ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
10 հոկտեմբերի 2022 թ. |
N 1061-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ԳԼԽՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ) ՉՈՒՆԵՑՈՂ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 380.1-ԻՆ ԵՎ 381-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 303.1-ին հոդվածի 1-ին և 457-րդ հոդվածի 5-րդ մասերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ |
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թ. հոկտեմբերի 10-ի N 1061-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ԳԼԽՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ) ՉՈՒՆԵՑՈՂ՝ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ
1․ Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 303․1-ին հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողներին հաշվառումից հանման հետ կապված հարաբերությունները։
2․ Սույն կարգը տարածվում է այն հարկ վճարողների վրա՝
1) որոնց կազմակերպական-իրավական ձևը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին և, որոնք, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան չեն վերակազմակերպվել և հարկային մարմնի տվյալների բազայում ունեն «լուծարված», «լուծարման գործընթացում», «հաշվառումից հանված», «սխալմամբ տրամադրված», «սնանկության վտանգի վարույթում գտնվող» կամ «սնանկ» կարգավիճակներից տարբերվող կարգավիճակ,
2) որոնք հաշվառված են հարկային մարմնում, սակայն չունեն պետական գրանցում (հաշվառում), բացառությամբ оրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների։
3․ Հաշվառումից հանման ենթակա hարկ վճարողների շրջանակը ճշտելու նպատակով հարկային մարմինը պետական գրանցում (հաշվառում) ստացած հարկ վճարողների վերաբերյալ տեղեկությունները (որոնք հնարավորություն կտան նույնականացնել հարկ վճարողներին) ստանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացած հարկ վճարողների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից։ Սույն կետին համապատասխան տեղեկությունները ստանալու նպատակով հարկային մարմինը հարցումները կատարում է սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը, դրանք համադրելով հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկությունների հետ, անհամապատասխանությունների բացակայության դեպքում այդ տեղեկությունների ստացման օրվան հաջորդող երկամսյա ժամկետում կազմում է հարկային մարմնում հաշվառումից հանման ենթակա հարկ վճարողների ցանկը։ Անհամապատասխանություններ ի հայտ գալու դեպքում հարկային մարմինը կրկին հարցումներ է կատարում սույն կարգի 2-րդ կետում նշված գրանցում իրականացնող պետական մարմիններին` լրացուցիչ ճշտումներ իրականացնելու նպատակով:
Ճշտված տեղեկությունների ստացման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում կազմում է հարկային մարմնում հաշվառումից հանման ենթակա հարկ վճարողների լրացուցիչ ցանկը:
(4-րդ կետը խմբ. 14.07.23 N 726-Ն)
5. Հարկային մարմինը Ցանկերը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակում է՝ տեղադրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում։
(5-րդ կետը փոփ. 14.07.23 N 726-Ն)
6․ Ցանկերը հրապարակելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը Ցանկերում ներառված հարկ վճարողներին հարկային մարմինը հանում է հաշվառումից` հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ հարկ վճարողների շնորհելով «հաշվառումից հանված է հարկային մարմնի կողմից» կարգավիճակ:
(6-րդ կետը փոփ. 14.07.23 N 726-Ն)
7. Անկախ սույն կարգի դրույթներից՝ Ցանկերում ներառված և պետական գրանցում (հաշվառում) ստացած հարկ վճարողների պետական գրանցումից (հաշվառումից) հանելու գործընթացը կատարվում է օրենսգրքի 61-րդ գլխով սահմանված ընդհանուր կարգով։
(7-րդ կետը փոփ. 14.07.23 N 726-Ն)
(հավելվածը խմբ., փոփ. 14.07.23 N 726-Ն)
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թ. հոկտեմբերի 10-ի N 1061-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 380.1-ԻՆ ԵՎ 381-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ
1․ Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները։
2․ Սույն կարգը տարածվում է հարկային մարմնում հաշվառված (գրանցված) և հարկային մարմնի տվյալների բազայում «գործողությունից հանված» կարգավիճակից տարբերվող կարգավիճակ ունեցող և Օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաների վրա։
3․ Սույն կարգը չի տարածվում Օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներին փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների վրա։
4․ Հարկային մարմինը սույն հրամանի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի տեղեկատվական բազայից առանձնացնում և կազմում է հաշվառումից հանման ենթակա հսկիչ դրամարկղային մեքենաների և դրանք գրանցած հարկ վճարողների ցանկը (այսուհետ՝ Ցանկ)։ Հարկային մարմինը Ցանկը կազմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակում է՝ տեղադրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում։
5․ Ցանկը հրապարակելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը Ցանկում ներառված հարկ վճարողների՝ հաշվառումից հանման ենթակա հսկիչ դրամարկղային մեքենաները հանվում են հաշվառումից` հարկային մարմնի տեղեկատվական բազայում այդ հսկիչ դրամարկղային մեքենաներին շնորհելով «գործողությունից հանված» կարգավիճակ:
6․ Սույն կարգին համապատասխան հաշվառումից հանված հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանելու պահից՝ Օրենսգրքի կիրառման իմաստով չեն համարվելու հարկային մարմնում գրանցված հսկիչ դրամարկղային մեքենաներ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2022 թվական: