102.0103.01.03.02
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
1 մարտի 2002 թ. |
N 103 |
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն
Հրամայում եմ
Հաստատել Նոտարական գործավարության կարգը:
Նախարար |
Դ. Հարությունյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է նոտարների կողմից նոտարական գործավարության իրականացման օրինակելի կարգն ու պայմանները:
2. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 39-րդ հոդվածի համապատասխան նոտարական գործավարությունը տարվում է հայերեն լեզվով:
3. Նոտարական գործավարությունը ճիշտ կազմակերպելու և վարելու համար պատասխանատվություն է կրում նոտարը` անկախ այն հանգամանքից, թե նա այդ աշխատանքներն իրականացնում է անձամբ, թե նրա ստաժորը կամ նոտարի աշխատակազմի աշխատողը:
4. Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, իսկ նոտարական գործերը և այլ փաստաթղթերը` նոտարական պալատ։ Նոտարական պալատն ապահովում է պաշտոնից ազատված նոտարի կողմից էլեկտրոնային կնիքի օգտագործման սահմանափակումը՝ էլեկտրոնային նոտարի համակարգում այդ նոտարի մուտքը արգելելու միջոցով: Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 7-8-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ազատված նոտարի կամ նույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում լիազորությունները դադարեցրած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերն ու կնիքն ընդունում է արդարադատության նախարարի ստեղծած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են նոտարական պալատի ներկայացուցիչները:
(4-րդ կետը խմբ., փոփ. 17.05.18 N 204-Ն, փոփ. 03.01.24 N 3-Ն)
5. Նոտարական վկայագրերը և վավերացման մակագրությունները կազմելու, նոտարական գործողությունները գրանցելու գրանցամատյանները, ինչպես նաև նոտարական գործողություններ կատարելու հետ կապված մյուս գրքերը վարելու կարգը գործարքների և վավերացվող փաստաթղթերի վրայի վավերացման մակագրությունները կանոնակարգվում են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
6. Փաստաթղթերի հաշվառման և դրանց կատարումը վերահսկելու համար նոտարը պետք է վարի մատյաններ համաձայն հավելվածների:
Նոտարն իրավունք ունի երկու մատյանը վարել մեկ գրքում:
7. Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Նոտարական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է «Նոտարիատի մասին» օրենքի և սույն կարգի համաձայն:
(8-րդ կետը խմբ. 17.05.18 N 204-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
2. ՍՏԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
10. Նոտարի կողմից ստացվող ամբողջ թղթակցությունը նույն օրը գրանցվում է մտից փաստաթղթերի գրանցման մատյանում: Թղթակցություններն ընդունում է նոտարը կամ նրա կողմից լիազորված նրա օգնականը, այլ աշխատակիցը, ինչպես նաև նոտարի ստաժորը: Նոտարն իրավունք ունի գործավարության իրականացման պարտականությունները դնել մեկից ավելի անձանց վրա:
Նոտարի մյուս աշխատակիցներին կամ ստաժորներին արգելվում է անմիջականորեն ծառայական թղթակցությունն ընդունել:
11. Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի վրա նշվում է ստացված փաստաթղթի հերթական համարը, ամիսը, ամսաթիվը և տարին:
(11-րդ կետը խմբ. 17.05.18 N 204-Ն)
12. Ծրարները բացելիս ստուգվում են փաստաթղթերի և ծրարների համարների համապատասխանությունը:
Ծրարում փաստաթղթի կամ նրա հավելվածների բացակայության, ծրարի և փաստաթղթի համարների անհամապատասխանության դեպքում կազմվում է ակտ (արձանագրություն) երկու օրինակից, որոնցից մեկն առաքվում է ուղարկողին, իսկ մյուսը մնում է նոտարի մոտ:
Ծրարի վնասվածության մասին նշվում է փոստային ցուցակում (ռեեստր) և ծրարի վրա:
Ծրարները որպես կանոն, ոչնչացվում են, բացի սույն կարգով նախատեսված դեպքերից: Ստացվող ծրարները կցվում են փաստաթղթերին այն դեպքում, երբ միայն ծրարով կարելի է որոշել առաքողի հասցեն, փաստաթղթի առաքման և ստացման ժամանակը, երբ ծրարում բացակայում են առանձին փաստաթղթեր կամ էլ հայտնաբերվում է ծրարների ու փաստաթղթերի համարների, ինչպես նաև առաքման և ստացման ժամկետների ակնհայտ անհամապատասխանություն:
13. Սխալ կազմված (չստորագրված, չվավերացված), վնասված կամ ոչ ըստ հասցեի ուղարկված փաստաթղթերը վերադարձվում են առաքողին կամ վերաառաքվում ըստ պատկանելույն:
14. Յուրաքանչյուր փաստաթուղթ նոտարի մոտ գրանցվում է միայն մեկ անգամ:
15. Եթե գործավարությունը չի իրականացվում նոտարի կողմից, ստացված բոլոր փաստաթղթերը գրանցումից հետո զեկուցվում են նոտարին:
16. (կետն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
17. (կետն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ
18. Նոտարի բոլոր ծառայական փաստաթղթերը կազմվում են նրա ձևաթղթերի վրա:
Փաստաթուղթ չի ստեղծվում այն հարցերով, որոնց լուծումը հնարավոր է օպերատիվ կարգով, անձնական հանդիպումների կամ հեռախոսային խոսակցության միջոցով:
Բանավոր կարգով կարգավորված հարցերով կատարողն այդ մասին համապատասխան նշում է կատարում փաստաթղթի վրա:
Որոշ փաստաթղթեր (հիմնականում ներքին) թույլատրվում է ձևակերպել առանց ձևաթղթի (աշխատողների դիմումներ, ծառայական առանձին տեղեկանքներ և այլն):
19. Փաստաթղթերի բովանդակությունը պետք է շարադրվի համառոտ, գրագետ, ըմբռնելի և առանց կրկնությունների: Հիմնարկների անվանումների կամ պաշտոնապես ընդունված անվանումների, տերմինների ինքնակամ կրճատումներ չի թույլատրվում:
20. (պարբերությունն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
Նոտարի հրամանների կամ որոշումների համարակալումը կատարվում է մնացած փաստաթղթերից առանձին, յուրաքանչյուր տարվա համար` տվյալ տարվա սկզբից հաշված:
(20-րդ կետը փոփ. 17.05.18 N 204-Ն)
21. Ելից փաստաթղթերն անպայման հասցեագրվում են: Փաստաթղթերը հասցեագրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, պետական կամ համայնքային հիմնարկին կամ կազմակերպությանը (այսուհետև` կազմակերպություն), դրանց կառուցվածքային ստորաբաժանումներին կամ կոնկրետ պաշտոնատար անձին:
Կազմակերպության կամ նրա կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որոնց հասցեագրվում է նամակը, շարադրվում է ուղղական հոլովով: Եթե փաստաթուղթն ուղարկվում է պաշտոնատար անձի, ապա կազմակերպության անվանումը և հասցեատիրոջ պաշտոնը նշվում են ուղղական հոլովով, իսկ ազգանունը` տրական հոլովով:
22. Հասցեատիրոջ փոստային հասցեն ցույց է տրվում լրիվ` փոստային դասիչը, պետությունը, քաղաքը, մարզը, փոստային բաժանմունքի համարը, փողոցը, տան համարը:
Փաստաթուղթն առանձին քաղաքացիների հասցեագրելիս, սկզբից ցույց է տրվում փոստային հասցեն, իսկ այնուհետև` նրանց ազգանունը:
23. Հարցումներին և այլ գրագրություններին պատասխանելիս հասցեագրումից հետո, վերևի ձախ մասում, նշվում է այն փաստաթղթի ամիս, ամսաթիվը, տարին և համարը, որին պատասխանվում է: Օրինակ` «Ձեր 200__ թ. հոկտեմբերի 20-ի թիվ —- գրության»:
24. Բոլոր ծառայական փաստաթղթերը թվագրվում են: Թվագրման կազմի մեջ են մտնում ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Փաստաթղթի վրա թվականը, ամսաթիվը և տարեթիվը դրվում են արաբական թվանշաններով, իսկ ամիսը տառերով գրվելու միջոցով (10 մարտի 2001 թ.), կամ արաբական երեք զույգ թվերով. (10.06.02) և անջատվում են կետերով: Եթե ամսվա հերթական համարները կամ ամսաթվերը բաղկացած են մեկ թվից, ապա դրանցից առաջ 0 է դրվում: Օրինակ` 05.01.02 թ.:
25. Փաստաթղթի վրա թվագրումը դրվում է այն ստորագրող կամ հաստատող անձի կողմից` ստորագրման կամ հաստատման պահին:
Փաստաթղթերի ստորագրման թվագրումը դրվում է փաստաթղթի վերևի ձախ մասում` ձևաթղթի մեջ դրա համար հատուկ հատկացված տեղում:
Եթե փաստաթուղթը ձևաթղթի վրա չի կազմված, նրա թվագրումը դրվում է ստորագրության տակ` ձախից:
(25-րդ կետը փոփ. 17.05.18 N 204-Ն)
26. Ստորագրվում է, որպես կանոն, փաստաթղթի առաջին օրինակը: Փաստաթուղթը միաժամանակ մի քանի հասցեատերերի ուղարկվելու դեպքում ստորագրվում են դրա բոլոր օրինակները:
27. Նոտարի բոլոր ելից փաստաթղթերը կարող են ստորագրվել միայն նոտարի կողմից:
28. Հանձնաժողովների կողմից կազմված փաստաթղթերը ստորագրելիս ցույց են տրվում ոչ թե փաստաթուղթը կազմող անձանց պաշտոնները, այլ հանձնաժողովի կազմում պարտականությունների բաշխումը, օրինակ. հանձնաժողովի նախագահ (ստորագրություն), հանձնաժողովի անդամներ (ստորագրություններ):
29. Նոտարի մոտ թողնվող ելից փաստաթղթերի պատճենների վրա ձևաթղթի տեքստը կարող է չվերարտադրվել, այլ դրվել միայն փաստաթղթերի ստորագրման թվագրումը և նրա գրանցման դասիչը, ստորագրման թվագրումը:
(պարբերությունն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
(29-րդ կետը փոփ. 17.05.18 N 204-Ն)
30. Նոտարի գործունեությամբ ստեղծվող փաստաթղթերին կից հավելվածների առկայությունը ցույց է տրվում հիմնական կամ ուղեկցող փաստաթղթերում նրա տեքստից հետո (ստորագրությունից վերև), առդիր բառից հետո, ցույց տալով նրանց անվանումները, թերթերի և կցվող օրինակների քանակը: Մի քանի հավելվածների առկայության դեպքում դրանց վրա դրվում են հերթական համարներ:
31. Նոտարի կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող կամ նոտարի կողմից տրվող բոլոր փաստաթղթերի կամ հաշվետվությունների, ինչպես նաև դրանց կրկնօրինակների վրա, իսկ էլեկտրոնային կնիքը՝ «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա:
(31-րդ կետը լրաց. 17.05.18 N 204-Ն)
32. (կետն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
33. Այն գրությունների և փաստաթղթերի առաքման մասին, որոնք պատրաստվել են ի կատարումն ստացված գրությունների, կատարվում է նշում ելից փաստաթղթերի գրանցման մատյանում ցույց տալով փաստաթղթի համարը, գրանցման թվագրումը, փաստաթղթի վերնագիրը (համառոտ բովանդակությունը) և գործի համարը, որում պետք է պահվի դրա պատճենը:
34. Միևնույն հասցեատիրոջն ուղարկվող տարբեր փաստաթղթերը կարելի է ուղարկել մեկ ծրարով, ծրարի վրա նշելով նրանում գտնվող բոլոր փաստաթղթերի գրանցման համարները:
35. Փաստաթղթերն առաքվում են ցրիչի միջոցով կամ փոստով: (նախադասությունը հանվել է 17.05.18 N 204-Ն)
(35-րդ կետը փոփ. 17.05.18 N 204-Ն)
36. (կետն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
37. Հսկողության են ենթակա այն փաստաթղթերը (մտից, ելից, ներքին), որոնցում ցույց են տրված կատարման ժամկետները կամ որոնց կատարման համար օրենսդրությամբ սահմանված են ժամկետներ:
38. Պարտադիր կարգով հսկողության են վերցվում`
ա) ՀՀ արդարադատության նախարարության հանձնարարականներ, առաջադրանքներ պարունակող կամ նոտարի կողմից կատարման ենթակա ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կամ ՀՀ վարչապետի որոշումները, ՀՀ արդարադատության նախարարի հրամանները.
բ) քաղաքացիների դիմումները և բողոքները:
5. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
39. (կետն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
6. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
40. Իսկական փաստաթղթերը (փաստաթղթերի բնօրինակները) (ծննդյան, ամուսնության, մահվան վկայական, անձը հաստատող փաստաթղթեր, կազմակերպության կամ հիմնարկի հիմնադիր փաստաթղթեր, դրանց փոփոխություններ, գրանցման (հաշվառման) վկայականներ և այլն) վերադարձվում են փաստաթուղթը ներկայացնող անձանց` նոտարի մոտ թողնելով դրանց պատճենները: Պատճենները ներկայացնում են շահագրգռված անձինք, կամ նրանց խնդրանքով պատրաստվում են նոտարի կողմից` հավաստելով դրանց համապատասխանությունը բնօրինակի հետ՝ կնքելով և նշելով ամսաթիվը:
Եթե բնօրինակ փաստաթուղթը գտնվում է տվյալ նոտարի մոտ գտնվող այլ նոտարական գործում, ապա դրա պատճենի վրա նշվում է այն գործի գրանցամատյանի համարը և տարին, ամիսը, ամսաթիվը, որտեղ գտնվում է այդ բնօրինակը և կնքվում է նոտարի կնիքով:
(40-րդ կետը փոփ., լրաց. 17.05.18 N 204-Ն)
41. Նոտարական գործողությունների համար դիմած քաղաքացիների, նրանց ներկայացուցիչների կամ կազմակերպությունների և հիմնարկների ներկայացուցիչների ինքնությունը հաստատող փաստաթղթերը վերադարձվում են ներկայացնողներին, միաժամանակ գրանցամատյանում գրանցվում են փաստաթղթի անվանումը, նրա համարը, երբ և որ կազմակերպության կամ հիմնարկի կողմից է տրված այդ փաստաթուղթը:
42. Նոտարի մոտ թողնվում են`
1) կազմակերպությունների կամ հիմնարկների հիմնադիր փաստաթղթերի, ինչպես նաև նրանց անվամբ և նրանց անունից գործարքներ կամ լիազորագրեր վավերացնելիս նրանց ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները կամ քաղվածքները.
2) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը`
ա) դրանց ամբողջությամբ օտարման վերաբերյալ գործարքները վավերացնելու դեպքում, բացառությամբ Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված կարգով գույքի իրացման, հարկադիր կատարման փուլում գտնվող գույքի վաճառքի և օրենքով սահմանված այլ դեպքերի, երբ սեփականատեր չհանդիսացող երրորդ անձը իրավասու է վաճառել, բայց հնարավորություն չունի ստանալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթը: Այս դեպքում նոտարին կարող է ներկայացվել և նրա մոտ պահպանվել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայականի պատճենը և միասնական տեղեկանքը,
բ) երբ սեփականատերն ամբողջությամբ չի օտարում իրեն պատկանող գույքը, կամ, երբ սեփականատերերը գույքի սեփականության վերաբերյալ ունեն մեկ ընդհանուր փաստաթուղթ, և նրանցից մեկն է օտարում իրեն պատկանող բաժինը (կամ բաժնի մասը).
3) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` դրանց վերաբերյալ այլ գործարքները վավերացնելու դեպքում.
4) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող այլ պայմանագրերը վավերացնելիս.
5) վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` ենթավարձակալության պայմանագրեր վավերացնելիս.
6) տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականների բնօրինակը՝ դրանց օտարման գործարքները վավերացնելիս կամ ժառանգության իրավունքի վկայագրեր տալիս.
7) տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականների պատճենները՝ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող այլ պայմանագրերի վավերացման դեպքում.
8) նոտարական գործարքի առանձնահատկություններից ելնելով նաև այլ փաստաթղթերի պատճենները:
(42-րդ կետը խմբ. 17.05.18 N 204-Ն, 15.03.19 N 80-Ն)
42.1. Մինչև նոտարի կողմից նոտարական ակտը վավերացնելը նոտարը, անձից ստանալով նոտարական ակտի համար անհրաժեշտ փաստաթղթերը, համապատասխան ծրագրով կազմում է այն, որի արդյունքում յուրաքանչյուր նոտարական ակտին տրվում է ծածկագիր և գաղտնաբառ: Համապատասխան ակտը նոտարի կողմից վավերացվելուց հետո էլեկտրոնային կարգով ստորագրված և տեսաներածված (սքան) տարբերակով կցվում է ծրագրում համապատասխան ծածկագրով ու գաղտնաբառով արդեն ստեղծված նոտարական ակտին:
(42.1-ին կետը լրաց. 17.05.18 N 204-Ն)
43. Այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են նոտարական գործողությունները, ինչպես նաև սույն կարգի համաձայն նոտարի մոտ պահվող փաստաթղթերը (դրանց պատճենները) կցվում են գործարքի, ժառանգության իրավունքի վկայագրի և մյուս հիմքերի` նոտարի մոտ մնացող օրինակին (այսուհետև` նոտարական գործ):
44. Նոտարական գործում փաստաթղթերը կարող են կարվել հետևյալ հաջորդականությամբ` դիմողի դիմումը (եթե նոտարական գործողությունն իրականացվել է գրավոր դիմումի համաձայն).
պայմանագիր կամ այլ գործարքը հաստատող այլ փաստաթուղթ կամ ժառանգության իրավունքի վկայագրի կամ նոտարական գործողության վերաբերյալ այլ փաստաթուղթ, որին կարվում է պետական տուրքի անդորրագիրը.
գործարքի վավերացման համար հիմք հանդիսացած գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ փաստաթղթի պատճենը կամ փաստաթուղթը.
լիազորագիր (լիազորագրի պատճենը).
համաձայնություններ, դիմումներ.
տեղեկանքներ.
այլ փաստաթղթեր:
Նոտարական գործում գտնվող փաստաթղթերը համարակալվում են:
Նոտարական գործի սկզբում կարվում է շապիկ, որի վրա նշվում է`
- գործի համարը, որը պետք է համապատասխանի գրանցամատյանում կատարված գրառման համարին.
- նոտարական գործողության տեսակը.
- վավերացված գործարքի տեսակը, եթե գործը վերաբերվում է գործարքի վավերացմանը.
- նոտարական գործողության կատարման օրը, ամիսը և ամսաթիվը:
45. Նոտարական գործը ամբողջությամբ կազմվում և կարվում է այնպես, որ այն չփչացնի փաստաթղթի տեքստը և այն ընթեռնելի լինի առանց քանդելու: Նոտարական գործը կարվում է թելով, ժապավենով կամ կարիչով: Թելի, ժապավենի կամ կարիչի ծայրերը դուրս են բերվում նոտարական գործի վերջին էջի հետնամասում: Թելը կամ ժապավենը հանգուցվում են: Այդ հանգույցի կամ կարիչի ծայրերի վրա սոսնձվում է սպիտակ ամուր թուղթ այնպես, որ թելի կամ ժապավենի մի մասը դուրս մնա թղթի տակից: Սոսնձման համար կիրառվում է այնպիսի սոսինձ, որը հնարավորություն չտա պոկելու թուղթը կամ քանդելու թելը, ժապավենը կամ կարիչը` առանց վնասելու նոտարական գործը, նրա վերջին էջը, թելը կամ ժապավենը: Սոսնձվող թղթի վրա նշվում են հետևյալ բառերը «Նոտարական գործը համարակալված է և բաղկացած ——թերթից»: Սոսնձվող թուղթը ստորագրում է նոտարը` դնելով պետական զինանշանի պատկերով կլոր կնիք այնպես, որ կնիքի կեսը դրոշմվի սոսնձված թղթի, իսկ մյուս կեսը` նոտարական գործի վերջին էջի վրա:
Նոտարական գործը կարվում է համապատասխան նոտարական գործողությունն ավարտելուց հետո` տասը օրվա ընթացքում:
(45-րդ կետը փոփ. 17.05.18 N 204-Ն)
46. Յուրաքանչյուր վավերացված գործարքի կամ այլ փաստաթղթի կամ կատարված նոտարական այլ գործողության համար կազմվում է մեկ նոտարական գործ: Մեկ նոտարական գործը ներառում է նաև այն գործարքները և նոտարական գործողությունները, որոնք հանդիսանում են մեկը մյուսի բաղկացուցիչ մասը, փոխկապակցված են, մեկը մյուսին լրացնող են կամ բխում են մեկը մյուսից:
(46-րդ կետը փոփ., լրաց. 17.05.18 N 204-Ն)
47. Միևնույն անձի կողմից կնքված տարբեր գործարքները կամ կատարված այլ նոտարական գործողությունները չեն կարող միացվել մեկ նոտարական գործում, բացառությամբ սույն բաժնով նախատեսված դեպքերի:
48. Նոտարական գործից փաստաթղթեր հանելն արգելվում է, բացառությամբ`
- օրենսդրությամբ սահմանված կարգով գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչվելու կամ գործարքը վաղակետ լուծվելու դեպքի, եթե այդ կապակցությամբ կողմերին վերադարձվելու են նրանց կողմից ներկայացված փաստաթղթերի իսկական օրինակները: Այս դեպքում նոտարական գործում կարվում է վերադարձվող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև գործարքը կամ նոտարական գործողությունն անվավեր ճանաչելու կամ գործարքը լուծվելու մասին փաստաթուղթը կամ դրա պատճենը.
- նոտարական գործում գտնվող փաստաթուղթը սահմանված կարգով փորձաքննության ուղարկելու դեպքում, եթե դրա փորձաքննությունն անհնար է կատարել առանց փաստաթուղթն առանձնացնելու: Փաստաթղթի փորձաքննության ավարտից հետո այն պետք է կարվի նոտարական գործում:
Նոտարական գործից փաստաթուղթ հանելու կամ այն պատճենով փոխելու վերաբերյալ նոտարի կողմից կատարվում է գրառում նոտարական գործի կազմի վերջին էջի վրա կամ առանձին թղթի վրա, որը նույնպես կարվում է նոտարական գործի վերջում:
49. Նոտարի կողմից վավերացված կամ տրված փաստաթղթի կորստյան դեպքում տրվում է կորած փաստաթղթի կրկնակը (կրկնօրինակը) այն քաղաքացու, կազմակերպության կամ հիմնարկի գրավոր դիմումի հիման վրա, որոնց հանձնարարությամբ կամ որոնց նկատմամբ կատարվել են նոտարական գործողությունները:
Նոտարը տալիս է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1207 հոդվածում թվարկված պաշտոնատար անձանցից ի պահ ստացված կտակների կրկնօրինակները:
Փաստաթղթի կրկնօրինակը պետք է բովանդակի վավերացված կամ տրված փաստաթղթի ամբողջ տեքստը:
Փաստաթղթի կրկնօրինակի վրա արվում է սահմանված ձևի վավերացման մակագրություն:
Կտակի կրկնօրինակը կարող է կտակում նշված ժառանգներին տրվել նրանց կողմից կտակարարի մահվան վկայականը ներկայացնելուց հետո: Կտակում նշված ժառանգների մահվան դեպքում կտակի կրկնօրինակը կարող է նրանց ժառանգներին տրվել կտակարարի և մահացած ժառանգի մահվան վկայականները նրանց կողմից ներկայացվելուց հետո:
(պարբերությունն ուժը կորցրել է 17.05.18 N 204-Ն)
(49-րդ կետը փոփ. 17.05.18 N 204-Ն)
7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
50. Նոտարական փաստաթղթերը (վկայագրեր, պայմանագրեր, լիազորագրեր և այլն), այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարվել են դրանք, ինչպես նաև գրանցամատյանները և հաշվառման գրքերը, նախքան պետական արխիվ հանձնելը, պահվում են նոտարի մոտ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում:
51. Գրանցամատյանները և վարույթով ավարտված ժառանգական գործերը, ընթացիկ գործավարության կարգագրերը, նախքան արխիվ կամ ոչնչացման հանձնելը, պետք է պահպանվեն նոտարի մոտ:
52. Տարին վերջանալուց հետո նոտարի կողմից կատարվում է գործերի նախապատրաստում արխիվային պահպանության հանձնելու` որի համար ճշտվում է փաստաթղթերի համակարգումը գործերում (անհրաժեշտության դեպքում գործերը վերաձևավորվում են), կատարվում է գործերի ձևավորում, մշտապես և երկար ժամկետով պահվող գործերը ներառվում են ամուր շապիկների մեջ, փաստաթղթերը վերադասավորվում են ժամանակագրական կարգով և կարվում ամուր թելով:
53. Մշտական պահպանության գործերի համար կազմվում է ցուցակ: Ցուցակը կազմված է տարեկան հատվածներից և իրենից ներկայացնում է նոտարական գործերի համարները:
54. Փաստաթղթերը պահպանության նախապատրաստելու հետ միաժամանակ կատարվում է ոչնչացման ենթակա փաստաթղթերի ընտրություն:
Ոչնչացման համար առանձնացված փաստաթղթերի ընտրումը ձևակերպվում է ակտով, որը կազմվում է նոտարի կողմից և ստորագրվում՝ նոտարի և նոտարական պալատի երկու ներկայացուցիչների կողմից: Փաստաթղթերի ոչնչացումը կատարվում է շրեդեր սարքի միջոցով:
(54-րդ կետը խմբ. 17.05.18 N 204-Ն)
55. Պետական արխիվում հետագա պահպանության փաստաթղթեր նախապատրաստելու ընթացքում կատարվում է փաստաթղթերի գիտական գործնական արժեքավորման փորձաքննություն և լուծվում է նրանց ընտրության հարցը հետագա պահպանության կամ ոչնչացման համար:
56. Գործերը պետական արխիվ են հանձնվում օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հավելված թիվ 1
ՄՏԻՑ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ
|
Ստացվող փաստաթղթի թվականը |
Որտեղից է ստացվել փաստաթուղթը |
Համառոտ բովանդա- |
Նշում կատար- |
Այն գործի համարը, |
Ծանո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
Հավելված թիվ 2
ԵԼԻՑ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ
|
Ելից փաստաթղթի թվականը և համարը |
Ում է հասցեագրված փաստաթուղթը |
Համառոտ բովանդակությունը |
Նշում |
Ծանո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Հավելված թիվ 3
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Գործի հերթական համարը |
Դիմումն ստանալու թվականը |
Մահացածի ազգանունը, անունը, հայրանունը |
Մահվան ժամանակը |
Խնդրատուի ազգանունը, անունը, հայրանունը |
Ժառանգության իրավունքի վկայագիրը տալու թվականը |
Գործը արխիվ հանձնելու տարին, գործի համարը |
Ծանո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
Հավելված թիվ 4
Ա Կ Տ
թվականը ............ ինդեքսը ............ __________________________________________________________ (կազմելու տեղը)
Ոչնչացման ենթակա փաստաթղթերի և գործերի առանձնացման մասին հիմքը` .... ____ թվականը թիվ ____ որոշումը կազմվել է հանձնաժողովի կողմից
Հանձնաժողովի նախագահ` _________________________________________ (պաշտոնը, ազգանունը, անվան, հայրանվան սկզբնատառերը) Հանձնաժողովի անդամներ` _________________________________________ (պաշտոնները, ազգանունները, անվան, հայրանվան սկզբնատառերը) Հանձնաժողովը ղեկավարվելով ________ ցանկով (ցանկի անվանումը) Որպես գիտապատմական արժեք չունեցող և իրենց գործնական նշանակությունը կորցրած, ոչնչացման վերցրեց հետևյալ փաստաթղթերն ու գործերը. (Այն նոտարի անունը և ազգանունը, որի գործունեության ընթացքում ստեղծվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք ենթակա չեն հետագա պահման) |
|
Փաստաթղթերի և գործերի |
Փաստաթղթերի |
Պարզաբա- |
Փաստաթղթերի և գործերի |
Հոդվածների համարները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Ընդամենը գործեր _______________________________ (թվանշաններով և բառերով) Հանձնաժողովի նախագահ _____________________________________ (ազգանունը և անվան, հայրանվան սկզբնատառերը)
Ստորագրություն Անդամներ` ստորագրություններ ___________________________ (ազգանունները և անվան, հայրանվան սկզբնատառերը)
Փաստաթղթերը ոչնչացվել են
Հանձնաժողովի նախագահ ստորագրություն _______________________
թվական |
Հավելված թիվ 5
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՄԱՏՅԱՆ
Մահացածի ազգանունը, |
Մահվան |
Ժառանգական |
1 |
2 |
3 |
|
|
|
Հավելված թիվ 6
ԿՏԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ՄԱՏՅԱՆ
Կտակարարի ազգանունը, անունը, հայրանունը |
Կտակը վավերացնելու թվականը |
Համարն ըստ գրանցամատյանի |
Նշում կտակը չեղյալ համարելու մասին |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
Հավելված թիվ 7
ՆՈՏԱՐԻ ՄՈՏ ՊԱՀՎՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
|
Արժեքները ստանալու ամիսը, ամսաթիվը և տարին |
Մահացածի (ում արժեքները վերցվել են) ազգանունը, անունը, հայրանունը |
Արժեքների մանրամասն նկարա- |
Քանակը |
Գնահա- |
Արժեքները հանձնելու ամիսը, ամսաթիվը, տարին և անդորրագրի համարը |
Նշում արժեքները ժառանգներին տալու մասին, կամ իրացման համար դրանք համայնքի ղեկավարին հանձնելու մասին |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
(կարգը խմբ., փոփ., լրաց. 17.05.18 N 204-Ն, խմբ. 15.03.19 N 80-Ն, փոփ. 03.01.24 N 3-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.01.2024, N 3-Ն | 04.01.2024, N 103 | |
15.03.2019, N 80-Ն | 02.04.2019, N 103 | |
17.05.2018, N 204-Ն | 11.06.2018, N 103 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|