայի խորհրդի դերը և հետագայում անդամ պետությունների կողմից կազմակերպությանն անդամակցելու վավերապայմանների շուրջ բանակցության քաղաքական գործընթացը: Բայաթյանի գործով վճռում ո՛չ Մեծ պալատը և ո՛չ էլ Պալատն այս խնդրին չեն տվել հստակ լուծում: Փոխարենը, Դատարանի կողմից որպես փաստարկ դիտարկվել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի երկխոսությունը՝ որպես դիմումատուների իրավունքների և հանրային շահի միջև հավասարակշռության ապահովման մի մաս:
3. Ինձ համար պարզ է դառնում, որ նախկինում Դատարանի կողմից ընդունվել է ավելի հստակ դիրքորոշում՝ հավանական հակասող պարտավորությունների խնդրի առնչությամբ: Օրինակ՝ Սլիվենկոն ընդդեմ Լատվիայի [Slivenko v. Latvia] գործով այն նշել է, որ.
«1997 թվականի հունիսի 27-ին վավերացնելով Կոնվենցիան և Թիվ 1, 4, 6 և 7 արձանագրությունները՝ [Լատվիան] ստանձնել է՝ այդ օրվանից ի վեր իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի՝ Կոնվենցիայով և նշված արձանագրություններով (Կոնվենցիայի 1-ին հոդված) սահմանված իրավունքներն ու ազատություններն «ապահովելու» պարտավորություն՝ Կոնվենցիայի 57-րդ հոդվածի ներքո կատարված գործող վերապահումներին համապատասխան: ... Կոնվենցիայի 57-րդ հոդվածի 1-ին կետը 1-ին հոդվածի հետ համատեղ դիտարկելով՝ հետևում է, որ պետության կողմից Կոնվենցիայի վավերացումը ենթադրում է, որ այսուհետ տվյալ պետության տարածքում գործող ցանկացած օրենք պետք է համապատասխանի Կոնվենցիային: Այլ պարագայում, տվյալ պետությունն օժտված է Կոնվենցիայի (կամ դրան կից արձանագրությունների) այն հատուկ դրույթների մասով վերապահում կատարելու հնարավորությամբ, որպիսի դրույթներին լիարժեք համապատասխանությունն այն չի կարող ապահովել՝ քննարկվող օրենքի շարունակական գործողության պատճառով (տե՛ս Սլիվենկոն ընդդեմ Լատվիայի (որոշում) [ՄՊ] [Slivenko v. Latvia (dec.) [GC]] , թիվ 48321/99, §§ 58 և 60, ՄԻԵԴ 2002-II (քաղվածքներ))»:
4. Վերջապես, սույն և այլ գործերով ես գտնում եմ, որ Դատարանի կողմից սահմանվել է բավականին բարդ ստուգման չափորոշիչ այն հավատքի կամ համոզմունքի առնչությամբ, որն ունի բավարար հիմնավորվածություն, լրջություն, միասնականություն և կարևորություն՝ 9-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ներգրավման համար: Ինձ համար պարզ չէ, թե ինչպես Դատարանը կգնահատի բավարար հիմնավորվածության, լրջության և միասնականության առկայությունը: Սույն գործով դիմումատուն դարձել է Եհովայի վկա այն նույն տարում, որ տարում նա հաշվառվել է որպես պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձ: Ամեն դեպքում, Պալատը չի քննել դիմումատուի համոզմունքի հիմնավորված լինելու հանգամանքը: Դատարանը եզրակացրել է, որ.
«դիմումատուն համանման կերպով եղել է Եհովայի վկա, որը ցանկացել է ազատվել զինվորական ծառայությունից, ոչ թե անձնական շահերից կամ հարմարավետությունից ելնելով, այլ իր կողմից իրապես դավանած կրոնական հավատքի հիմքով, և քրեական պատժամիջոցների հանգեցրած միակ պատճառը, թե ինչու չի կարողացել այդպես վարվել, եղել է նման հնարավորության բացակայությունը:» (տե՛ս 44-րդ պարբերությունը): Կարծում եմ, որ Եվրոպական դատարանը ելնում է այն ենթադրությունից, որ դիմումատուն իրապես դավանում է հավատք, որպիսի հանգամանքը հաստատվում է նրա կողմից ներպետական բոլոր ատյանները սպառելու հանգամանքով, և որ Կառավարության կողմից հակընդդեմ բերվող որևէ պատշաճ ներպետական գնահատականի կամ փաստարկի բացակայության պայմաններում, Դատարանը պետք է այդպիսի ենթադրության կողմ լիներ: Ես կարող եմ միանշանակ համաձայնել, որ այդ հարցի առնչությամբ Կառավարությունը հակառակը հիմնավորող որևէ ապացույց կամ համապատասխան բացատրություն չի ներկայացրել: Իմ կարծիքով, այդ ստուգման չափորոշչի և հետագա գործերում դրա կիրառելիության առնչությամբ դեռևս առկա է լուծում չստացած խնդիր: