ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 նոյեմբեր 2022 թ. |
N 75-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ մասով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝
1) Էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության կարգը՝ համաձայն հավելված 1-ի.
2) Էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի.
3) Էթիկայի հանձնաժողովում գործերի քննության կարգը՝ համաձայն հավելված 3-ի.
4) Էթիկայի հանձնաժողովի անդամի շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը՝ համաձայն հավելված 4-ի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին ապահովել՝
1) սույն հրամանի 1-ին հավելվածով նախատեսված հարցաշարի մշակման աշխատանքները և հարցաշարը եռամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը.
2) էթիկայի հանձնաժողովի աշխատանքների համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցները:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ավանեսյան |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբեր «08»-ի թիվ 75-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի անդամների մրցութային ընտրության (այսուհետ՝ մրցութային ընտրություն) հետ կապված հարաբերությունները:
2. Մրցութային ընտրության հետ կապված նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները իրականացնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) անձնակազմի կառավարման վարչության (այսուհետ՝ համապատասխան ստորաբաժանում) միջոցով:
3. Մրցութային ընտրությունն իրականացնում է սույն հրամանով սահմանված կարգով ձևավորված մրցութային հանձնաժողովը:
2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ, լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի տեղակալներ, ինչպես նաև այդ լիազոր մարմինների ստորաբաժանումների ղեկավարներ, բժշկագիտության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, համապատասխան լիցենզիա և պետական հավատարմագրում ունեցող բժշկական բուհերի բժշկագիտության ոլորտում գիտական գործունեություն իրականացնող գիտնականներ կամ գիտական աշխատողներ, ինչպես նաև բուհերի իրավաբանության և հոգեբանության ֆակուլտետների այդ մասնագիտությունների գծով դասախոսներ: Բացի լիազոր մարմնից, այլ մարմինների կամ հաստատությունների ներկայացուցիչներ որպես մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են ներգրավվել այդ մարմինների և բուհերի գործադիր մարմինների ղեկավարների համաձայնությամբ:
(4-րդ կետը լրաց. 22.02.23 N 06-Ն)
5. Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամության թեկնածուները պետք է ունենան առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ:
6. Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների տեղեկատվական բազան ձևավորվում է նախապես՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան պաշտոնական հարցումների արդյունքում ներկայացված թեկնածություններից:
7. Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, ներառյալ հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, որից չորսը պետք է լինեն սույն կարգի 4-րդ կետով նախատեսված բուհերի կամ բժշկագիտության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ երեքը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի, լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կառավարման լիազոր մարմնի պաշտոնատար անձինք: Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի բուհերի ներկայացուցիչ չորս անդամները պետք է լինեն տարբեր բուհերից:
(7-րդ կետը փոփ. 22.02.23 N 06-Ն)
8. Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի կազմը ձևավորվում է, ինչպես նաև կազմից նախագահը և քարտուղարն ընտրվում են տեղեկատվական բազայից՝ մրցութային ընտրությունից առավելագույնը 24 ժամ առաջ՝ համակարգչային ծրագրի միջոցով՝ պատահական ընտրությամբ:
9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն ձևավորված մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է լիազոր մարմինը: Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովը իրավազոր է, եթե դրա աշխատանքներին մասնակցում են հանձնաժողովի անդամներից առնվազն վեցը:
10. Մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամի՝ մրցութային ընտրությանը մասնակցելու անհնարինության դեպքում հանձնաժողովը չի համալրվում:
3. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
11. Մրցութային ընտրության օրը նշանակվում է լիազոր մարմնի հրամանով:
12. Մրցութային ընտրության օրվանից առնվազն 30 օրացուցային օր առաջ դրա մասին հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
13. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
1) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով էթիկայի հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները.
2) մրցութային ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
3) մրցութային ընտրության անցկացման պայմանները, մրցութային հարցերի շրջանակը և դրանց համար հիմք հանդիսացող իրավական ակտերի ցանկը.
4) փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, էլեկտրոնային փոստի հասցեն (info@moh.am) և գտնվելու վայրը (հասցեն):
14. Մրցութային ընտրությանը մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) մինչև փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանալը լիազոր մարմին է ներկայացնում մրցութային ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
15. Փաստաթղթերը կարող են հանձնվել էլեկտրոնային փոստով կամ առձեռն կամ ուղարկվել փոստով:
16. Լիազոր մարմինը վարում է համապատասխան գրանցամատյան` փաստաթղթերն ընդունելու նպատակով ՝ համաձայն Ձև 1-ի:
17. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված, եթե լիազոր մարմինը դրանք ստացել է մինչև վերջնաժամկետի ավարտը:
18. Առձեռն հանձնված փաստաթղթերի դեպքում հավակնորդին տրվում է ստացական, իսկ էլեկտրոնային փոստով կամ փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ստանում է ծանուցում փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:
4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
19. Էթիկայի հանձնաժողովի մրցութային ընտրությանը կարող մասնակցել 35 տարին լրացած, բարձրագույն կրթություն և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մրցութային ընտրությանը մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է.
1) դիմում՝ համաձայն Ձև 2-ի, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝ հավակնորդի անունը, ազգանունը, էթիկայի հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված տեղին հավակնելու մասին տեղեկատվություն, քաղաքացիության, հաշվառման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, դիմումը ներկայացնելու օրվա, ինչպես նաև կից ներկայացված փաստաթղթերի և դրանց թերթերի քանակի մասին.
2) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճենը.
3) 3x4 սմ չափսի երկու լուսանկար.
4) համառոտ ինքնակենսագրություն (առավելագույնը А4 ֆորմատի թղթի վրա 1 էջի սահմաններում).
5) մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (եթե այդպիսին առկա է).
6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
7) առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.
8) էթիկայի հանձնաժողովի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ անդամի հավակնորդների դեպքում՝ առնվազն երկու տարի հասարակական կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթ՝ տրված կազմակերպության իրավասու անձի կողմից.
9) բարեվարքության վերաբերյալ լրացված ձևաթուղթ՝ համաձայն Ձև 3-ի.
10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
11) էթիկայի հանձնաժողովներում աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն (եթե այդպիսին առկա է):
20. Յուրաքանչյուր հավակնորդ կարող է հավակնել ըստ օրենքի էթիկայի հանձնաժողովի կազմին ներկայացված մասնագիտական կամ կազմակերպական պահանջներով պայմանավորված թափուր մեկ տեղին:
21. Ներկայացված փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում լիազոր մարմինը մեկօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է հավակնորդին ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով կամ փոստային առաքմամբ՝ տեղեկացնելով թերությունների շտկման անհրաժեշտության և ժամկետների մասին:
5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
22. Մրցութային ընտրությունը բոլոր հավակնորդների համար անցկացվում է նույն օրը: Մրցութային ընտրությունն անցկացվում է երկու փուլով՝ սույն կարգի 2-րդ գլխին համապատասխան ձևավորված հանձնաժողովի կողմից: Առաջին փուլը փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային) փուլն է, երկրորդ փուլը՝ հարցազրույցի:
23. Մրցութային ընտրության երկու փուլերն անցկացվում են միևնույն օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ հավակնորդների մեծաթիվ լինելու հանգամանքով պայմանավորված, մրցութային ընտրությունը չի կարող ավարտվել միևնույն օրը: Այդ դեպքում մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի որոշմամբ մրցութային ընտրությունը կարող է շարունակվել հաջորդ աշխատանքային օրը:
24. Եթե հավակնորդը և մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամը փոխկապակցված անձինք են կամ առկա է շահերի բախում, ապա հանձնաժողովի տվյալ անդամը չի մասնակցում մրցութային ընտրությանը տվյալ հավակնորդի մասով իրականացվող փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգմանը և հարցազրույցին, ինչպես նաև քվեարկությանը՝ նախապես ստորագրելով շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարագիր: Սույն կարգի իմաստով՝
1) փոխկապակցած են համարվում մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամի՝
ա. կամ նրա ամուսնու հետ, ներառյալ՝ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Հանձնաժողովի անդամի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները․
2) մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը.
բ. շահերի բախում է այն իրավիճակը, երբ մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:
25. Փաստաթղթային փուլի անցկացման համար լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը նախապես՝ մրցութային ընտրությունը սկսելու ոչ շուտ, քան երեք ժամ առաջ մրցութային ընտրությունը իրականացնող հանձնաժողովին տրամադրում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ եզրակացություն՝ հավակնորդի փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության վերաբերյալ:
26. Հանձնաժողովը, անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, ուսումնասիրելով համապատասխան ստորաբաժանման եզրակացությունը, որոշում է կայացնում հավակնորդի՝ հարցազրույցի փուլ անցնելու կամ փաստաթղթային փուլը չհաղթահարելու մասին: Հանձնաժողովը կաշկանդված չէ անձնակազմի կառավարման վարչության եզրակացությամբ: Քվեարկությունը իրականացվում է գրավոր՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկելով՝ ստորագրելով նախապես կնքված համապատասխան անվանական քվեաթերթիկը՝ համաձայն Ձև 5-ի:
27. Փաստաթղթային փուլը չի հաղթահարում այն հավակնորդը՝
1) ում ներկայացված փաստաթղթերը թերի են և սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով առաջարկված ժամկետում չեն լրացվել կամ
2) ում ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 19-րդ կետի պահանջներին կամ
3) որը վերջին հինգ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական պատասխանատվության կամ
4) որը վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով ենթարկվել է «աշխատանքային պայմանագրի լուծում» կարգապահական տույժին կամ
5) որը ենթարկվել է քրեական պատասխանատվության՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով կամ նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում կամ
6) որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:
28. Հարցազրույցի հրավիրվում են միայն հարցազրույցի փուլ անցնելու որոշման մեջ նշված հավակնորդները: Հարցազրույցի նպատակը էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար հավակնորդի անհրաժեշտ գիտելիքների և ունակությունների առկայության բացահայտումն է:
29. Հարցազրույցը կազմված է երկու մասից՝
1) հավակնորդի փորձի, գիտելիքների և ունակությունների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում՝ հիմք ընդունելով հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառը և դրա սուբյեկտների իրավունքները և պարտականությունները սահմանող օրենսդրության հիման վրա կազմված հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրված 10 հարցերի վերաբերյալ հարցուպատասխանից:
30. Հարցազրույցի առաջին մասում Հանձնաժողովի անդամներն իրավասու են տալ հարցեր հավակնորդի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների մասին, պարզելու նաև մրցութային ընտրությանը մասնակցելու հավակնությունների և շարժառիթների մասին: Հավակնորդն իրավասու է հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով:
31. Հարցազրույցի 2-րդ մասում հարցատոմս ստանալուց հետո հարցազրույցի մասնակցին պատրաստվելու համար տրվում է 10 րոպե ժամանակ: Այնուհետ, հնչեցված յուրաքանչյուր հարցին տրված պատասխանից հետո, հանձնաժողովի քարտուղարը բարձրաձայն հնչեցնում է ճիշտ պատասխանը:
32. Հանձնաժողովի անդամները յուրաքանչյուր հավակնորդի մասով գրավոր քվեարկում են ներքին համոզմամբ՝ հաշվի առնելով հարցազրույցի արդյունքները: Քվեարկությունը իրականացվում է գրավոր՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկելով՝ ստորագրելով նախապես կնքված համապատասխան անվանական քվեաթերթիկը՝ համաձայն Ձև 6-ի:
33. Մասնակցի հետ հարցազրույցի ավարտից անմիջապես հետո արդյունքները ամփոփվում են: Հաղթող են ճանաչվում առավել ձայներ, բայց ոչ պակաս, քան Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությունը հավաքած հավակնորդները՝ օրենքով էթիկայի հանձնաժողովի կազմին ներկայացված մասնագիտական կամ կազմակերպչական պահանջներին համապատասխան: Եթե մրցութային ընտրության արդյունքում հաղթողների թիվը առավել է, քան օրենքով ըստ մասնագիտական կամ կազմակերպական պահանջների էթիկայի հանձնաժողովում անհրաժեշտ անդամների թիվը կամ հաղթողները հավաքել են միևնույն թվով ձայներ, ապա մրցութային ընտրություն իրականացնող հանձնաժողովը հաղթողների միջև իրականացնում է լրացուցիչ քվեարկություն: Ձայների կրկին հավասար բաշխման դեպքում քվեարկությամբ նախապատվությունը տրվում է առողջապահության բնագավառում աշխատանքային ավելի երկար փորձառություն ունեցող հավակնորդին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:
34. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք յուրաքանչյուր հավակնորդի համար:
35. Հանձնաժողովը մրցութային ընտրության արդյունքների (ընտրված և չընտրված հավակնորդների վերաբերյալ) մասին կայացնում է որոշում և հրապարակում այն բոլոր հավակնորդների ներկայությամբ: Այնուհետև, նույն օրը, Հանձնաժողովը որոշումը ներկայացնում է լիազոր մարմնին՝ էթիկայի հանձնաժողովի անհատական կազմն՝ ըստ օրենքի էթիկայի հանձնաժողովի կազմին ներկայացված մասնագիտական կամ կազմակերպական պահանջների, հրամանով հաստատելու նպատակով: Եթե հանձնաժողովի անդամներից մեկը առարկություն կամ վերապահում ունի, ապա որոշմանը կցվում է հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը:
36. Մրցութային ընտրության արդյունքների մասին որոշման հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում հավակնորդը իրավունք ունի այն գրավոր բողոքարկել միայն իր մասով՝ լիազոր մարմնին, որը նույն օրը քննում է բողոքը և որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:
37. Եթե բողոքը բավարարելու արդյունքում հաղթողների թիվը ավելին է, քան օրենքով էթիկայի հանձնաժողովի՝ մասնագիտական կամ կազմակերպական պահանջներով պայմանավորված թվակազմը, ապա լիազոր մարմինը էթիկայի հանձնաժողովի անհատական կազմը հաստատելիս հիմք է ընդունում սույն կարգի 33-րդ կետով նախատեսված պահանջը աշխատանքային ավելի երկար փորձառության կամ տարիքի վերաբերյալ:
6. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ
38. Մրցութային ընտրությունն իրականացնող հանձնաժողովն ունի իր անվանումով կնիք, որով հաստատվում են հանձնաժողովի կայացրած բոլոր որոշումները և փաստաթղթերը: Մրցութային ընտրությունն իրականացնող հանձնաժողովի կնիքը պահվում է համապատասխան ստորաբաժանումում չհրկիզվող պահարանում:
39. Եթե մրցութային ընտրության արդյունքում էթիկայի հանձնաժողովը ամբողջ կազմով չի համալրվում կամ էթիկայի հանձնաժողովում առաջացել է թափուր տեղ, ապա հանձնաժողովի անդամի մրցութային ընտրությունը իրականացվում է ընդհանուր հիմունքներով:
40. Եթե մրցութային ընտրությունն իրականացնող հանձնաժողովն որոշում է ընդունել հավակնորդի փաստաթղթային փուլը չհաղթահարելու մասին և այդ հիմքով հարցազրույցի փուլ որևէ հավակնորդ չի անցել կամ սույն կարգին համաձայն մրցութային ընտրության հաղթող չի ճանաչվել կամ մրցութային ընտրությանը ոչ մի դիմում չի ներկայացվել, երկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
41. Մրցութային ընտրությունը ձայնագրվում, տեսագրվում է, ինչպես նաև արձանագրվում: Մրցութային ընտրության ձայնագրման ու տեսագրման մասին հավակնորդները նախապես, մինչև մրցութային ընտրության սկսելը, Հանձնաժողովի նախագահի կողմից բանավոր ծանուցվում են:
42. Մրցութային ընտրության հարցաթերթերը, քվեաթերթիկները, փաստաթղթերն՝ ըստ հավակնորդների, ինչպես նաև մրցութային ընտրության վերաբերյալ այլ փաստաթղթերը կապարակնքվում են և պահվում համապատասխան ստորաբաժանումում ՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման:
7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
43. Եթե մրցութային ընտրությունն իրականացնող հանձնաժողովը սույն կարգի 9-րդ կետին համաձայն, իրավազոր չէ, ապա մրցութային ընտրությունը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցութային ընտրության ժամանակ դրան մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է մեկամսյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:
44. Եթե նոր կամ կրկնակի մրցութային ընտրությունը, սույն կարգի համաձայն, համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցութային ընտրության արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցութային ընտրություն անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ: Մրցութային ընտրությունը անցկացվում է սույն կարգին համապատասխան
ՁԵՎ 1
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
Հավակնորդի անուն, ազգանունը, |
Դիմումի ստացման եղանակը(առձեռն կամ էլեկտրոնային փոստ կամ փոստ) |
Դիմումի ստացման օրը, ամիսը, տարին |
Ներկայացված փաստաթղթերը անվանական կարգով, դրանց թերթերի ընդհանուր քանակը |
Թերի փաստաթղթերի առկայության և դրանց մասին ծանուցում ուղարկելու վերաբերյալ տեղեկատվություն |
Թերի փաստաթղթերի լրացման կամ չլրացման մասին տեղեկատվություն |
Գրանցամատյանը վարողի անուն ազգանուն, ստորագրություն |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
ՁԵՎ 2
ԴԻՄՈՒՄ
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
1. _________________________________________________________________________________________
(հավակնորդի անուն, ազգանունը)
2. _________________________________________________________________________________________
(էթիկայի հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված տեղին հավակնելու մասին տեղեկատվություն)
3. _________________________________________________________________________________________
(քաղաքացիությունը, հաշվառման վայրը)
4. _________________________________________________________________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
5. Կից փաստաթղթերը (նշել) և թերթերի ընդհանուր քանակը ________________
□ անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճենը.
□ 3x4 սմ չափսի երկու լուսանկար.
□ ինքնակենսագրություն.
□ մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի պատճենը.
□ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
□ առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթի պատճենը.
□ էթիկայի հանձնաժողովի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ անդամի հավակնորդների դեպքում առնվազն երկու տարի հասարակական կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթ՝ տրված կազմակերպության իրավասու անձի կողմից.
□ բարեվարքության վերաբերյալ լրացված ձևաթուղթ՝ համաձայն Ձև 3-ի.
□ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված լինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
□ էթիկայի հանձնաժողովներում աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն:
Դիմող՝ ________________________________________________
(ստորագրություն, օր, ամիս, տարի)
ՁԵՎ 3
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ
1. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | |||
1. |
Անուն, ազգանուն, հայրանուն |
||
2. |
Ծննդյան օր, ամիս, տարի |
||
3. |
Անձնագրի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը |
||
4. |
Քաղաքացիությունը, հաշվառման վայր |
||
5. |
Հեռախոսահամար (ֆիքսված, բջջային) |
||
6. |
Էլեկտրոնային փոստի հասցե |
||
7. |
Անդամակցություն ոչ առևտրային կազմակերպություններին | ||
Կազմակերպության անվանումը |
Զբաղեցրած պաշտոնը |
Սկիզբ-ավարտ | |
2. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ | |||
1. |
Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը, եթե այդպիսին ստացել եք | ||
Կրթական հաստատության անվանումը |
Սկիզբ-ավարտ |
Ստացած կրթական աստիճանը և վկայականը | |
2. |
Բարձրագույն կրթությունը, եթե այդպիսին ստացել եք | ||
Կրթական հաստատության անվանումը |
Սկիզբ-ավարտ |
Ստացած կրթական աստիճանը և վկայականը | |
3. |
Հետբուհական կրթությունը, եթե այդպիսին ստացել եք |
Սկիզբ-ավարտ |
Ստացած կրթական աստիճանը և վկայականը |
Աշխատանքային փորձառությունը (թվարկել բոլորը սկզբից) | ||||
հ/հ |
Գործատուի անվանումը |
Զբաղեցրած պաշտոնը |
Սկիզբը-ավարտը |
Ազատման հիմքը |
Հավակնորդի օրենքով նախատեսված հիմքերով «աշխատանքային պայմանագրի լուծում» կարգապահական տույժին ենթարկված լինելու կամ վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը (լրացնել եթե կան դեպքերը) | |||
Կարգապահական պատասխանատվություն |
Կարգապահական պատասխանատվության հիմքը, պատճառները, աշխատանքային օրենսգրքի հոդվածը |
Օրը, ամիսը, տարին |
Գործատուն |
Վարչական պատասխանատվություն |
Վարչական պատասխանատվության հիմքը և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածը |
Օրը, ամիսը, տարին |
Վարչական պատասխանատվություն կիրառող մարմինը |
Քրեական պատասխանատվություն |
Քրեական պատասխանատվության հիմքը և քրեական օրենսգրքի հոդվածը |
Ուժի մեջ մտած դատական ակտը, օրը, տարին |
Դատվածության առկայության դեպքում տեղեկությունները դատվածությունը հանված կամ մարված լինելու մասին |
3. ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ՀԵՏ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԿԱՄ ԲԱԺՆԵՏՈՄՍ ԿԱՄ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՈՂ) ԿԱՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ | ||||
1. Կապը հավակնորդի հետ |
Անուն,ազգանուն, հայրանուն |
Կազմակերպություն անվանումը |
Պաշտոնը կամ բաժնեմասի չափը կամ բաժնետոմսերի քանակը |
Աշխատելու դեպքում՝ ժամանակա-հատվածը |
Ծնող |
||||
Զավակ |
||||
Քույր |
||||
Եղբայր |
||||
Թոռ |
||||
Քրոջ զավակ |
||||
Եղբոր զավակ |
||||
Ամուսին |
||||
Ամուսնու ծնող |
||||
Ամուսնու զավակ |
||||
Ամուսնու քույր |
||||
Ամուսնու եղբայր |
||||
Ամուսնու քրոջ երեխա |
||||
Ամուսնու եղբոր երեխա |
Հավակնորդի անունը, ազգանունը, ստորագրությունը, օրը, ամիսը,
_____________________________________________________________________
ՁԵՎ 4
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ես՝ մրցութային ընտրության հանձնաժողովի անդամ __________________ (նշվում է անուն ազգանունը) սույնով հայտարարում եմ.
□ որ էթիկայի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ___________________ (նշվում է մրցութային ընտրության օրը, ամիսը, տարին) անցկացվող մրցութային ընտրության մասնակից __________________ (նշվում է հավակնորդի անուն ազգանունը) ինձ հետ փոխկապակցված անձ է* _________________________________ (նկարագրվում է փոխկապակցվածությունը) և (կամ) առկա է շահերի բախում** ______________________________________________________ (նկարագրվում է շահերի բախման դեպքը)
(նշման համար նախատեսված հատվածում լատիներեն «V» տառով կատարվում է նշում):
Հաստատում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են և ճշգրիտ:
Մրցութային ընտրություն իրականացնող հանձնաժողովի անդամի անուն, ազգանուն, ստորագրություն, օր ամիս, տարի
_____________________
*Փոխկապակցած են համարվում մրցութային ընտրություն հանձնաժողովի անդամի՝
1) կամ նրա ամուսնու հետ, ներառյալ՝ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Հանձնաժողովի անդամի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները․
2) հանձնաժողովի անդամի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:
**Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ մրցութային ընտրություն իրականացնող հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:
ՁԵՎ 5
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ (ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՓՈՒԼ)
Լրացվում է V նշանը համապատասխան սյունակում նշելով
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օր, ամիս, տարի, Կ.Տ |
ՁԵՎ 6
ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ)
Լրացվում է V նշանը համապատասխան սյունակում նշելով
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օր, ամիս, տարի, Կ.Տ |
(հավելվածը լրաց., փոփ. 22.02.23 N 06-Ն)
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբեր «08»-ի թիվ 75-Ն հրամանի |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ձևավորված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։
2. Հանձնաժողովի անդամն իր պարտականություններն իրականացնելիս անկախ է և առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ:
3. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Հանձնաժողովը ձևավորվում է սույն հրամանի թիվ 1 հավելվածով սահմանված մրցութային ընտրության արդյունքում: Հանձնաժողովում ընդգրկվում են մեկական ներկայացուցիչ բուժաշխատողներից, պացիենտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից, երկու իրավաբան, բժշկագիտության ոլորտում գործունեություն ծավալող երկու գիտական աշխատող կամ գիտնական, հոգեբան: Հանձնաժողովի անդամն ընտրվում է երեք տարի ժամկետով: Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել հանձնաժողովի անդամ:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի գործունեության նպատակն է օրենքով սահմանված կարգով հաստատված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումների գործերով քննությունը:
5. Հանձնաժողովի գործառույթներն են՝
1) բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումների գործերով քննության կազմակերպումն ու իրականացումը.
2) բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումների գործերով որոշումների կայացումը.
3) բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումների կանխարգելման նպատակով լիազոր մարմնին առաջարկությունների ներկայացումը.
4) մասնագիտական էթիկայի խախտում կատարած անձանց գրանցամատյանի վարումը,
5) հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման վերաբերյալ տվյալների հավաքագրումը:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով՝ առկա կամ հեռավար տեսահաղորդակցման եղանակով: Հանձնաժողովի նիստերի անցկացման եղանակները կարող են զուգակցվել, եթե հանձնաժողովի անդամը, օտարերկրյա պետությունում կամ նիստի գումարման վայրի վարչատարածքային միավորից դուրս գտնվելու հիմքով չի կարող մասնակցել հանձնաժողովի առկա նիստին: Հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ էթիկայի կանոնի խախտման գործի քննության շրջանակում կազմակերպված լսումների, որոնց դեպքում հանձնաժողովի նիստերին հրավիրվում են սույն հրամանի հավելված 3-ի 19-րդ կետով նախատեսված անձինք։
(6-րդ կետը խմբ. 08.01.24 N 01-Ն)
7. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
8. Հանձնաժողովը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են դրա անդամների կեսից ավելին: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Որոշումը ընդունվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
(8-րդ կետը փոփ. 08.01.24 N 01-Ն)
9. Հանձնաժողովի որոշումներն արձանագրվում են:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի կողմից հաստատված օրակարգով:
11. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:
12. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են՝
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
13. Հանձնաժողովի նիստերի օրակարգի նախագիծը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային եղանակով քարտուղարի կողմից ներկայացվում են հանձնաժողովի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
14. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:
15. Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) քվեարկության արդյունքները և հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը (դրա առկայության դեպքում), որը կցվում է արձանագրությանը.
6) ընդունված որոշումները, դրանց տարածման և հրապարակման ձևերը:
16. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից՝ հանձնաժողովի նիստի անցկացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:
17. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են լիազոր մարմնի համապատասխան վարչությունում՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման:
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
18. Հանձնաժողովի նախագահը և քարտուղարն ընտրվում են հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի առաջին նիստում՝ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ երեք տարի ժամկետով: Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի թեկնածությունները ներկայացվում են ինչպես ինքնաառաջադրմամբ, այնպես էլ հանձնաժողովի այլ անդամների կողմից:
19. Հանձնաժողովի նախագահը՝
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) ստորագրում հանձնաժողովի նիստերի որոշումները և արձանագրությունները.
3) որոշում է հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը.
4) մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 30-ը լիազոր մարմնին ներկայացնում է տեղեկատվություն տարվա ընթացքում քննված գործերի թվի և համառոտ բովանդակության, ընդունված որոշումների, դրանց կատարման ընթացքի վերաբերյալ.
5) իրականացնում է սույն աշխատակարգով և գործերի քննության կարգով սահմանված այլ գործառույթներ:
20. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) ապահովում է հանձնաժողովի նիստերի, այդ թվում հեռավար տեսահաղորդակցման եղանակով անցկացվող նիստերի կազմակերպումը.
2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող օրակարգի նախագծի փաստաթղթերի և նյութերի պատրաստումն ու տրամադրումը.
3) ապահովում է հանձնաժողովի նիստի որոշման և արձանագրության կազմումը, արձանագրությանը կցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր (հատուկ) կարծիքները, այն տրամադրում է հանձնաժողովի բոլոր անդամներին և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը,
4) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները և ցուցումները, գործերի քննության կարգով նախատեսված գործառույթները:
(20-րդ կետը լրաց. 08.01.24 N 01-Ն)
21. Հանձնաժողովի անդամը՝
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և աշխատանքներին.
2) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք, որը հեռավար տեսահաղորդակցման եղանակով անցկացվող նիստերի դեպքում կարող է տրամադրվել էլեկտրոնային փոստի միջոցով.
3) մասնակցում է որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.
4) հանձնաժողովի ընդունած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.
6) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.
7) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման մասով տրված հանձնարարականները և ցուցումները, սույն կարգի 7-րդ կետի համաձայն էթիկայի հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նիստը վարելու դեպքում ստորագրում նիստի արձանագրությունը և նիստի ընթացքում ընդունված որոշումը:
(21-րդ կետը լրաց. 08.01.24 N 01-Ն)
7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՈՒՄԸ
22. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարել ՝
1) անձնական դիմումի համաձայն.
2) նրա մահվան դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
4) ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքում կամ հարուցվել է քրեական հետապնդում կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացման հիմքերով.
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
6) երեք անգամ անընդմեջ հանձնաժողովի նիստերին առանց հարգելի պատճառի չմասնակցելու կամ շահերի բախման առկայության կամ բացակայության մասին սույն կարգին համապատասխան հայտարարագիր ներկայացնելուց հրաժարվելու դեպքում.
7) եթե խախտել են սույն հրամանի 3-րդ հավելվածի 4-րդ կամ 5-րդ կետերի պահանջները.
8) շահերի բախման առկայության վերաբերյալ չհայտարարագրված տվյալներ հայտնի դառնալուց հետո՝ օրենքով սահմանված կարգով:
23. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են լիազոր մարմնի պատճառաբանված հրամանով:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 08.01.24 N 01-Ն)
Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբեր «08»-ի թիվ 75-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ձևավորված բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) կողմից այդ խախտումների գործերով քննության, այդ թվում՝ դիմումների ընդունման, դրանց քննության կազմակերպման, անցկացման և որոշումների ընդունման հետ կապված հարաբերությունները:
2. Օրենքով նախատեսված կարգով բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումների գործերով դիմումները քննում և որոշում կայացնում է էթիկայի հանձնաժողովը:
2. ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3. Էթիկայի հանձնաժողովը դիմումները քննում է օրինականության, կողմերի իրավահավասարության, համաչափության սկզբունքների հիման վրա՝
1) ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և
2) բացահայտելով գործի հանգամանքները:
4. Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են պահպանել դիմումի քննության ընթացքում իրենց հայտնի դարձած օրենքով գաղտնի համարվող տեղեկությունները: Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են պահպանել նաև դիմումի քննության ընթացքում իրենց հայտնի դարձած այլ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի բովանդակության և քննարկումների գաղտնիությունը՝ մինչև գործով համապատասխան որոշման հրապարակումը:
5. Յուրաքանչյուր գործով էթիկայի հանձնաժողովի անդամները ստորագրում են օրենքին համապատասխան շահերի բախման բացակայության կամ առկայության մասին հայտարարագիր՝ համաձայն հավելված 4-ի: Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ստորագրած էթիկայի հանձնաժողովի անդամը չի մասնակցում դիմումի քննությանը և որոշման ընդունման գործընթացին:
3. ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Էթիկայի կանոնների խախտման հետ կապված գործերը քննվում են՝
1) պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի նկատմամբ էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումների դեպքում՝ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի դիմումի հիման վրա կամ,
2) մահացած պացիենտի նկատմամբ էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումների դեպքում՝ ընտանիքի անդամի (հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, ամուսին, որդեգրող ու որդեգրված) դիմումի հիման վրա կամ,
3) այն բուժաշխատողի դիմումի հիման վրա, ում նկատմամբ տեղի է ունեցել մեկ այլ բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտումը կամ,
4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության իրավասու անձի դիմումի հիման՝ իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման դեպքում կամ,
5) Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերված էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հիմքով ներկայացված դիմումի հիման վրա կամ,
6) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված իրեն լիազորությունները իրականացնելիս հայտնաբերված էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հիմքով ներկայացված դիմումի հիման վրա կամ,
7) սեփական նախաձեռնությամբ ընդունված որոշմամբ` զանգվածային լրատվության միջոցներով հայտնի դարձած տեղեկատվության հիման վրա:
7. Սույն կարգի 6-րդ կետի 1-6-րդ ենթակետերով նախատեսված դիմումները ներկայացվում են գրավոր: Դիմումները կարող են ներկայացվել, եթե ենթադրյալ խախտման օրվանից չի անցել մեկ օրացուցային տարի: Դիմումը պարտադիր պարունակում է՝
1) դիմումի հասցեատիրոջ անվանումը.
2) դիմում ներկայացնողի անուն, ազգանունը (պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կամ ընտանիքի անդամի դեպքում՝ նաև պացիենտի անուն, ազգանունը), իսկ սույն կարգի 6-րդ կետի 5-րդ, 6-րդ ենթակետերի դեպքում՝ մարմնի անվանումը.
3) սույն կարգի 6-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ենթակետերով նախատեսված անձանց դեպքում՝ դիմումատուների բնակության վայրի հասցեն, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում), իսկ 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում մարմնի գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողի անուն ազգանունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության անվանումը բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի համարը, տրման օրը, ամիսը, տարին և գործունեության վայրը, և որտեղ իր մասնագիտական գործունեությունը ծավալում է էթիկայի կանոնի ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողը.
5) էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման բովանդակությունը, կատարման օրը ամիսը, տարին և էթիկայի կանոնը սահմանող համապատասխան նորմատիվ իրավական ակտի վավերապայմաններից՝ ընդունող մարմնի անվանումը, հերթական (գրանցման) համարը, ընդունման տարին, ամիսը, օրը.
6) դիմում ներկայացնողի ստորագրությունը.
7) ներկայացման օրը, ամիսը, տարին:
(7-րդ կետը լրաց. 08.01.24 N 01-Ն)
8. Դիմումին՝
1) կարող են կցվել էթիկայի կանոնի ենթադրյալ խախտմանը առնչվող փաստաթղթեր կամ այլ նյութեր,
2) կցվում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվել է ներկայացուցչի կողմից:
9. Դիմումը կարող է ներկայացվել փոստով կամ առձեռն՝ «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ փակ ծրարով, ընդ որում, ներկայացնելիս ծրարի վրա պարտադիր նշվում են դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, իսկ առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի հասցեն:
(9-րդ կետը խմբ. 08.01.24 N 01-Ն)
10. Սույն կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված որոշման մեջ պարտադիր նշվում են սույն կարգի 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված պահանջները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցի, էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հրապարակման օրը, ամիսը, տարին:
4. ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԻ ԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Էթիկայի կանոնի խախտման հետ կապված դիմումի վերաբերյալ տվյալները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 2-ի N 2772-Լ հրամանի համապատասխան, մուտքագրվում են լիազոր մարմին, որն առանց ծրարը բացելու, այն տրամադրում է էթիկայի հանձնաժողովին՝ դիմումին սույն կարգին համապատասխան ընթացք տալու նպատակով:
(11-րդ կետը խմբ. 08.01.24 N 01-Ն)
12. Դիմումը էթիկայի հանձնաժողովին սույն կարգին համապատասխան տրամադրվելու օրվանից, իսկ սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքում, որոշումն ընդունելու օրվանից, էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթը համարվում է հարուցված:
13. էթիկայի հանձնաժողովը էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթը հարուցվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝
1) լիազոր մարմնի քարտուղարության միջոցով «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է՝
ա. այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը.
բ. այն անձին կամ մարմնին, որը ներկայացրել է դիմումը:
(13-րդ կետը փոփ. 08.01.24 N 01-Ն)
14. Առաքվող ծանուցման մեջ պարտադիր նշվում է (տեղեկացվում է) նաև լսումների իրականացնելու օրը, ամիսը, տարին, ժամը և վայրը:
15. Եթե դիմումի հիման վրա էթիկայի կանոնի խախտման գործի քննության վարույթ հարուցելուց հետո պարզվում է, որ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին, ապա դիմում ներկայացնողը, ծանուցվում է թերությունները շտկելու անհրաժեշտության մասին, որի ժամկետը, պատշաճ ծանուցվելուց հետո, 3 աշխատանքային օր է: Մատնանշված թերությունները շտկելու դեպքում, գործի քննության վարույթը համարվում է հարուցված՝ շտկված փաստաթղթերը սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով էթիկայի հանձնաժողովին տրամադրելու օրվանից: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն էթիկայի հանձնաժողովի որոշմամբ կարճվում է: Այս դեպքում դիմում ներկայացնողը կարող է նոր դիմում ներկայացնել ընդհանուր հիմունքներով:
(15-րդ կետը խմբ. 08.01.24 N 01-Ն)
16. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն իրականացվում է և որոշումն ընդունվում է այն հարուցելու օրվանից առավելագույնը 20 աշխատանքային օրվա ընթացքում: էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթն կարող է երկարաձգվել մեկ անգամ 20 աշխատանքային օր ժամկետով, եթե՝
1) այլ մարմիններից կամ կազմակերպություններից կամ մասնագետից չեն ստացվել անհրաժեշտ փաստաթղթեր կամ եզրակացություններ, որոնք անհրաժեշտ են էթիկայի կանոնի խախտման գործի քննության արդյունքով եզրակացության ընդունման համար կամ
2) արձակուրդում կամ ժամանակավոր աշխատունակության մեջ կամ օտարերկրյա պետությունում գտնվելու հիմքով չի լսվել այն անձը, որի ներկայացրած պարզաբանումները նշանակություն ունեն էթիկայի հանձնաժողովի կողմից եզրակացություն ընդունելու համար կամ
3) էթիկայի կանոնի խախտման գործով քննության ենթակա հարցերը մեծածավալ են կամ բարդ և հնարավոր չէ դրանք ներառող հանգամանքների լրիվ, բազմակողմանի հետազոտումը սույն կարգով սահմանված ժամկետում։
(16-րդ կետը խմբ. 08.01.24 N 01-Ն)
17. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթը իրականացվում է նիստերի միջոցով, որոնց ընթացքում էթիկայի հանձնաժողովը իր անդամների միջոցով ուսումնասիրում է գործի հանգամանքները, փաստաթղթերը և նյութերը՝ առկայության դեպքում, կազմակերպում լսումներ:
18. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթում որպես ապացույց գնահատվում են գործում առկա բացատրությունները, պարզաբանումները, փաստաթղթերը, այլ նյութերը: Ապացուցման պարտականությունը`
1) իր համար բարենպաստ հանգամանքների առկայության մասով կրում է այն բուժաշխատողը, ում դեմ ներկայացվել է դիմումը.
2) բուժաշխատողի համար անբարենպաստ հանգամանքների առկայության մասով՝ դիմում ներկայացնողը:
19. էթիկայի կանոնի խախտման գործով քննության վարույթին հրավիրվում և լսվում են`
1) Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողը, ում դեմ դիմում է ներկայացվել կամ նրա լիազորած անձը.
2) դիմում ներկայացնողը կամ նրա լիազորած անձը.
3) գործին առնչվող այլ անձինք՝ էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:
20. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտում կատարած բուժաշխատողին մինչև լսումների օրը, տրամադրել ողջամիտ ժամկետ, բայց ոչ պակաս, քան 3 աշխատանքային օր, իր բացատրությունները, պարզաբանումները, առկայության դեպքում՝ նաև փաստաթղթերը և այլ նյութերը հանձնաժողովին գրավոր կարգով ներկայացնելու համար:
21. Լսումները իրականացվում են ինչպես հարց ու պատասխանի, այնպես էլ բացատրությունների, պարզաբանումների ներկայացման ձևով: Լսումներին մասնակցող անձանց միջնորդությամբ լսումները կարող են իրականացվել առանձին-առանձին: Լսումներին մասնակցելուց հրաժարվելը չի կասեցնում գործով որոշում կայացնելը: Էթիկայի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումները ձայնագրառվում են՝ գործի մասնակիցների նախօրոք պաշտոնական տեղեկացմամբ:
21.1 էթիկայի կանոնի խախտման գործի քննության ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտի մասնագիտական հարցերի վերաբերյալ գրավոր եզրակացություն տրամադրելու նպատակով էթիկայի հանձնաժողովի որոշմամբ և դրա կողմից առաջադրված հարցերի շրջանակում գործի քննությանը կարող է ներգրավվել մասնագետ։ Մասնագետը էթիկայի կանոնի խախտման գործի քննության արդյունքներով չշահագրգռված, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում հատուկ գիտելիքներ ունեցող գործունակ ֆիզիկական անձ է, որն ունի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին համապատասխան կրթություն, որակավորում և օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական գործունեության հավաստագիր:
(21.1-ին կետը լրաց. 08.01.24 N 01-Ն)
21.2 Մասնագիտական հարցերի վերաբերյալ գրավոր եզրակացություն տրամադրելու նպատակով էթիկայի հանձնաժողովը մասնագետին տրամադրում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան ապանձնավորված տեղեկություններ, այն է՝ պացիենտի առողջական վիճակի կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված այլ տվյալներ։
(21.2-րդ կետը լրաց. 08.01.24 N 01-Ն)
21.3 Մասնագետի գրավոր եզրակացությունը կազմված է նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ (եզրահանգումներ պարունակող) մասերից։ Մասնագետի եզրակացության մեջ նշվում է նրա անունը, ազգանունը, ստորագրությունը և կազմման օրը, ամիսը տարին։
(21.3-րդ կետը լրաց. 08.01.24 N 01-Ն)
5. ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
22. Դիմումի քննության արդյունքում, էթիկայի հանձնաժողովը ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերևույթ արարքներ հայտնաբերելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝
ա. մերժել դիմումը կամ
բ. դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում․
2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝
ա. լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին նկատողություն տալու վերաբերյալ,
բ. մեկ տարվա ընթացքում կրկին բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն բուժաշխատողին խիստ նկատողություն տալու վերաբերյալ,
գ. մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիազոր մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի լիցենզիան միայն տվյալ բուժաշխատողի մասով՝ մեկ ամիս ժամկետով՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:
23. էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են լիազոր մարմնին և առաքվում դիմում ներկայացրած անձին կամ մարմնին, ինչպես նաև այն բուժաշխատողին, ում դեմ ներկայացվել է դիմումը և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը, որտեղ աշխատում է բուժաշխատողը: Դիմում ներկայացրած անձին կամ մարմնին, ինչպես նաև բուժաշխատողին էթիկայի հանձնաժողովի որոշումների առաքումն իրականացնում է լիազոր մարմնի քարտուղարության միջոցով՝ «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով:
(23-րդ կետը խմբ. 08.01.24 N 01-Ն)
24. Էթիկայի հանձնաժողովի որոշումները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի կամ բուժաշխատողի կողմից կարող են գրավոր բողոքարկվել էթիկայի հանձնաժողովին, որի ընթացքում որոշման կատարումը կասեցվում է: Բողոքը քննվում է այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում հանձնաժողովը`
1) բավարարում է բողոքը` բեկանելով որոշումը և ընդունելով նոր որոշում, կամ
2) որոշումը թողնում է անփոփոխ:
25. Բողոքը պետք է պարունակի`
1) հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) բողոք բերող անունը, ազգանունը, նրա հաշվառման վայրը, իսկ պետական մարմնի դեպքում` մարմնի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
3) բողոքարկման առարկան.
4) բողոք բերողի պահանջը.
5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
26. Բողոքարկման արդյունքում էթիկայի հանձնաժողովի կողմից կայացված որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն կարգի 22-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերի, որոնք կարող են բողոքարկվել դատական կարգով:
27. Էթիկայի հանձնաժողովի վերջնական որոշման ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում էթիկայի հանձնաժողովի քարտուղարը համաձայն Ձև 1-ի վարվող թղթային գրանցամատյանում գրառում է կատարում էթիկայի կանոնի խախտում կատարած բուժաշխատողի վերաբերյալ: Յուրաքանչյուր օրացուցային տարվա համար վարվում է առանձին գրանցամատյան: Գրանցամատյանը կարող է վարվել նաև էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում:
6. ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
28. Էթիկայի հանձնաժողովի որոշումները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և էթիկայի հանձնաժողովին վերաբերող իրավական ակտերի պահանջներից ու պետք է բաղկացած լինեն նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Էթիկայի հանձնաժողովի որոշումներում օրենքով պահպանման ենթակա անձնական տվյալներն ենթակա են ապանձնավորման:
29. Էթիկայի հանձնաժողովի որոշումները հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Հատուկ կարծիք ունեցող անդամի կարծիքը կցվում է որոշմանը:
30. Էթիկայի հանձնաժողովի որոշումների համարակալումը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին: Որոշումների համարները բաղկացած են գծիկով առանձնացված 8 նիշից, որտեղ առաջին երկու նիշը հանձնաժողովի անվանման հապավումն է՝ ԷՀ - էթիկայի հանձնաժողով, հաջորդող երկու նիշերը՝ օրացուցային տարվա վերջին երկու թվերն են (օրինակ՝ 2022 թվականի համար՝ 22), դրանց հաջորդ նիշերը՝ հերթական նիստի համարը (օրինակ` 2022 թվականի առաջին նիստի համար՝ 01), վերջին երկու նիշերը տվյալ նիստի ընթացքում ընդունված որոշման համարը (օրինակ՝ 01):
31. Սույն կարգի համաձայն Էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունվելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում թղթային եղանակով Էթիկայի հանձնաժողովի քարտուղարի կողմից գրանցվում են սույն կարգի Ձև 2-ին համապատասխանող գրանցամատյանում:
32. էթիկայի հանձնաժողովի որոշումներն ընդունելուց տասնօրյա ժամկետում կազմվում են անհատական գործեր, որում ներառվում են գործով դիմումը կամ որոշումը ներկայացված փաստաթղթերը, նյութերը, նիստերի, ներառյալ լսումների ձայնագրությունների, կայացված որոշումը, բերված բողոքը, դրա արդյունքում կայացված որոշումը, որոնք պահպանվում են 5 տարի ժամկետով:
ՁԵՎ 1
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԻ ԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ
Հ/Հ |
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ) ՀԱՄԱՐԸ, ՕՐ ԱՄԻՍԸ, ՏԱՐԻՆ |
ԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԷԹԻԿԱՅԻ ԽԱԽՏՎԱԾ ԿԱՆՈՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԸ |
ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒ-ԹՅՈՒՆԸ |
ԳՐԱՆՑՈՂ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒԹ-ՅՈՒՆԸ |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
ՁԵՎ 2
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
Հ/Հ |
ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱ-ՑՆՈՂԻ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ ԿԱՄ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԴԻՄՈՒՄԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱ-ԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱ-ԿՈՒԹՅՈՒՆԸ |
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՄԻՍԸ, ՕՐԸ, ՏԱՐԻՆ |
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ(ԵՐԻ)Ի , ՆԵՐԱՌՅԱԼ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐԸ,ԱՄԻՍԸ, ՏԱՐԻՆ, |
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱ-ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐԸ |
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱ-ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ԲՈՎԱՆԴԱ-ԿՈՒԹՅՈՒՆԸ |
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱ-ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿ-ՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ, ԲՈՂՈՔԱՐԿ-ՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈւ-ԹՅՈՒՆՆԵՐ |
ԳՐԱՆՑՈՂ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ, ՍՏՈՐԱԳՐՈՒ-ԹՅՈՒՆԸ |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 08.01.24 N 01-Ն)
Հավելված 4 ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբեր «08»-ի թիվ 75-Ն հրամանի |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ես՝ էթիկայի հանձնաժողովի անդամ _______________ (նշվում է անուն ազգանունը) սույնով հայտարարում եմ,
□ որ __________________ (նշվում է այն բուժաշխատողի անուն ազգանունը, ում դեմ ներկայացվել է դիմումը) դեմ ____________________ կողմից (նշվում է դիմում ներկայացնողի անուն, ազգանունը կամ անվանումը կամ էթիկայի հանձնաժողովի անվանումը) ներկայացված դիմումի (ընդունված որոշման) հիմքով հարուցված գործի քննության վարույթի շրջանակներում իմ մասով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված և հայտարարագրման ենթակա շահերի բախում առկա չէ (նշման համար նախատեսված հատվածում լատիներեն «V» տառով կատարվում է նշում)
□ որ __________________ (նշվում է այն բուժաշխատողի անուն ազգանունը, ում դեմ ներկայացվել է դիմումը) դեմ _______________________ կողմից (նշվում է դիմում ներկայացնողի անուն, ազգանունը կամ անվանումը կամ էթիկայի հանձնաժողովի անվանումը) ներկայացված դիմումի (ընդունված որոշման) հիմքով հարուցված գործի քննության վարույթի շրջանակներում իմ մասով առկա է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված և հայտարարագրման ենթակա շահերի բախում (նշման համար նախատեսված հատվածում լատիներեն «V» տառով կատարվում է նշում)
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
(ներկայացվում է շահերի բախման համառոտ նկարագիրը, ներառյալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով առկա տեղեկությունները, եթե այդպիսիք կան, ինչպես նաև շահերի բախմանը առնչվող այլ հանգամանքներ):
Հաստատում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են և ճշգրիտ:
Էթիկայի հանձնաժողովի անդամի անուն, ազգանուն, ստորագրություն, օր ամիս, տարի:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական: