ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԹԱԳԵՆՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 փետրվարի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Վ. Այվազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2000 թվականի հունվարի 29-ին Մոնրեալում ստորագրված` Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրությունն ստորագրվել է 2000 թ. հունվարի 29-ին` Մոնրեալում: Արձանագրության նպատակն է ժամանակակից կենսատեխնոլոգիայից բխող` կենդանի վերափոխված օրգանիզմների անվտանգ փոխանցման, մշակման և օգտագործման ոլորտում պաշտպանության համապատասխան մակարդակ ապահովելը, հաշվի առնելով մարդկանց առողջությանն սպառնացող վտանգը` հատուկ ուշադրություն դարձնելով այդ օրգանիզմների անդրսահմանային փոխադրումներին:
Արձանագրության անբաժան մասն են հանդիսանում թվով երեք հավելվածները, որոնցում մանրամասնված են արձանագրությամբ նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև կենդանի վերափոխված օրգանիզմների հնարավոր անբարենպաստ ազդեցության գնահատման պայմանները:
2. Արձանագրությունը, բացառությամբ մարդկանց համար դեղագործական պատրաստուկ հանդիսացող կենդանի վերափոխված օրգանիզմների, նախատեսվում է կիրառել բոլոր կենդանի վերափոխված օրգանիզմների անդրսահմանային տեղափոխության, տարանցման, մշակման և օգտագործման նկատմամբ, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ, հաշվի առնելով նաև մարդկանց առողջությանն սպառնացող վտանգը:
Արձանագրությամբ նախատեսվում է կենդանի վերափոխված օրգանիզմների անդրսահմանային տեղափոխումը, տարանցումն իրականացնել նախապես հիմնավորված ընթացակարգերի կիրառմամբ:
Արձանագրության դրույթների իրագործման նպատակով նախատեսվում է ստեղծել հիմնական և օժանդակ հաստատություններ:
3. Արձանագրությամբ Կողմերն ստանձնել են հետևյալ հիմնական պարտավորությունները.
- կենդանի որևէ վերափոխված օրգանիզմի ձեռքբերման, մշակման, փոխադրման, օգտագործման, փոխանցման և բացթողման գործընթացի իրականացման ընթացքում ապահովել կենսաբազմազանությանն սպառնացող վտանգի կանխարգելումը կամ նվազեցումը` հաշվի առնելով նաև մարդու առողջությանն սպառնացող վտանգը,
- ձեռնարկել անհրաժեշտ և համապատասխան իրավական, վարչական և այլ միջոցներ արձանագրությամբ նախատեսված պարտականությունների կատարման համար և, մասնավորապես` կանխելու համար կենդանի վերափոխված օրգանիզմների ոչ կանխամտածված անդրսահմանային տեղափոխությունները,
- համագործակցել մարդկային ռեսուրսների և կենսաբանական անվտանգության, այդ թվում` կենսատեխնոլոգիայի ոլորտում կազմակերպչական հնարավորությունների զարգացման և ամրապնդման շրջանակներում, նաև` այնքանով, որքանով դա անհրաժեշտ է զարգացող, առավել թույլ զարգացած կամ անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող կողմերի համար,
- կենդանի վերափոխված օրգանիզմների վերաբերյալ որոշումների ընդունման մասին հանրությանը տրամադրել անհրաժեշտ` ոչ գաղտնի հանդիսացող, տեղեկատվություն, ապահովելով նաև այդպիսի որոշումների ընդունման և ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ կողմերին ծանուցումների և տեղեկատվության տրամադրման` արձանագրությամբ նախատեսված կարգն ու պայմանները:
4. Արձանագրությունում ամրագրված պարտավորությունները բխում են Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայում ամրագրված` Հայաստանի Հանրապետության պարտավորություններից, ինչպես նաև անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում առողջության պահպանման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 34 հոդվածում ամրագրված մարդու իրավունքի իրացման համար: Այդ պարտավորությունները նաև համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված` պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքին:
Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների ամբողջությամբ ու բարեխիղճ կատարման համար անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական հիմքերի ստեղծում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2000 թվականի հունվարի 29-ին Մոնրեալում ստորագրված` Կենսաբանական բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի «Կենսաբանական անվտանգության մասին» կարթագենյան արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|