ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱԼԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1989 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ նախատեսվում է Լեռնային Ղարաբաղը փաստորեն բռնությամբ Ադրբեջանական ԽՍՀ իշխանության տակ կրկին վերադարձնելը` հակառակ նրա հայ ազգաբնակչության հստակ արտահայտված կամքի, որը բազմիցս հաստատված և պատշաճ ձևով վավերագրված է նրա ներկայացուցչական մարմինների որոշումներում:
Այդ որոշումն ընդունվել է այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանական ԽՍՀ կառավարությունը հրաժարվում է Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության ակտի, Շուշիում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանական ԽՍՀ մյուս քաղաքներում ու շրջաններում ջարդերի ու սպանությունների քաղաքական ու իրավական պատշաճ որակավորումից, այնպիսի պայմաններում, երբ ԼՂԻՄ-ը գրեթե երկու տարի գտնվում է շրջափակման մեջ և չի ապահովվում Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության անվտանգությունը, այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է սահմանադրական օրենք, որը որպես նպատակ բացահայտորեն հռչակում է այդ հայ ազգային-պետական կազմավորման ոչնչացումը, այնպիսի պայմաններում, երբ Հայաստանը ավերիչ երկրաշարժից հետո պարբերաբար ենթարկվում է շրջափակման:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումն ընդունվել է շրջանցելով դեմոկրատական պառլամենտական ընթացակարգը: Տեղում իրադրությունը պարզելու և ԼՂԻՄ-ի պրոբլեմի լուծման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ ներկայացնելու համար ստեղծված` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հանձնաժողովին թույլ չի տրվել իր եզրահանգումների մասին զեկուցել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում: Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ-ի հայ ազգաբնակչությունը ներկայացնող ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների կարծիքը ամբողջովին և ցուցադրաբար անտեսվել է: Որոշումն ընդունվել է հապշտապ, առանց քննարկման, ԼՂԻՄ-ից և Հայկական ԽՍՀ-ից ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների բացակայությամբ, որոնք ի նշան բողոքի լքել են նիստերի դահլիճը:
Ընդունված որոշումը նահանջ է առանց այն էլ սահմանափակ այն միջոցառումներից, որոնց կատարումը ներկայացվում էր որպես իրավական հիման վրա Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի քաղաքական լուծման անհրաժեշտ պայման: Հատուկ կառավարման կոմիտեի գործունեությունը, որպես ազգի ինքնորոշման իրավունքի հիման վրա հարցի լուծման փուլ, ամրապնդելու փոխարեն, այն փոխարինվում է մի մարմնով, որը կարող է միայն ժամանակավորապես իրականացնել վերահսկիչ-վերադիտող ֆունկցիաներ այն պայմաններում, երբ նախատեսվում է իրական իշխանությունը նորից վերադարձնել Ադրբեջանական ԽՍՀ-ին: Հայ ազգաբնակչության կյանքի և անվտանգության, ազգային նորմալ զարգացման իրավունքի պետական-իրավական ռեալ երաշխիքների փոխարեն առաջարկվում է բավարարվել նրանց խոստումներով, ովքեր չեն հրաժարվել մարզը բռնի կերպով իրենց ենթակայության տակ պահելու մտադրություններից: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ ստացել է նման խոստումներ և գիտի դրանց իսկական արժեքը: Միլիոնավոր որդիներ ու դուստրեր կորցրած հայ ժողովուրդը թույլ չի տա վտանգի ենթարկել իր հայրենակիցների կյանքը Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը առաջին հերթին նրա ազգաբնակչության ինքնորոշման հարցն է, իր ճակատագիրը անձամբ որոշելու նրա իրավունքի ապահովման հարցը: Միայն ինքնորոշման դեմոկրատական հիման վրա այդ պրոբլեմի լուծմամբ է հնարավոր ապագայում նորմալ հարաբերությունների ստեղծումը հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.
1. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ նախատեսված` Լեռնային Ղարաբաղի բնակչության բացարձակ մեծամասնության կամքին հակառակ նրա բռնի վերադարձումը Ադրբեջանական ԽՍՀ իշխանության տակ և մարզը բռնությամբ Ադրբեջանի կազմում պահելը, միջազգային ու սահմանադրական իրավունքի նորմաներին համապատասխան որակավորել որպես բռնակցման նոր ակտ:
2. Բռնությամբ անջատված հայ ժողովրդի մի մասի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի ժխտումը ամբողջ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումն է և կոպտորեն ոտնահարում է խորհրդային ֆեդերացիայում ԽՍՀՄ ժողովուրդների կամավոր միավորման սկզբունքը, ուղղակիորեն հակասում է ԽՍՀՄ սահմանադրության հիմնարար սկզբունքին և խախտում է ԽՍՀՄ միջազգային պարտավորությունները, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնադրության, Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցության մասնակից-պետությունների ներկայացուցիչների Վիեննայի հանդիպման եզրափակիչ ակտի և ամփոփիչ փաստաթղթի գծով, որոնք պետություններին պարտավորեցնում են իրենց օրենքները, կանոններն ու քաղաքականությունը համապատասխանեցնել միջազգային իրավունքի վերաբերյալ նրանց պարտավորություններին, ներառյալ իրավահավասարության և իրենց ճակատագիրը տնօրինելու, ներքին ու արտաքին քաղաքական ստատուսը ըստ իրենց հայեցողության որոշելու` ժողովուրդների իրավունքի սկզբունքը:
3. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշումը` որպես ինքնորոշման սկզբունքին, ԽՍՀՄ կազմի մեջ հայ ժողովրդի մուտք գործելու պայմաններին, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ սահմանադրությանը, ինչպես նաև ԽՍՀՄ-ի և խորհրդային ֆեդերացիայի սուբյեկտների միջազգային պարտավորություններին հակասող որոշում, հայտարարվում է անվավեր Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի համար և ոչ մի իրավական հետևանքներ չստեղծող:
4. Հայ ժողովրդի և բռնությամբ անջատված նրա մի մասի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի խախտման դեմ բողոքով դիմել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, բոլոր միութենական հանրապետությունների Գերագույն խորհուրդներին, ՄԱԿ-ի անդամ-պետությունների պառլամենտներին, ներառյալ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության վերաբերյալ խորհրդակցության մասնակից-պետություններին և եվրոպական պառլամենտին:
5. Հանձնարարել Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստրությանը, արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերությանը, սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեին, Արմենպրեսին` արտասահմանյան բոլոր հայ համայնքներին տեղյակ պահել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշման, սույն որոշման մասին, կոչ անել էլ ավելի համախմբվել մայր հայրենիքի շուրջը` ի պաշտպանություն հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների:
6. Հայկական ԽՍՀ-ը և ԼՂԻՄ-ը ներկայացնող ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների նիստերի դահլիճից հեռանալու պահից ընդունված` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի բոլոր որոշումները, հայ ժողովրդի իրավունքներին և շահերին դրանց չհամապատասխանելու դեպքում, համարել չգործող:
Հայկական ԽՍՀ Գերագույն ԽՈՐՀՐԴի նախագահության նախագահ` |
Հ. Ոսկանյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴի նախագահ` |
Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Հայկական ԽՍՀ Գերագույն |
Ն. Ստեփանյան |
1 դեկտեմբերի 1989 թվականի, |