040.0684.03.11.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 1998 թվականի N 684
քաղ. Երևան
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՁԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 2-ի «Հաշմանդամների հիմնահարցերի վերաբերյալ 1997 թվականի տարեկան զեկուցագրի մասին» N 220 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 14.11.02 N 1822-Ն)
բ) անձին հաշմանդամ ճանաչելու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ մինչև 1998 թվականի նոյեմբերի 1-ը հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգումները և հաշմանդամության խմբերի որոշման չափանիշները:
3. Սահմանել, որ մինչև 16 տարեկան երեխաների հաշմանդամությունը 1999 թվականի հուլիսի 1-ից որոշելու են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1985 թվականի հունիսի 21-ի «Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու մասին» N 372 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների
(Կանոնադրությունն ուժը կորցրել է 14.11.02 N 1822-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
անձին հաշմանդամ ճանաչելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) անձին հաշմանդամ ճանաչելիս ելնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատված` բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգումներից և հաշմանդամության խմբերի որոշման չափանիշներից:
2. Ելնելով օրգանիզմի ֆունկցիաների խանգարման և կենսագործունեության սահմանափակման աստիճանից` հաշմանդամ ճանաչված անձին սահմանվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ կամ 3-րդ), իսկ մինչև 16 տարեկան երեխաներին` մանկուց հաշմանդամ երեխայի կարգավիճակ:
3. Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնում է նրա բնակության վայրի հանձնաժողովը: Այն դեպքում, երբ առողջապահական հիմնարկի եզրակացությամբ տվյալ անձն առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ փորձաքննության, ապա բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է տանը կամ հիվանդանոցում, իսկ բացառիկ դեպքերում` քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` հեռակա կարգով հիմք ընդունելով հիվանդությունը հաստատող փաստաթղթերը:
4. Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով ապահովել համապատասխան մասնագետի մասնակցությունը:
II. Փորձաքննության անցկացումը
5. Անձի բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է առողջապահական հիմնարկի ուղեգրով, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Որոշակի բնակության վայր չունեցող, ոչ մի տեղ չհաշվառված անձինք առողջական վիճակի խաթարումը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն կարող են անցնել միայն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության թույլտվությամբ:
6. Հիվանդության, վնասվածքի, արատի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների դեպքում առողջապահական հիմնարկը սահմանված կարգով անձին բժշկասոցիալական փորձաքննության է ուղարկում անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ առանձին դեպքերում ելնելով տևական բուժման անհրաժեշտությունից` բուժման ընթացքում:
Առողջապահական հիմնարկի ուղեգրում նշվում են քննվող անձի օրգան-համակարգերի ֆունկցիոնալ խանգարման աստիճանն արտացոլող տվյալները և կիրառված վերականգնողական միջոցառումների արդյունքները:
7. Առողջապահական հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում անձին բժշկասոցիալական փորձաքննության անցկացման նպատակով տրված ուղեգրում նշված տվյալների հավաստիության և լիարժեքության համար:
8. Առողջապահական հիմնարկների կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղարկելը մերժվելու դեպքում անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի ինքնուրույն դիմելու հանձնաժողով` ներկայացնելով հիվանդության, վնասվածքի, արատի հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումը և դրա հետևանքով կենսագործունեության սահմանափակումը հավաստող բժշկական փաստաթղթերը:
9. Անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք են հանդիսանում`
ա) հիվանդության, վնասվածքների և արատների հետևանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումները.
բ) կենսագործունեության սահմանափակումը (ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, սեփական վարքը հսկելու, հաղորդակցվելու, ուսումնառելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության լրիվ կամ մասնակի կորուստ).
գ) անձի սոցիալական պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները:
Անձին հաշմանդամ ճանաչելու հիմքերից երկուսի առկայությունը բավարար է նրան հաշմանդամ ճանաչելու համար:
10. Բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է տվյալ անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն` ուղղված հանձնաժողովի նախագահին: Դիմումին կցվում են առողջապահական հիմնարկի ուղեգիրը և առողջական վիճակի խաթարումը հավաստող բժշկական այլ փաստաթղթեր:
11. Բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնող հանձնաժողովի մասնագետներն ուսումնասիրում են ներկայացված տվյալները (կլինիկաֆունկցիոնալ, սոցիալ-կենցաղային, աշխատանքային, մասնագիտական և այլն), զննում անձին, պարզում նրա կենսագործունեության սահմանափակման աստիճանը և կոլեգիալ հիմունքներով որոշում հաշմանդամության խումբը:
12. Բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին հաշմանդամության խմբի մասին ընդունված որոշումը հայտարարում է հանձնաժողովի նախագահը` որոշում ընդունող բոլոր մասնագետների ներկայությամբ, և անհրաժեշտ պարզաբանումներ տալուց հետո նրան է հանձնում հաշմանդամության խմբի վերաբերյալ որոշման պատճենը:
13. Այն դեպքում, երբ հանձնաժողովը դժվարանում է փորձաքննական որոշում ընդունել, անձի քննման արձանագրությունը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է հանրապետական հանձնաժողով, որը խորհրդատվական կարգով եզրակացություն է տալիս տարածքային հանձնաժողովին` վերջնական որոշում ընդունելու համար:
14. Փորձաքննական-վերականգնողական խորացված, հետազոտման հատուկ եղանակների, ինչպես նաև լրացուցիչ տվյալների անհրաժեշտության դեպքում կազմվում է բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձի լրացուցիչ հետազոտման ծրագիր, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը` դրա մասին տեղյակ պահելով դիմողին:
15. Լրացուցիչ հետազոտման ծրագրով նախատեսված տվյալներն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում հանձնաժողովն ընդունում է անձին հաշմանդամ ճանաչելու կամ մերժելու մասին որոշում:
16. Հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում հաշմանդամ ճանաչելու մասին անձի դիմումը և բժշկասոցիալական փորձաքննության համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնելու օրը:
17. Հաշմանդամության 1-ին խումբը սահմանվում է երկու, իսկ 2-րդ և 3-րդ խմբերը` մեկ տարի ժամկետով: Մանկուց հաշմանդամ երեխայի կարգավիճակ տրվում է 2 տարի ժամկետով կամ երեխայի մինչև 16 տարին լրանալը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած բժշկական ցուցումների:
18. Հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային տարիքի հասած անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած դասակարգումների ու հաշմանդամության խմբերի որոշման չափանիշներին համապատասխան:
19. Հաշմանդամության պատճառներն են`
ա) ընդհանուր հիվանդությունը.
բ) մանկուց հաշմանդամությունը.
գ) աշխատանքային խեղումը.
դ) մասնագիտական հիվանդությունը.
ե) երկրաշարժը և այլ աղետներ.
զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.
է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.
ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.
թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը կամ վնասվածքը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր:
Այն դեպքում, երբ փաստաթղթերում բացակայում են մասնագիտական հիվանդության, աշխատանքային խեղման, զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդության կամ վնասվածքի, կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հանգամանքների վերաբերյալ տվյալները, հանձնաժողովը հաշմանդամության առաջացման պատճառ է սահմանում ընդհանուր հիվանդությունը:
20. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների կողմից անձի հաշմանդամ ճանաչման դեպքում հանձնաժողովը 10-օրյա ժամկետում մշակում է վերականգնողական անհատական ծրագիր, որը հաստատվում է հանձնաժողովի նախագահի կողմից և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկվում համապատասխան մարմին:
21. Անձի բժշկասոցիալական փորձաքննության տվյալները և հանձնաժողովի որոշումը գրանցվում են անձի քննության արձանագրության և նիստերի գրանցման մատյանում, որոնք նույն օրը ստորագրում են հանձնաժողովի անդամները և վավերացնում հանձնաժողովի կնիքով: Բժշկասոցիալական փորձաքննությանը մասնակցած խորհրդատուի եզրակացությունը, որոշման ընդունման համար հիմք հանդիսացող հիմնական տվյալներն ու փաստաթղթերը գրանցվում են քննման արձանագրության մեջ և կցվում դրան:
22. Հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության մասին որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող մարմին:
23. Համաձայն սահմանված կարգի` հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանք և վերականգնողական անհատական ծրագիր: Տեղեկանքի և ծրագրի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:
Հաշմանդամ չճանաչված անձին, նրա պահանջով, տրվում է տեղեկանք քննության արդյունքների վերաբերյալ:
24. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում, անձին հաշմանդամ ճանաչելուց հետո, անաշխատունակության թերթիկում հաշմանդամության խմբի և այն սահմանելու օրվա կամ բուժումը շարունակելու թույլտվության մասին կատարվում է համապատասխան նշում:
III. Հաշմանդամի վերափորձաքննությունը
25. Հաշմանդամի վերափորձաքննությունն իրականացվում է սույն կարգի 17-րդ կետին համապատասխան:
26. Անժամկետ հաշմանդամ ճանաչված անձանց վերափորձաքննությունը կատարվում է բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքում կամ անձի դիմումի համաձայն:
27. Հաշմանդամության վաղաժամկետ վերափորձաքննություն անցկացվում է նաև առողջապահական հիմնարկի ուղեգրով, եթե վատթարացել է անձի առողջական վիճակը:
IV. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը
28. Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը հանձնաժողովի որոշմանը չհամաձայնելու դեպքում մեկամսյա ժամկետում կարող է այն գրավոր բողոքարկել` հանրապետական հանձնաժողով ուղարկելու խնդրանքով դիմելով քննությունն իրականացնող հանձնաժողովին: Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովը առկա փաստաթղթերը դիմումն ստանալու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում դիմումի հետ միասին ուղարկում է հանրապետական հանձնաժողով:
29. Հանրապետական հանձնաժողովը քաղաքացու դիմումն ստանալուց հետո, ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացնում է անձի բժշկասոցիալական փորձաքննություն և ստացած արդյունքների հիման վրա հաշմանդամության խմբի մասին ընդունում համապատասխան որոշում:
30. Անձը հանրապետական հանձնաժողովի որոշման հետ չհամաձայնելու դեպքում դիմում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը կարող է կազմակերպել նրա վերափորձաքննությունը:
31. Անձը մյուս հանրապետական բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշմանը չհամաձայնելու դեպքում կարող է այն բողոքարկել դատական կարգով: