ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1991 թվականի N 161
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ազատ ձեռներեցության և շուկայական էկոնոմիկայի անցնելու, ձեռնարկությունների տնտեսական գործունեությունը կարգավորելու, հանրապետության ազգային հարստությունը և պետական շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունները և տնտեսավարող մյուս սուբյեկտները ազատ են զբաղվելու տնտեսական գործունեության բոլոր տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք պետության մենաշնորհ են հանդիսանում կամ որոնցով զբաղվելու համար անհրաժեշտ է ստանալ պետության թույլտվությունը (լիցենզիան):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգը (կցվում է):
3. Նոր ստեղծվող ձեռնարկությունները կարող են սկսել լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեություն միայն պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից թույլտվություն ստանալուց հետո:
Մինչև սույն որոշման կիրարկումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղված ձեռնարկությունները (բացառությամբ գործող պետական ձեռնարկությունների) պարտավոր են այդպիսի գործունեությունը շարունակելու համար մինչև 1991 թվականի հուլիսի 1-ը ստանալ համապատասխան թույլտվություն:
4. Առանց պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվության, լիցենզավորման ենթակա գործունեությամբ ձեռնարկությունների զբաղվելու դեպքում, ստացված ամբողջ հասույթը գանձվում է հանրապետության այն բյուջե, ուր մուտք է արվում տվյալ ձեռնարկության շահույթից (եկամտից) գանձվող հարկը:
5. Սույն որոշումը կիրարկել հրապարակման պահից:
6. Ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ակտերի այն դրույթները, որոնք հակասում են սույն որոշմանը:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, պետական կոմիտեներին և գերատեսչություններին` երկշաբաթյա ժամկետում մշակել լիցենզիաների տրամադրման չափանիշներ, լիցենզիա ստանալու համար հայտի ձև, լիցենզիայի տրամադրումը մերժելու ձևը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության կոնկրետ տեսակներով զբաղվելու հարցում ձեռնարկությունների և պետության հարաբերություններն ու պարտադիր է սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար (բացի գործող պետական ձեռնարկություններից):
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակները, կախված ձեռնարկությունների դրանցով զբաղվելու իրավասության աստիճանից, դասվում են հետևյալ խմբերի`
ա) արգելված գործունեության տեսակներ.
բ) պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ.
դ) հանրապետության պետական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներ.
ե) ազատ գործունեության տեսակներ:
3. Արգելված գործունեության տեսակների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
4. Պետության մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակներով (ցանկ 1) զբաղվելու թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` բացառապես պետական ձեռնարկություններին:
5. Պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով (ցանկ 2) կարող են զբաղվել սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված տարբեր տեսակի ձեռնարկությունները (պետական ձեռնարկությունների համար նման թույլտվություն չի պահանջվում)` պետական կառավարման համապատասխան մարմինների թույլտվությունը ստանալուց հետո:
6. Սույն կարգի 1 և 2 ցանկերում չնախատեսված տնտեսական գործունեության մյուս տեսակներով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկություններն իրավունք ունեն զբաղվելու առանց որևէ թույլտվության:
7. Սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի, կենցաղային քիմիայի ապրանքների, թմրամիջոցների, թունավոր և ուժեղ ներգործության նյութերի, դեղամիջոցների, օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրության համար թույլտվություն տալու հիմք են ծառայում այդ արտադրանքների մասին փորձաքննական վերլուծություններով հաստատված եզրակացությունները: Արտադրողը պարտավոր է սույն կետում նշված ապրանքների արտադրության համար թույլտվության ամբողջ ժամանակահատվածում խստորեն պահպանել փորձաքննական վերլուծությունների ներկայացված նմուշները և որակական բոլոր հատկանիշները:
8. Որևէ գործունեության լիցենզիա ստանալու նպատակով սեփականության բոլոր ձևերի վրա հիմնված ձեռնարկությունները և անհատները ներկայացնում են հայտ պետական կառավարման համապատասխան մարմիններին, որին կցում են տվյալ գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
(փոփ. 20.06.91թ. թիվ 415 որոշմամբ)
9. Պետական կառավարման համապատասխան մարմինները ներկայացված հայտի վերաբերյալ պարտավոր են որոշում կայացնել 15 օրվա ընթացքում, իսկ փորձագետների եզրակացության անհրաժեշտության դեպքում` այդ եզրակացությունը ստանալուց հետո, 10 օրվա ընթացքում:
10. Թույլտվությունը (ձևը կցվում է) կամ մերժման մասին որոշումը հայտ ներկայացնողին հանձնվում է որոշում կայացնելուց հետո` 3 օրվա ընթացքում:
11. Բացասական պատասխանի դեպքում լիցենզիա ստացող հայցվորն իրավունք ունի 30 օրվա ընթացքում դիմել դատարան` մերժման մասին կայացրած որոշումը վերանայելու և նրան հասցված վնասը փոխհատուցելու համար:
Գործունեությունների համար լիցենզիա հատկացնողը իրականացնում է այդ լիցենզիաների հաշվառում:
12. Գործունեության թույլտվությունը տրվում է որոշակի ժամկետով, որի համար գանձվում է վճար: Վճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
13. Ձեռնարկության գործունեության դադարեցման դեպքում նրան տրված թույլտվությունը կորցնում է ուժը:
14. Գործունեության թույլտվության համար հայտը կարող է մերժվել`
ա) հաստատված սանիտարահիգիենիկ նորմաներին արտադրության, առևտրի և գործունեության մյուս ձևերի անհամապատասխանության դեպքում.
բ) պետական ստանդարտներին արտադրանքի անհամապատասխանության դեպքում
գ) համապատասխան որակավորման բացակայության դեպքում.
դ) գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների բացակայության դեպքում:
Աննպատակահարմարության շարժառիթներով թույլտվության մերժումն արգելվում է: Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:
15. Մերժման մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն բողոքարկել դատարանում:
16. Գործունեության թույլտվություն տվող մարմինը իրականացնում է դրա հաշվառում` գրանցման մատյանում:
17. Թույլտվությունը չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում թույլտվություն տված համապատասխան մարմինը սահմանում է ժամկետ` ձեռնարկության կողմից թույլ տրված խախտումները վերացնելու համար:
18. Սահմանված ժամկետում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում գործունեության թույլտվությունը կարող է չեղյալ համարվել այն տված մարմնի կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հետևյալ հիմքերով`
ա) եթե թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտի և հիմնավորումների մեջ տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
բ) եթե ձեռնարկության գործունեությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը.
գ) եթե ձեռնարկությունը չի կատարում թույլտվության մեջ նշված հատուկ պահանջները:
19. Թույլտվությունը չեղյալ համարելու մասին որոշումը 3 օրվա ընթացքում ուղարկվում է ձեռնարկությանը:
20. Թույլտվությունը չեղյալ համարելու մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում ձեռնարկությունն իրավունք ունի այն բողոքարկելու դատարանում:
Ց Ա Ն Կ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Քաղաքացիներին, իրավաբանական անձանց ու նրանց մարմիններին, պետություններին, միջազգային կազմակերպություններին ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի, թմրամիջոցների, պայթուցիկ, ուժեղ ներգործության և ռադիոակտիվ նյութերի վաճառք և նշված սուբյեկտներից այդպիսի առարկաների, միջոցների ու նյութերի ձեռքբերումը:
2. Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի արտադրություն ու նորոգում:
3. Թմրեցուցիչների, թունավոր, ուժեղ ներգործության և ռադիոակտիվ նյութերի պատրաստում:
4. Դատական փորձաքննության անցկացում:
5. Քաղաքացիների հոգեկան վիճակի ախտորոշում:
6. Գյուտերի, հայտնագործությունների և գիտական մշակումների պատենտավորում (արտոնագրում) և հեղինակային իրավունքի շնորհում:
7. Դրամահատում, պետական շքանշանների, կնիքներ, դրոշմակնիքների պատրաստում:
8. Ոսկու, մոլիբդենի և այլ թանկարժեք ու ռազմական նշանակություն ունեցող նյութերի պետական պաշարների ստեղծում, պահպանում և օգտագործում:
9. Պետական սեփականություն հանդիսացող արխիվների արխիվային ծառայություններ:
(փոփ. 20.06.91թ. թիվ 415 և 13.02.92թ. թիվ 37 որոշումներով)
Ց Ա Ն Կ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ
Լիցենզավորող մարմնի անվանումը |
Գործունեության տեսակը |
1 |
2 |
Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչություն | օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպում |
Անդրերկաթուղու Երևանի բաժանմունք | երկաթուղային տրանսպորտի (բացի ներտնտեսայինից) աշխատանքի կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության կապի նախարարություն | կապի տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում |
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե |
հեռուստահաղորդումների տեխնիկական համակարգերի արտադրություն և սպասարկում, այդ թվում կաբելային հեռուստատեսություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն | ջրամբարների կառուցում և շահագործում, սերմնաբուծության և տնկանյութերի արտադրության կազմակերպում, սերմնանյութի և տնկանյութի իրացում |
«Հայարդշինանյութեր» ԱՄ (էկոնոմպետկոմի քվոտաների սահմաններում ՀՀ էկոնոմպետկոմ*) | բնական շինանյութերի արդյունահանում և շահագործում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն | ընդերքի ռեսուրսային ներուժի (պոտենցիալի) շահագործում, այդ թվում` մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների, ստորգետնյա, հանքային և քաղցրահամ ջրերի ընդերքը որպես պահեստարանների օգտագործում և շահագործում թանկարժեք մետաղների, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտադրություն, այդ նյութերի օգտագործմամբ առարկաների պատրաստում և վաճառք հիդրոկայանների և էներգիայի այլընտրանքային աղբյուրի հիման վրա էներգիա արտադրող օբյեկտների կառուցում և շահագործում կենցաղային քիմիայի ապրանքների արտադրություն բորսաների կազմակերպում և բորսային միջնորդային ծառայություններ (ֆոնդային բորսաների լիցենզիան տրվում է ֆինանսների նախարարության հետ համատեղ) |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն | բոլոր կարգի վիճակախաղերի կազմակերպում, անցկացում և վիճակախաղերի տոմսերի իրացում շահումներով խաղերի անցկացում և խաղատների (կազինոյի) կազմակերպում ապահովագրական գործունեություն աուդիտորական ծառայություն արժեթղթերի պատրաստում |
ՀՀ կենտրոնական բանկ | բանկային գործի կազմակերպում, և արժութային աճուրդների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և լեռնային հսկողության կոմիտե | պայթեցման աշխատանքների իրականացում |
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն | անվտանգության, պահնորդային և խուզարկուական ծառայություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն | ցանկացած տեսակի բժշկական օգնություն, բացի ոչ տեխնիկական միջոցներով կատարվող ախտորոշումից դեղամիջոցների պատրաստում, վաճառք օծանելիքների և գեղարարության նյութերի արտադրություն |
Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարություն | սննդամթերքի, ծխախոտի, խմիչքի արտադրություն |
Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարություն |
գրավատների կազմակերպում հասարակական սննդի կազմակերպում և իրացում |
Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարություն | հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպում |
ԽՍՀՄ պետստանդարտի հայկական հանրապետության վարչություն | չափիչ սարքերի արտադրություն, ստուգում, նորոգում և կարգավորում |
Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական կոմիտե | նախագծահետազոտական աշխատանքների կազմակերպում |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն | օրենսդրական ակտերի, նորմատիվ այլ փաստաթղթերի հրատարակում և բազմացում իրավաբանական ծառայություն |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային վարչություն | արխիվային ծառայություններ |
ՀՀ կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն (Հայպետատոմհսկողություն) | ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման օբյեկտների հրապարակների ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում, վերակառուցում (այդ թվում կատարելագործում և վերանորոգում), շահագործումից հանում միջուկային և ռադիոակտիվ նյութերի, թափոնների պահպանում, վերամշակում, տեղափոխում, օգտագործում, թաղում ատոմային էներգիայի և (կամ) միջուկային ու ռադիոակտիվ նյութերի օգտագործմամբ իրականացվող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի պահպանման ու թաղման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի հետազոտում ու փորձաքննության անցկացում կապված միջուկային և ռադիացիոն անվտանգության հետ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի տեխնոլոգիաների, սարքավորումների, ծառայությունների, միջուկային ու ռադիոակտիվ թափոնների ներմուծում և արտահանում ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների պահպանման ու թաղման օբյեկտների համար տեղակայանքների, սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում և պատրաստում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի համար նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի (բացառությամբ սանիտարահիգիենիկ նորմերի) մշակում |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարություն | Սևանա լճում արդյունագործական ձկնորսություն |
*) Գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների համար գործունեության թույլտվությունը (լիցենզիան) տրվում է «Հայարդշինանյութեր» ԱՄ-ի կողմից, նոր ստեղծվող ձեռնարկություններին և կազմակերպություններին` ՀՀ էկոնոմպետկոմի կողմից:
/փոփ. 20.06.91 թ. թիվ 415, 16.06.92 թ. թիվ 352, 13.02.93 թ. թիվ 37, 11.06.93 թ. թիվ 300, 21.04.94 թ. թիվ 193, 10.12.94 թ. թիվ 568, 04.07.95 թ. թիվ 401, 22.08.95 թ. թիվ 5, 26.01.96 թիվ 23 որոշումներ/
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կ.Տ.
Գրանցման համարը | ----------------------------------------------------- |
Գրանցման ժամանակը | ----------------------------------------------------- |
Գործողության ժամկետը | ----------------------------------------------------- |
Ձեռնարկության անվանումը և հասցեն | ------------------------------------------------------ |
Գործունեության տեսակը | ------------------------------------------------------ |
Հատուկ պահանջներ | ------------------------------------------------------- |
------------------------------------------------------- | |
Թույլատվություն տվող մարմինը | ------------------------------------------------------- |
Պաշտոնատար անձ | ------------------------------------------------------- |