ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 մարտ 2022 թ. |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.11-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի 2022 թվականի մարտի 16-ի N 15-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (այսուհետ՝ ԱԱՊ հաստատություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կասկածելի դեպք հայտնաբերելիս, Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելված 1-ով հաստատված ուղեցույցի համաձայն, կազմակերպում են նմուշառում։
3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդաբանությամբ հետազոտությունը կամ հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստերը:
(3-րդ կետը խմբ. 26.06.24 N 198-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 26.06.24 N 198-Ն)
5. ԱԱՊ հաստատության կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում ստեղծվում է համապատասխան ուղեգիր` ընտրելով թեստավորման ենթակա շահառուների խումբը։
6. Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգով ԱԱՊ հաստատությունը հետևում է ուղեգրված դեպքի լաբորատոր հետազոտության արդյունքին։
7. (կետն ուժը կորցրել է 26.06.24 N 198-Ն)
8. ԱԱՊ հաստատության սպասարկող ԱԱՊ բժիշկը կապ է հաստատում հաստատված COVID-19 պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները և ելնելով հաստատված COVID-19 պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու պացիենտի ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:
9. Հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելությունը ԱԱՊ մասնագետների կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան: Նշված գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր հաստատված COVID-19 պացիենտի տնային այցելության ժամանակ:
(9-րդ կետը խմբ. 26.06.24 N 198-Ն)
10. Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի (այսուհետ՝ Խումբ) հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները:
11. Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։
12. Հաստատված COVID-19 պացիենտի հոսպիտալացման համար ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է էլեկտրոնային ուղեգրում և կանչ է տրվում շտապ բժշկական օգնության ծառայությանը` պացիենտին համապատասխան հիվանդանոցային կազմակերպություն տեղափոխելու համար:
13. ԱԱՊ հաստատության աշխատաժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին հաստատված COVID-19 պացիենտի առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում պացիենտը կամ ընտանիքի անդամը կանչ է տալիս շտապ բժշկական օգնության ծառայությանը: Տվյալ դեպքում պացիենտը հոսպիտալացվում է, եթե առկա է մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե:
14. Հիվանդանոցային կազմակերպությունից դուրս գրվելուց հետո COVID-19 պացիենտի նկատմամբ ԱԱՊ մասնագետի կողմից սահմանվում է հետհիվանդանոցային բժշկական հսկողություն՝ մինչև 14 օր ժամկետով, որից հետո, հաշվի առնելով պացիենտի օբյեկտիվ վիճակը, անձը համարվում է աշխատունակ։
15. Չհոսպիտալացված պացիենտները ախտանշաններ ունենալու դեպքում ինքնամեկուսանում են 10 օր, իսկ ախտանշանների բացակայության դեպքում՝ 5 օր` բժշկական հսկողությամբ, բժշկի կողմից իրազեկվելով վարակի տարածման կանխարգելման և COVID-19 ախտանշանների մասին:
(15-րդ կետը խմբ. 26.06.24 N 198-Ն)
16. ԱԱՊ բժիշկը տրամադրում է խորհրդատվություն հաստատված COVID-19 պացիենտին և պացիենտի հետ բնակվող անձանց՝ տնային պայմաններում անվտանգ խնամքի կազմակերպման և անձնական հիգիենայի պահպանման վերաբերյալ՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելվածով 1-ով հաստատված ուղեցույցի։
17. Անախտանիշ ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները` սույն հրամանի հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերում, հանվում են բժշկական հսկողությունից, որի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։
18. Թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտները հանվում են բժշկական հսկողությունից` սույն հրամանի հավելվածի 15-րդ կետով սահմանված դեպքերում` ինչի վերաբերյալ համապատասխան նշում է արվում Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում։
19. Հաստատված COVID-19 պացիենտների հետ բնակվող անձանց վարումն իրականացվում է Առողջապահության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 3939-Ա հրամանով հաստատված ալգորիթմով:
20. ԱԱՊ հաստատությունում բուժվող COVID-19 միջին ծանրության ընթացքով (թոքաբորբ առանց հիպօքսիայի) պացիենտները մշտադիտարկվում են մինչև կլինիկական նշանների հետ զարգացում (մարմնի ջերմաստիճանի նորմալացում, շնչառական անբավարարության նշանների բացակայություն` ըստ արյան թթվածնով հագեցվածության SpO2>96%) գումարած 3 օր:
21. ԱԱՊ հաստատությունում բուժվող COVID-19 միջին ծանրության ընթացքով (թոքաբորբ առանց հիպօքսիայի) պացիենտների թոքաբորբի դինամիկան գնահատելու համար` ըստ անհրաժեշտության կրկնակի ռենտգենագրաֆիան կամ համակարգչային շերտագրությունն (ՀՇ) իրականացվում են ամբուլատոր պայմաններում՝ ախտանիշների հետզարգացումից 1-2 ամիս հետո:
22. Կասկածելի դեպքերում (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), երբ դեռ ստացված չէ ՊՇՌ թեստի պատասխանը, սակայն պացիենտի մոտ առկա են հոսպիտալացման ցուցումներ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում >38.5°C 3 օրից ավելի և/կամ արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93% և/կամ շնչառության հաճախությունը >22/րոպե), ԱԱՊ կամ շտապ բժշկական օգնության բժիշկը կապ է հաստատում տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ, որոնց հետ համաձայնեցնելով պացիենտը տեղափոխվում է կասկածելի դեպքերի համար նախատեսված բժշկական կենտրոն:
23. Հաստատված COVID-19 բոլոր անախտանիշ և թեթև ընթացքով պացիենտների, ինչպես նաև միջին ծանրության ընթացքի (թոքաբորբ առանց հիպօքսիայի) բարդությունների զարգացման ռիսկը բարձրացնող ուղեկցող հիվանդությունների/վիճակների (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, լյարդի ցիռոզ) բացակայության դեպքում մինչև 60 տարեկան պացիենտների բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում:
24. Թեթև կլինիկական ընթացքին հիմնականում բնորոշ է սուբֆեբրիլ ջերմություն, հազ, թուլություն և գլխացավ, սակայն հնարավոր են նաև հետևյալ կլինիկական դրսևորումները՝ ցավ բկանցքում, հարբուխ, փսխում, լուծ, հոտառության կորուստ (անօսմիա, 30-60%), համի կորուստ, շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ):
25. Միջին ծանրության ընթացքի (թոքաբորբ առանց հիպօքսիայի) նշաններն են.
1) բարձր ջերմություն, սովորաբար 38 °C-ից բարձր,
2) շնչառական ախտանիշներ,
3) թոքաբորբի պատկեր ռադիոլոգիական տվյալներով:
26. Թեթև և միջին ծանրության կլինիկական ընթացքի դեպքում մեծահասակների մոտ շնչառության հաճախությունը` <30/րոպե, արյան թթվածնով հագեցվածությունը՝ SpO2>93%:
27. Թեթև և միջին ծանրության կլինիկական ընթացքով COVID-19 պացիենտների մոտ կլինիկական նշաններն ու ախտանշանները կարող են վատթարանալ հիվանդության 2-րդ շաբաթից՝ ստորին շնչուղիների ախտահարման պատճառով: Ընդ որում, թեթև ձևերը շուրջ 10-15% դեպքերում հարաճում են ծանրի, ուստի բոլոր պացիենտները պետք է մշտադիտարկվեն:
28. Տնային պայմաններում բժշկական հսկողության տակ գտնվող պացիենտը հիվանդության ողջ ընթացքում ԱԱՊ մասնագետներին հայտնում է իր առողջական վիճակի մասին տվյալներ, իսկ գանգատներ ի հայտ գալու դեպքում` ևս հայտնում է դրանց մասին:
29. Ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ հաստատությունում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզ, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս, C-ռեակտիվ սպիտակուց (CRP)), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն:
30. Թոքաբորբերի դեպքում իրականացվում է խորխի մանրէաբանական հետազոտություն (ցանքս)` հասանելիության պարագայում:
31. Թեթև կլինիկական ընթացքի դեպքում (առանց նշված ռիսկի գործոնների և առանց շնչառության խանգարման), հնարավոր է դեղամիջոցների հեռահար նշանակում պացիենտին ԱԱՊ բժշկի կողմից (պարացետամոլը սովորական դեղաչափով կարող է նախընտրելի լինել որպես ցավազրկող/ջերմիջեցնող սիմպտոմատիկ բուժում):
32. COVID-19 թեթև ընթացքի դեպքում հակաբիոտիկային թերապիա կամ կանխարգելում չի իրականացվում:
33. Կասկածելի կամ հաստատված միջին ծանրության COVID-19 պացիենտներին չեն նշանակվում հակաբիոտիկներ, քանի դեռ չկա բակտերիալ վարակի կլինիկական կասկած (օրինակ` նեյտրոֆիլեզ և/կամ խորխի քանակի ավելացում կամ խորխի բնույթի փոփոխություն և/կամ ռադիոլոգիական տվյալներով բլթային թոքաբորբ և/կամ խորխի կամ արյան մանրէաբանական հետազոտության արդյունքները):
34. Բակտերիալ վարակի կլինիկական կասկածի դեպքում արտահիվանդանոցային թոքաբորբի հակաբիոտիկաթերապիան պետք է իրականացվի` համաձայն Առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 10-ի թիվ 1529-L հրամանով սահմանված հակաբիոտիկների ընտրության չափանիշների:
35. Չհոսպիտալացված պացիենտներին համապատասխանաբար նշանակվում են առաջնային/հիմնական հասանելիության հակաբիոտիկները (օր.` ամօքսիցիլին կամ ամօքսիցիլին+քլավուլանաթթու)` դիտարկվող և պահուստային հակաբիոտիկների փոխարեն:
36. Էմպիրիկ հակաբիոտիկաթերապիայի տևողությունը պետք է լինի որքան հնարավոր է կարճ, սովորաբար` 5-7 օր, նախապատվությունը տալով պերօրալ նշանակմանը:
37. Հիմնվելով մանրէաբանական հետազոտության արդյունքների վրա (հասանելիության պարագայում)` պետք է վերանայվի հակաբիոտիկաթերապիան դադարեցնելու կամ փոփոխելու անհրաժեշտությունը:
38. Թեթև և միջին ծանրության ընթացքի դեպքում պետք է խուսափել կորտիկոստերոիդների նշանակումից:
39. Ասթմատիկ պացիենտների դեպքում ինհալացիոն կորտիկոստերոիդները չպետք է դադարեցվեն, բացի այդ, դրանք հակացուցված չեն ասթմատիկ նոպայով պացիենտների շրջանում:
40. Հակակոագուլյանտային թերապիան իրականացվում է COVID-19 հոսպիտալացված պացիենտներին:
41. Եթե պացիենտը ստացել է հակակոագուլյանտային թերապիա մինչև COVID-19, ապա դա պետք է շարունակվի:
42. COVID-19 պացիենտների հոսպիտալացման ցուցումներն են.
1) COVID-19 և հղիությունը (COVID-19-ի հետևյալ ախտանշաններից որևէ մեկի առկայություն` ջերմություն` 37,5°C–ից բարձր, արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤95%),
2) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և 60-ից բարձր տարիքը,
3) COVID-19 միջին ծանրության ընթացքը (թոքաբորբ առանց հիպoքսիայի) և քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, իմունադեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ, ճարպակալում, քրոնիկ երիկամային անբավարարություն, լյարդի ցիռոզ,
4) COVID-19 ծանր թոքաբորբով, որի նշաններն են.
բարձր ջերմությունից և շնչառական ախտանիշներից բացի ստորև նշված նշանների մեկ կամ մեկից ավել առկայությունը․
ա. շնչառության հաճախություն` ≥30/րոպե (մեծահասակներ),
բ. արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 ≤93%,
գ. 24-48 ժամվա ընթացքում թոքային դաշտի >50% ընդգրկող ինֆիլտրատներ,
5) COVID-19 կրիտիկական վիճակները (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և/կամ բազմաօրգանային անբավարարություն, թրոմբոէմբոլիզմ):
(հավելվածը խմբ., փոփ. 26.06.24 N 198-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2022 թվական: