Ե Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ԶԱՐԻԿՅԱՆՑՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 43242/05)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
13 նոյեմբերի 2014թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմաններում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով՝
Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall]՝ Նախագահ,Ալվինա Գյուլումյան,
Յան Շիկուտա [Ján Šikuta],
Լուիս Լոպես Գերրա [Luis López Guerra],
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Յոհաննես Սիլվիս [Johannes Silvis],
Վալերիու Գրիցկո [Valeriu Griţco]՝ դատավորներ, և
Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2014 թվականի հոկտեմբերի 21-ի դռնփակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն ամսաթվին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2005 թվականի դեկտեմբերի 1-ին՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պրն Սեդրակ Բաղդասարյանի և տկն Տատյանա Զարիկյանցի («դիմումատուներ») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված գանգատի (թիվ 43242/05) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել է Երևանում գործող փաստաբան պրն Ա. Գրիգորյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3. 2007 թվականի նոյեմբերի 21–ին գանգատն ուղարկվել է Կառավարություն։
4. 2011 թվականի նոյեմբերի 15-ին Դատարանը որոշեց Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա, Կոնվենցիայի 37–րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետի համաձայն, գանգատի մի մասը հանել քննության ենթակա գործերի իր ցանկից, իսկ գանգատի մյուս մասը համարել անընդունելի:
5. 2012 թվականի հուլիսի 10–ին Դատարանն ընդունեց որոշում՝ գանգատի մի մասը քննության ենթակա գործերի իր ցանկում վերականգնելու վերաբերյալ՝ Կոնվենցիայի 37–րդ հոդվածի 2–րդ կետի համաձայն։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1953 և 1961 թվականներին և բնակվում են Երևանում։
7. Դիմումատուներին և երրորդ անձին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում էր քաղ. Երևան, Բյուզանդի փող. 25 հասցեում գտնվող, 55.7 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանը։
8. 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունեց թիվ 1151-Ն որոշումը, որով հաստատեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական սահմանում պետության կարիքների համար քաղաքաշինական նպատակներով վերցվող անշարժ գույքի օտարման գոտիները` 345,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Բյուզանդ փողոցը ներառված էր օտարման գոտիներում ընդգրկված փողոցների ցանկում: Կառուցապատման ծրագրերի իրականացման գործընթացը կառավարելու նպատակով ստեղծվել էր հատուկ մարմին՝ Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ)։
9. 2004 թվականի սեպտեմբերի 7–ին Գրասենյակի պահանջով դիմումատուների բնակարանը գնահատվել է գնահատող կազմակերպության կողմից։ Բնակարանի շուկայական արժեքը սահամանվել է 20,080 ամերիկյան դոլար (ԱՄՆ դոլար)։
10. 2005 թվականի հունվարին Գրասենյակը դիմումատուներին տեղեկացրել է, որ նրանց բնակարանը ենթակա է օտարման և, որ այն գնահատվել է 20,080 ԱՄՆ դոլար։ Որպես ֆինանսական խրախուսանք՝ նրանց առաջարկվել է հավելյալ գումար՝ 14,734.70 ԱՄՆ դոլարի չափով, եթե նրանք պայմանագիրը կնքեին հինգ օրվա ընթացքում;
11. Դիմումատուները չեն ընդունել առաջարկը, քանի որ նրանց չի գոհացրել առաջարկվող փոխհատուցման գումարի չափը։
12. 2005 թվականի հունվարի 20–ին Գրասենյակը դիմումատու Սեդրակ Բաղդասարյանի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել նրան կնքելու պայմանագիր՝ խնդրո առարկա բնակարանը պետության կարիքների համար հանձնելու վերաբերյալ, և վտարել նրան ու այդ բնակարանում ապրող այլ անձանց։
13. 2005 թվականի մարտի 10–ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գրասենյակի հայցը՝ կարգադրելով դիմումատուներին պայմանագիր կնքել 20,080 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով։
14. 2005 թվականի մարտի 24-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացրել։
15. 2005 թվականի մայիսի 17–ին վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա բավարարել է Գրասենյակի հայցը։
16. 2005 թվականի մայիսի 31-ին դիմումատուները վճռաբեկ բողոք են ներկայացրել օրենքի միատեսակ կիրառելիության վերաբերյալ՝ մասնավորապես վիճարկելով, inter alia, որ իրենց գույքից զրկելը սահմանված չէ օրենքով, ինչպես դա պահանջվում է Սահմանադրության 28-րդ հոդվածով, և որ նրանց՝ իրենց գույքից զրկելու հարցում որևէ հանրային շահ առկա չի եղել :
17. 2005 թվականի հուլիսի 7-ին վճռաբեկ դատարանը որոշում ընդունեց դիմումատուների բողոքը մերժելու վերաբերյալ։
18. Չհստակեցված ամսաթվին դիմումատուներին վճարվել է սահմանված գումարը։
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
19. Համապատասխան ներպետական դրույթների համառոտ նկարագրությանը ծանոթանալու համար տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] գործով վճիռը (թիվ 27651/05, §§ 23-25, 2009 թվականի հունիսի 23)։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1–ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
20. Դիմումատուները բողոք են ներկայացրել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և Կոնվենցիայի 8–րդ հոդվածի շրջանակներում` առ այն, որ իրենց բնակարանից զրկելը օրենքով սահմանված չի եղել։ Դատարանը գտնում է, որ նրանց գանգատը պետք է քննվի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո, որը, այնքանով, որքանով վերաբերում է սույն գործին, սահմանում է հետևյալը՝
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից՝ բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»։
Ա. Ընդունելիություն
21. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35–րդ հոդվածի 3‑րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննություն
22. Դիմումատուները պնդել են, որ իրենց գույքից զրկելը չի կատարվել օրենքով նախատեսված պայմանների համաձայն, քանի որ այդ ամենը կատարվել է Սահմանադրության 28–րդ հոդվածով ամրագրված երաշխիքների խախտմամբ։
23. Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուների բնակարանի օտարումը չէր իրականացվել օրենքով սահմանված պայմանների համաձայն, և դա թիվ 1 Արձանագրության 1–ին հոդվածի խախտում է։
24. Դատարանը վերահաստատում է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելուն պետական մարմինների կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ գույքից զրկելը թույլատրվում է միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», իսկ երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ պետություններն իրավասու են իրականացնելու վերահսկողություն գույքի օգտագործման նկատմամբ` կիրարկելով «օրենքներ»: Ավելին, իրավունքի գերակայությունը, լինելով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (տե՛ս Հունաստանի նախկին թագավորը և մյուսներն ընդդեմ Հունաստանի [Former King of Greece and Others v. Greece] [GC], թիվ 25701/94, § 79, ՄԻԵԿ 2000-XII): Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» արտահայտությամբ առաջին հերթին պահանջվում է համարժեքորեն հասանելի և բավականաչափ հստակ ներպետական իրավական դրույթների առկայություն և կիրառության ապահովում (տե՛ս Լիթգոուն և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. the United Kingdom], 1986 թվականի հուլիսի 8, § 110, շարք «Ա», թիվ 102):
25. Դատարանը նշում է, որ Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում այն արդեն քննել է նմանատիպ բողոքներ ու փաստարկներ և եկել է եզրահանգման, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնքն նախատեսված են օրենքով» (տե՛ս, օրինակ՝ վերևում նշված Մինասյանը և Սեմերջյանը [Minasyan and Semerjyan], §§ 69-77, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի [Tunyan and Others v. Armenia], թիվ 22812/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9, և Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի [Danielyan and Others v. Armenia], թիվ 25825/05, §§ 35-39, 2012 թվականի հոկտեմբերի 9)։ Դատարանը սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում։
26. Համապատասխանաբար, խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ
27. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է ՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, արդարացի փոխհատուցում տրամադրել տուժած կողմին»։
Ա. Վնաս
28. Դիմումատուները պնդել են, որ որպես փոխհատուցում, իրենք պետք է ստանան բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար, ինչն իրենց խոստացվել էր Կառավարության չիրագործված միակողմանի հայտարարությամբ։ Խնդրո առարկա բնակարանի մակերեսը կազմել է 117.5 քառակուսի մետր, և մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը կազմել է 3,000 ԱՄՆ դոլար։ Դիմումատուները հետագայում ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջել են 70,000 եվրո։
29. Կառավարությունն առարկություն է ներկայացրել նյութական վնասի փոխհատուցումը հաշվարկելու համար առաջարկված մեթոդի դեմ և նշել, որ նման փոխհատուցումը պետք է հիմնված լինի բացահայտված խախտման, այլ ոչ թե Կառավարության` միակողմանի հայտարարության մեջ արված առաջարկի վրա։ Կառավարությունն այնուհետև, պնդել է, որ ոչ նյութական վնասի համար պահանջվող գումարը չափազանց մեծ է եղել:
30. Դատարանը համաձայնել է Կառավարության հետ այն հարցում, որ նյութական վնասը պետք է հաշվարկվի բացահայտված խախտման հիման վրա: Այն նշում է, որ համանման իրավիճակում նախկինում տրամադրել է նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] (արդարացի փոխհատուցում), թիվ 27651/05, §§ 17-21, 2011 թվականի հունիսի 7), որը Դատարանը գտնում է ամբողջությամբ կիրառելի սույն գործում։ Կիրառելով միևնույն մոտեցումը և տալով գնահատական իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերի հիման վրա՝ Դատարանը կրած նյութական վնասը գնահատում է 32,000 եվրո և որոշում է տրամադրել այս գումարը բոլոր դիմումատուներին համատեղ՝ մերժելով նրանց պահանջի մնացած մասը։ Այնուհետև այն որոշում է յուրաքանչյուր դիմումատուին տրամադրել ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 6,000 եվրոյի չափով։
Բ. Ծախսեր և ծախքեր
31. Դիմումատուները չեն ներկայացրել ծախսերի և ծախքերի փոխհատուցման որևէ պահանջ, իրավաբանական ծառայությունները նրանց տրամադրվել են անվճար հիմունքներով:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
32. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դիմումատուներին բնակարանից զրկելու վերաբերյալ պահանջն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան, վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում, պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվին գործող փոխարժեքով.
(i) նյութական վնասի դիմաց՝ 32,000 եվրո (երեսուներկու հազար եվրո) բոլոր դիմումատուներին համատեղ՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
(ii) ոչ նյութական վնասի դիմաց՝ 6,000 եվրո (վեց հազար եվրո)՝ յուրաքանչյուր դիմումատուի՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ պարտավորությունների չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի չափով ՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի նոյեմբերի 13–ին՝ Դատարանի կանոնակարգի 77–րդ կանոնի 2–րդ և 3–րդ կետերի համաձայն։
Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli] Քարտուղարի տեղակալ |
Ջոզեփ Կասադեվալ [Josep Casadevall] Նախագահ |