ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 1992 թվականի N 163
քաղ. Երևան
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի մասին կանոնադրությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` տասնօրյա ժամկետում հաստատել թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի ընդունման, բացթողման և հաշվառման կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանը (պետգանձարանը) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական մարմին, որտեղ կենտրոնացվում են բոլոր տեսակի թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը` իբրև Հայաստանի Հանրապետության պետական ֆոնդի արժեքներ:
2. Պետգանձարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ենթակայության տակ:
3. Պետգանձարանը ղեկավարում է պետը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:
4. Պետգանձարանը իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հրամաններով և ցուցումներով, սույն կանոնադրությամբ:
5. Պետգանձարանի ենթակայության տակ են գտնվում թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի (ստորև` արժեքների) պահպանությունն իրականացնող օբյեկտները:
6. Պետգանձարանը հանդիսանում է իրավաբանական անձ, նրա պահպանության ծախսերը կատարվում են բյուջեի հաշվին, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
7. Պետգանձարանի կառուցվածքը, հաստիքները և ծախսերի նախահաշիվը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:
8. Պետգանձարանը ունի ինքնուրույն գաղտնի ռեժիմային ծառայություն, որն օգտվում է Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հատուկ սպասարկումից:
9. Պետգանձարանի օբյեկտները և դրանցում պահվող արժեքները փոխադրումների ժամանակ պահպանվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
II. Պետգանձարանի խնդիրները ԵՎ ֆունկցիաները
10. Պետգանձարանի գլխավոր խնդիրներն են`
պետական արժեքների կենտրոնացված ֆոնդի ստեղծումը և նրա մշտական համալրումը.
պետգանձարանում գտնվող արժեքների հուսալի պահպանության և հաշվառման ապահովումը, տեսակավորումը, ինչպես նաև ատեստացիան. սահմանված կարգով թանկարժեք մետաղների ու քարերի ձեռքբերումը և դրանցով ժողովրդական տնտեսության օբյեկտների ժամանակին ապահովումը.
հայրենական և արտասահմանյան առաջավոր փորձի ուսումնասիրությունն ու ներդրումը թանկարժեք մետաղների տեսակավորման և դասակարգման բնագավառում.
պետգանձարան մուտքագրվող արժեքների մասսայի և քանակի ստուգումը, ըստ ստացված արդյունքների հաշվեգրելով դրանք Հայաստանի Հանրապետության պետֆոնդ.
III. Պետգանձարանի իրավասությունը
11. Պետգանձարանից արժեքների բացթողում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն:
12. Հայաստանի Հանրապետության պետգանձարանից թանկարժեք մետաղների ջարդոնի, թափոնի և թանկարժեք մետաղներ պարունակող ոչ կոնդիցիոն համաձուլվածքների հանձնում համապատասխան ձեռնարկություններին` վերամշակման և աֆինաժի համար, իսկ Հայաստանի Հանրապետության մաքսատներից ու այլ մարմիններից պետգանձարան բերված ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի տրամադրում առևտրական և այլ կազմակերպություններին` իրացման կամ օգտագործման համար:
13. Պետգանձարան արտազատված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների թափոնի և ջարդոնի, ոչ կոնդիցիոն թանկարժեք մետաղների և առանձին դեպքերում պետգանձարանից վերամշակող և արտազատող ձեռնարկություններ ֆոնդավորված արժեքների հասցնում:
14. Հունվարի 1-ի դրությամբ պետգանձարանի արժեքների ամենամյա գույքագրման անցկացում:
15. Պետգանձարանում գտնվող արժեքների հաշվապահական հաշվառման իրականացում:
16. Թանգարաններում և այլ մշակութալուսավորչական կազմակերպություններում գտնվող արժեքների արտահաշվեկշռային հաշվառում;
17. Սահմանված կարգով հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ պետգանձարան հանձնվող ու պետգանձարանից բացթողնվող արժեքների հաշվառում:
18. Պետգանձարանում գտնվող ոսկերչական իրերի վերականգնում և վաճառքի համար առևտրական կազմակերպություններին հանձնում:
19. Կազմակերպություններից, քաղաքացիներից, այդ թվում նաև օտարերկրյա, որակական բարձր բնութագրի թանկարժեք բնական քարերի, թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձրարժեք գեղարվեստական ոսկերչական իրերի, ինչպես նաև թանգարանային և հնաոճ արժեքների ձեռքբերում և պետգանձարան հաշվեգրում:
20. Թանկարժեք իրերի ցուցահանդեսների կազմակերպում: