ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«08» մայիս 2025 թ. |
N 44-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Լիցենզավորված անձանց կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների թարմացման, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և անձնական, ներառյալ` հատուկ կատեգորիայի տվյալների մուտքագրման ընթացակարգը հաստատելու մասին» N 99-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10․ Այն տվյալները, որոնք արդեն իսկ առկա են դրանք մշակող կազմակերպությունների կողմից վարվող տվյալների բազաներում և միացած են Կառավարության փոխգործելիության հարթակին, ինքնաշխատ եղանակով ներբեռնվում են կամ հարցման միջոցով ստացվում են այդ հարթակից:»․
2) 13-րդ կետից հետո լրացնել նոր` 13.1-ին և 13.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.
«13.1. Տեխնիկական խափանումների պատճառով Համակարգի անհասանելիության դեպքում տվյալները տվյալների մուտքագրողի կողմից թղթային տարբերակով պահպանվում և լրացվում են «Տեխնիկական խափանումների ժամանակահատվածում պահպանվող տվյալների գրանցամատյան»-ում: Խափանման ժամանակ լրացվում են հետևյալ տվյալները.
1) խափանման ժամանակահատվածի սկիզբը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն).
2) խափանման պատճառը (հոսանքի ընդհատում, ինտերնետ կապի խափանում, Համակարգի խափանում կամ այլ պատճառ).
3) փաստաթղթի տեսակը (ամբուլատոր քարտ, պատմագիր, դեղատոմս, ուղեգիր, անաշխատունակության թերթիկ կամ այլ փաստաթղթեր).
4) բոլոր այն տվյալները, որոնք խափանումը վերացնելուց և Համակարգի հասանելիությունը վերականգնվելուց հետո պետք է մուտքագրվեն Համակարգ.
5) լրացնողի անուն, ազգանուն, ստորագրություն:
13.2. Համակարգի տեխնիկական խափանումը վերացնելուց հետո տվյալները մուտքագրվում են Համակարգ` դրա հասանելիության վերականգնվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո նույն ժամկետում «Տեխնիկական խափանումների ժամանակահատվածում պահպանվող տվյալների գրանցամատյան»-ում լրացվում են հետևյալ տվյալները.
1) խափանման ժամանակահատվածի ավարտը (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն).
2) տվյալների Համակարգ մուտքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն.
3) լրացնողի անուն, ազգանուն, ստորագրություն:»․
3) 18-րդ կետի 2-րդ ենթակետում ««Հարկատու-3» համակարգից» բառերը փոխարինել «բազայից» բառով․
4) 18-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) Հատուկ կատեգորիայի տվյալները, որոնք ցուցադրվում են յուրաքանչյուր էլեկտրոնային դեպքի մեջ (կոնտակտային անձ, ալերգիաներ, ռիսկի խումբ, պատվաստումներ, վնասակար սովորություններ, արյան խումբ, ժառանգական անամնեզ հղիությունների քանակ, դաշտանադադար, ճնշման վերջին չափում, քրոնիկ հիվանդություններ, օգտագործվող հիմնական դեղեր, տարած վիրահատություններ և փոխպատվաստումներ)»․
5) 18-րդ կետը լրացնել նոր՝ 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«6) Ազգակցական կապերի մասին տվյալներ, որոնք Համակարգ ներբեռնվում են ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության շտեմարանից:»․
6) 28-րդ և 40-րդ կետերում «մուտքագրվում» բառից հետո լրացնել «կամ ներբեռնվում» բառերը․
7) 31-րդ և 32-րդ կետերում «բժիշկը» բառը փոխարինել «բուժաշխատողը» բառով․
8) 34-րդ կետում «համարանիշը, ստանում է հասանելիություն էլեկտրոնային դեղատոմսին և պացիենտի կամ նրա կողմից լիազորված անձի տվյալներին` վերջիններիս կողմից ներկայացված ինքնությունը հաստատող փաստաթղթի հետ նույնականացնելու նպատակով» բառերը փոխարինել «համարանիշը կամ դեղատոմսի ծածկագիրը, ստանում է հասանելիություն էլեկտրոնային դեղատոմսին» բառերով․
9) 44-րդ կետում «հիվանդասենյակի» բառից հետո հանել «,» կետադրական նշանը և «մահճակալի» բառը։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
08.05.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:
