ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
22 դեկտեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի մայիսի 23-ին Նյու Դելիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև, ստորագրվել է 2003 թ. մայիսի 23-ին` երկու երկրների ներդրողների գործունեության համար միմյանց տարածքում բարենպաստ պայմաններ ստեղծելու և ներդրումների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Համաձայնագիրը կիրառելի է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված ներդրումների նկատմամբ:
2. Համաձայնագրի Կողմերը միմյանց ներդրողների ներդրումների և ներդրողների եկամուտների համար ապահովում են հավասար և արդար պայմաններ: Ըստ համաձայնագրի` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին պարտավորվում է տրամադրել ազգային կամ առավել բարենպաստության ռեժիմ:
3. Համաձայնագիրը սահմանում է ներդրողների ներդրումների պաշտպանության իրավական երաշխիքներ, այն է` արգելում է ներդրումների օտարումն ու ազգայնացումը, բացառությամբ համաձայնագրով նախատեսված դեպքերի, երաշխավորում է օտարման կամ ազգայնացման դեպքում անհրաժեշտ վերահսկողության հնարավորությունը` ազգային օրենսդրության սկզբունքների կիրառմամբ: Մասնավորապես, համաձայնագիրը ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի պահանջներին համահունչ, մյուս Պայմանավորվող կողմի ներդրումների օտարում թույլատրում է միայն հասարակության կարիքների համար, օրենքի համաձայն և Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան վճարվող փոխհատուցմամբ:
4. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլատրել միմյանց ներդրողների ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը: Համաձայնագիրն ամրագրում է նաև Պայմանավորվող կողմերի` ներդրումների հետ կապված գործունեություն իրականացնելու նպատակով վարձված անձանց մուտքն իրենց երկիր թույլատրելու պարտավորություն:
5. Համաձայնագիրը նախատեսում է Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև ներդրումային վեճերի լուծման` միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր, ինչպես նաև սահմանում է Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծման կարգը:
6. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9 և 28 հոդվածների պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. մայիսի 23-ին Նյու Դելիում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|